Օգոստոսի 31-ին Գյումրու կրթական ճամբարներից մեկից 9-ամյա մի աղջնակ իր կամքին հակառակ տեղափոխվել է Երևան՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:
«Հայկական ժամանակ»-ին ահազանգած երեխայի բարեկամուհին նաև տեսանյութ է տրամադրել, որում երևում են երեխայի ընդդիմանալն ու հուզական վիճակը: Աղջիկը ճչում է, լաց լինում, խնդրում իրեն հանգիստ թողնել, անընդհատ կրկնում է՝ արդեն հոգնել է:
Ովքեր են Հունաստանի քաղաքացիներ 9-ամյա Նեֆելին, հայրը՝ Գագիկն ու մորական տատիկ Վարդանուշը
Նեֆելին ծնվել է Հունաստանում, ապրել մայրիկի և հոր՝ Գագիկի հետ: Հաշտ ու խաղաղ, նորմալ ընտանիք է եղել: Հունաստանում, ոչ այս ընտանիքի հետ, առանձին ապրել է նաև երեխայի մոր ընտանիքը՝ տատիկը՝ Վարդանուշ Խանգելդյանն ու մորաքույրը: Ընտանիքներն իրար հետ սովորական, նորմալ հարաբերություններ են ունեցել:
Նեֆելիի ծննդից հետո Հունաստանում նրանց հետ է ապրել նաև հորական տատիկը, զբաղվել երեխայի խնամքով:
Տեղեկությունները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացրել է Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը:
2019-ին, սակայն, քաղցկեղի հետևանքով Հունաստանում մահացել է աղջնակի մայրը:
«Մոր մահից հետո խնդիրներ են առաջացել, բայց շատ ցայտուն չի երևացել: Մորաքույրը, հոր որոշմամբ, երեխային Հունաստանից բերել է Գյումրի: Արդեն Գյումրիում Գագիկը՝ երեխայի հայրը, որոշում է, որ պետք չէ երեխային Հունաստան վերադարձնել և թողնում է իր ծնողների խնամքին:
Հենց այդտեղից էլ կամաց-կամաց սկսվել է վեճը»,- ասում է Բաղրամյանը:
Ինչպես է մորական տատիկը հայտնվել հանձնաժողովի ուշադրության կենտրոնում
Մորական տատիկը՝ Վարդանուշը, փորձել է երեխային տեսակցել, 1-2 անգամ նրանց տուն է գնացել, թույլ չեն տվել տեսնել երեխային: Հավանաբար, ըստ Բաղրամյանի, նրան խորհուրդ են տվել դիմել հանձնաժողովին: Այդ պահից սկսած իրենք մասնակից են դարձել գործին որպես կարևոր օղակ:
Հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է տեսակցության կարգ, սակայն ընտանեկան տարբեր հարցերի հետևանքով այդ տեսակցությունները հնարավոր չեն դարձել: Մայրական կողմը դիմել է դատական ատյան, որպեսզի այդ ճանապարհով տեսակցության իրավունք ձեռք բերի: 2022-ին այդ իրավունքը տատիկը ստացել է, սակայն կրկին չի կարողացել երեխային տեսնել:
Վճռի կատարմանը ներգրավվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: Նրանց միջոցով կազմակերպված հանդիպումների ժամանակ երեխան չի ցանկացել տեսնել մորական տատիկին:
«Եթե եկել է տեսակցության էլ, շատ կարճ, մի երկու բառ է փոխանակել, ասել է զզվում եմ, հոգնեցի, չեմ ուզում տեսնել: Մենք երբ ասում ենք՝ ընկերներ ինչո՞ւ եք խոչընդոտում, իրենք ասում են, մենք չենք խոչընդոտում, երեխան չի ուզում: Էս հանդիպումների ժամանակ նաև քաշքշոց է եղել կողմերի միջև, անգամ քրեական գործ կա հարուցված»,- մանրամասնեց Բաղրամյանը:
Երեխայի հայրը, Հունաստանում բնակվելով հանդերձ, աշխատանքը թողնելով 1 ամսով, 3 ամսով եկել-գնացել է Գյումրի, նաև մնացել է: Նույն կարգավիճակով ապրող մայրական կողմը, ըստ Բաղրամյանի, նշել է, որ գնալ-գալով հայրը չի կարողանում զբաղվել երեխայի լիարժեք խնամքով և դաստիարակությամբ:
«Հաշվի առնելով դա, մեր հանձնաժողովը 2023 թվականին դիմել է քաղաքապետին, որ հորական կողմի պապիկին, ում մոտ բնակվում է աղջիկը, տրվի խնամակալության իրավունք՝ պայմանով, որ երեխային թույլ տան շփվել նաև մորական կողմի հետ: Պապիկը համաձայնել է, ու նշել, որ իրենք միշտ էլ թույլ են տվել, երեխան չի ցանկանում տեսնել նրանց»,- ասաց մեր զրուցակիցը:
Էդվարդ Բաղրամյանը նաև նշեց, որ Նեֆելիի հայրական կողմը տարբեր ժամանակահատվածներում դիմել է հոգեբանների և առկա դիրքորոշումներով արձանագրված է, որ երեխայի վրա կա ճնշում, ուղղվածություն՝ չընդունել, չճանաչել մայրական կողմին:
Խնամակալությունը տրվել է 2023 թվականի օգոստոսին և դադարեցվել նոյեմբերին, քանի որ սահմանված նորմերը խախտվել են: Հայրը Հունաստանից վերադարձել, ներկայացել է Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և տեղեկացել, որ այլևս հեռանալու իրավունք չունի, կամ եթե վերադառնալու է Հունաստան, պետք է երեխային հետը տանի:
Մեկ տարբերակ էլ է առաջարկվել՝ աղջկան հանձնել խնամակալության, բայց ոչ հայրական կողմի տատիկ-պապիկին:
«Հայրը ասաց, որ էլ չի գնալու, մնալու է, զբաղվի երեխայի խնամքով և դաստիարակությամբ: 1.5 ամիս հետո մայրական կողմի տատիկը մեզ տեղեկացրեց, որ հայրը կրկին գնացել է Հունաստան: Տատիկը մեզ SMS էր ուղարկել Հունաստանից: Բայց այդ ընթացքում էլ հայրն անընդհատ գնացել-եկել է: Տատիկը դիմել է իրավապահներին և քրեական գործ է հարուցվել երեխայի հոր ու պապիկի նկատմամբ՝ քաղաքից չբացակայելու, երեխայի խնամքով զբաղվելու, հանդիպումները խոչընդոտելու համար»:
Քրեական գործի հարուցումից հետո Գագիկ Մուրադանը չի վերադարձել Հունաստան, մնացել է Գյումրիում: Երեխան, իր նախասիրությունների համաձայն, հաճախել է իր ցանկացած տարբեր խմբակներ, ապրել այնպես, ինչպես իր հասակակիցները:
Անկախ այս ամենից, սակայն, տատիկը շարունակել է բողոքել, քանի որ իր տեսակցության իրավունքը չի կարողացել իրացնել: Արդյունքում՝ Շիրակի մարզային քննչական վարչությունը գրություն է ուղարկել Գյումրու քաղաքապետին և խնդրել, որ Նեֆելի Մուրադյանի խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվի որևէ հաստատությունում:
Հսկող դատախազից, ըստ Բաղրամյանի, մայիսին նաև միջնորդություն է ստացվել, որ երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, անհրաժեշտ է նրան առանձնացնել, մեկուսացնել: Որոշում է կայացվել, որ աղջկա խնամքն ու դաստիարակությունը կազմակերպվի որևէ հաստատությունում:
«Մենք երկու ամիս տարբեր ձևերով ու մոտեցումներով, բացատրական աշխատանքով, ոչ բռնի ուժով 3-4 անգամ փորձել ենք ներկայացնել իրավիճակը: Չեն հասկացել, չեն թողնում և վերջ, ոչ մի շփում: Երեխան գալիս, 1-2 բառ լսում է, թվում է, թե հասկանում է, հետո սկսում է գոռգոռալ ու հեռանում է իր սենյակ»:
Ինչ քաշքշոց է տեսանյութում և որտեղից է 9-ամյա Նեֆելին տարվել Երևան՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն
Օգոստոսի 31-ին միջադեպը տեղի ունեցել: Բաղրամյանն ասում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամները իրավապահների և այլ պատասխանատուների հետ այցելել են Մուրադյանների տուն: Գագիկն ու երեխան տանը չեն եղել: Հայրը՝ Երևանում, երեխան էլ Գյումրու կրթական հաստատություններից մեկի ճամբարում է եղել:
«Ասել ենք, որ օրենքով եկել ենք, որ երեխային տանենք: Որպեսզի չկասկածեն, թե մենք ուզում ենք բռնի ուժով երեխային տանել, առաջարկել ենք միանալ մեր խմբին, մեզ ուղեկցեք, տեսնենք երեխան որտեղ է: Մեզ տարավ այդ ճամբարը: Հոգեբանները տնօրինության հետ երեխային դուրս են բերել խմբից, ասել են՝ Նեֆելի ջան, պետք է հոգեբանների հետ խոսես, հասկանանք իրար: Էստեղ արդեն միացել են հորական պապիկը, տատիկը, հորաքույրը: Բոլոր հնարավոր ձևերով երեխային գրգռել են, երեխան սկսել է լացել ու բղավել: Իրենք 3-ով զբաղվել են միայն երեխային էդ վիճակում նկարելով, իսկ մայրական կողմը Երևանում էր ու չէին եկել»,- կատարվածը մանրամասնում է հանձնաժողովի նախագահը:
