Հուլիսի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներ Մելքումյանի և Ամիրխանյանի ուղեկցությամբ ոստիկանության Տավուշի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացուհի 26-ամյա Ռ․ Ա․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 16։30-ի սահմաններում Բերդ քաղաքի «Դավիթ Բեկ» սուպերմարկետի դիմացից, շփոթելով իր պատվիրած տաքսին, նստել է մեկ այլ մակնիշի ավտոմեքենա՝ Վարագավան բնակավայր գնալու նպատակով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ճանապարհին վարորդը, ում կինը չի ճանաչում, երթևեկության ժամանակ իրեն առաջարկել է տեղափոխվել առջևի նստատեղին, նաև առաջարկել է երեկոյան հանդիպել և զվարճանալ, սակայն ինքը մերժել է: Կնոջ հագին եղել է կարճ շրջազգեստ, վարորդը սկսել է ձեռքով շոյել ոտքերը, որին ինքը դիմադրել է:
Հետո վարորդը շեղվել է ճանապարհից դեպի անտառ՝ շարունակելով ոտքերը շոյել: Այդ ժամանակ կինը դուրս է նետվել ավտոմեքենայից և փախել, քանի որ վարորդը ցանկացել է բռնաբարել:
Ըստ աղբյուրի, ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացված տվյալներն իրացնելով, պարզել են, որ Ռ. Ա․-ն Բերդ համայնքի «Դավիթ Բեկ» սուպերմարկետի դիմացից նույն օրը ժամը 16։30-ի սահմաններում նստել է Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Ա․ Ք․-ի վարած ավտոմեքենան։ Վերջինս էլ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Ռ. Ա․-ի նկատմամբ:
Նույն օրը Ա․ Ք․-ն հայտնաբերվել և նշված ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք և Ա․ Ք․-ն ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին: