Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ Իրան

Հուլիսի 28-ին տեղի է ունենալու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության եւ պաշտոնամուտի արարողությունը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ այդ արարողությանը: Իրանն ունի նախագահական երդմնակալությանը օտարերկրյա առաջնորդների հրավերի պրակտիկա: Հայաստանի ղեկավարները, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը նախկինում մասնակցել են Իրանի նախագահների պաշտոնամուտի արարողությանը:

Մասուդ Փեզեշկիանի ընտրվելուց հետո նրա հետ առաջին հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետը նշել էր, որ սպասում է առաջին հանդիպման պատեհության: Ըստ ամենայնի, խոսքը հենց կարող էր վերաբերել Փեզեշկիանի պաշտոնամուտի արարողությանը: Վարչապետ Փաշինյանի հետ հետախոսազրույցում Իրանի նախագահը հայտնել էր, որ Թեհրանի համար շարունակում են գոյություն ունենալ Հայաստանի տարածքային ամբողջությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնց համար Իրանը հայտարարել է պարբերաբար: Իրանի նախագահի պաշտոնամուտի արարողությանն ընդառաջ ուշադրության է արժանի բավականին աղմուկ հանած տեղեկությունը, որ տարածեց Լոնդոնում գրանցված Իրան Ինթերնեշնլ հեռուստաալիքը, որն այսպես ասած ընդդիմադիր է Իրանի կառավարող համակարգին:

Ըստ այդ տեղեկության, Հայաստանն ու Իրանը կնքել են սպառազինության մատակարարման կես միլիարդ դոլարի պայմանագիր, որով Հայաստան կմատակարարվեն անօդաչուներ, հրթիռներ եւ այլ սպառազինություն: Թե Երեւանը, թե Թեհրանը հերքեեցին այդ տեղեկությունը, այն որակելով կեղծ: Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ այդ կեղծ տեղեկության նպատակն է հարվածել հարեւանների հետ Իրանի հարաբերությանը: Ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվելու, այստեղ հնարավոր է դիտարկել ընդհուպ Հայաստանի հետ հարաբերության հարցում խոչընդոտ ստեղծելը, քանի որ տարածված կեղծ տեղեկատվության բարձրացրած աղմուկը կարող է առնվազն ժամանակավոր կաշկանդվածություն առաջացնել Երեւանի ու Թեհրանի շփումներում:

Սա իհարկե իբրեւ մտավախություն, որի առնչությամբ ցուցիչ կարող է լինել հուլիսի 28-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Իրան, որտեղ բացի Մասուդ Փեզեշկիանի երդմնակալությանը մասնակցությունից, կարող է տեղի ունենալ եւ Փաշինյան-Փեզեշկիան առաջին շփումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