Ինչո՞ւ է տեսանյութում լացող և գոռացող երեխան անընդհատ կրկնում «բաց թողեք ինձ, ինձ ձեռք մի տվեք, օգնեցեք, մոտ չգաք»՝ մեր հարցին, Բաղրամյանն ասաց՝ երեխային մատով նույնիսկ դիպչող չի եղել:
Այս իրավիճակում երեխան տատիկ-պապիկի հետ, հանձնաժողովի ուղեկցությամբ, հասցվել է Երևան:
Ինչ է կատարվել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում, ինչպես է երեխան այնտեղից անհետացել
«Մենք երեխային անվտանգ հասցրել ենք «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն: Այնտեղ կրկին բակում հավաքված կողմերի մեջ վիճաբանություն է եղել: Տարբեր խնդիրներից հետո երեխան առանձնանում է հոգեբանի հետ: Որևէ մեկին թույլ չեն տվել, որ ներս մտնի, հանձնաժողովի անդամներն էլ երկար ժամանակ կանգնած են եղել դռան մոտ, որպեսզի հոգեբանն աշխատանքը ավարտի, հասկանան հետագա անելիքը»:
Այդ ընթացքում, ըստ Բաղրամյանի, հայտնվել են երեխայի հոր և մայրական կողմի փաստաբանները: Գյումրու հանձնաժողովի անդամներին հոգեբանի սենյակի դռան մոտից հրավիրել են տնօրենի սենյակ՝ հանդիպման:
«Երկու փաստաբանները սկսում են վիճել, գործին ոստիկաններն են խառնվել: Էդ ընթացքում Գագիկն, առիթից օգտվելով, բացել է դուռը, երեխային ապօրինաբար վերցրել, փախել է: Տեղեկություն չունենք՝ որտեղ են, իրավապահները զբաղվում են այս գործով:
Մենք տարել տեղ ենք հասցրել ու տնօրենը չի կարողացել լիարժեք անվտանգությունն ապահովել: Ինքը շատ լավ գիտեր, որ սա մեծ դժվարությամբ կազմակերպված գործողություն էր: Ես արդեն կասկածում եմ՝ կա՛մ ինքը շատ լավ տեղյակ է եղել, կա՛մ չի կարողացել աշխատանքը կազմակերպել»:
Ի պատասխան այս հայտարարության, մեզ հետ զրույցում երեխայի բարեկամուհին՝ 44-օրյա պատերազմի հերոս Գագիկ Մկրտչյանի մայրը՝ բարձրաձայնում է՝ երեխան չի անհետացել, հոր հետ տուն է վերադարձել:
«Հաստատության տնօրենը զրուցել է հոր հետ, հոգեբանն էլ՝ երեխայի հետ: Ասել են, որ աղջիկն իրենց հաստատությունում մնալու կարիքը չունի: Տնօրենն ասել է՝ հայրն ադեկվատ, նորմալ մարդ է, երեխան էլ խնդիրներ չունի, մնալու կարիք չկա: Եկել են տուն: Ուղղակի երեխայի հայրը չի գիտեցել, որ պետք է գրավոր եզրակացություն վերցներ, նոր հեռանար: Հենց էնպես բանավոր խոսել են, եկել են հետ: Հիմա ես չեմ հասկանում, երեխայի հայրը չի հրաժարվում, ամեն ինչով, ամեն ձևով պահում, նայում է աղջկան, երեխան ոչ մի խնդիր չունի, ոչ էլ ֆինասական հարցեր կան, հիմա ի՞նչ են ուզում էս ընտանիքից:
Էս հարցը նաև ՄԻՊ-ը պետք է ուսումնասիրի, սա չլինելու պատմություն է, ո՞նց է հնարավոր սեփական հոր ձեռքից երեխային խլել առանց պատճառի»,- ասաց Լուսինեն:
Ինչ խնդիր կա 2 ընտանիքների միջև, իրականում հստակ չէ: Էդվարդ Բաղրամյանը նշում է՝ գիտեն, որ իրարից գույքային, ֆինանսական և այլ պահանջներ ունեն: Կողմերը, միաժամանակ ֆինանսական խնդիրներ չունեն: Հայրական կողմի պապիկը երաժիշտ է, տատիկն առևտրով է զբաղվում: Մայրական կողմի տատիկը Երևանում բնակարաններ ունի, շարունակում է բնակվել Հունաստանում, նաև Գյումրի է գալիս-գնում:
Ստեղծված իրավիճակում մեզ ահազանգած կինը նշում է՝ երեխան է տուժում, և այս խնդիրն արագ պետք է կարգավորվի: