Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

«Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, սա Հայաստանին բացահայտ պատերազմ հայտարարելու մասին է»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարությունը, թե ԱՄՆ կողմից ՀՀ-ում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքով զինելը և Եվրոպական միության կողմից ՀՀ-ին տասը միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն ցուցաբերելը վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվելու մասին, և պատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցները:

Հովհաննիսյանի համոզմամբ՝ սրանով Ադրբեջանն այն գործողությունների հիմքն է լեգիտիմացնում, որին նախապատրաստում է 2020 թվականից հետո և փորձում իրագործել:

«Վստահորեն Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների, և մեզ համար սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած հատվածը բավականի ռիսկային է: Ադրբեջանը փորձելու է գնալ ռազմական ճանապարհով, որովհետև տեսնում է, որ ՀՀ ԶՈՒ-ն ոտքի է կանգնում, և ամեն անգամ ծավալապաշտական հայտարարություններով փորձ է կատարվում մի՛ կողմից ՀՀ-ին վախեցնել և կորզել իրենց ցանկացածը, մյուս կողմից ստեղծում են տարածաշրջանում այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ խաղացող երկրներին է թվում, որ պայթելու է այդ աղետը. սկսվելու են ռազմական գործողություններ»:

Միաժամանակ Հովհաննիսյանը նկատում է՝ Հայաստանը ոչ միայն հայտարարություններով է պատրաստակամություն հայտնել խաղաղության պայմանագիր կնքելու, այլ նաև իր գործողություններով է ապացուցել: Ըստ Հովհաննիսյանի՝ ՀՀ իշխանությունն անգամ իր համար «ոչ հաճելի» կամ ոչ հեշտ իրավիճակներ ստեղծելով է ապացուցել, որ պատրաստակամ է գնալ խաղաղության՝ իրականացնելով սահմանազատման և սահմանագծման գործընթաց Տավուշի հատվածում՝ Կիրանցում և հարակից տարածքներում:

Այնուամենայնիվ, ռազմական փորձագետի խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան 2020 թվականից հետո իրենց սցենարը չեն փոխել և մտադիր են ՀՀ-ից անպայմանորեն կորզել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը»:

«Հասկանալով, որ դա չի կարող լինել օկուպացնելու միջոցով, որովհետև օկուպացված տարածքներով էներգետիկ ռեսուրսներ տեղափոխելը կդիտվի որպես մաքսանենգ ապրանք, դրա համար Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ ՀՀ-ից գրավի որևէ բնակավայր, կլինի խոշոր կամ ոչ, դա դարձնի շանտաժի և սակարկման առարկա ու կարողանա ստորագրությամբ ՀՀ-ից կորզել այդ միջանցքը: Կարծում եմ, որ այս սցենարն են իրենք խաղարկում և մինչև վերջ հավատում են, որ դա կարող են իրականություն դարձնել: Մինչդեռ ես վստահ եմ, որ ՀՀ-ն գոնե այս կարգավիճակով կարող է դիմակայել թե՛ ռազմադաշտում, և՛ թե դիվանագիտական դաշտում»,- նկատում է Հովհաննիսյանը:

Ըստ փորձագետի՝ պատերազմի լինել-չլինելը կախված է նաև գլոբալ զարգացումներից, ասենք, օրինակ, ԱՄՆ ընտրություններից. «ԱՄՆ ընտրությունները ուղիղ կապ ունեն Ադրբեջանի գործողությունների հետ: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Թրամփի վարչակազմը վարում էր իզոլացիոն քաղաքականություն, և նաև մեր տարածաշրջանում Թուրքիայի ձեռքերը այդ առումով արձակված էին, Ադրբեջանինը՝ առավել ևս, և Թրամփի վարչակազմի ընտրվելու դեպքում, կարծում եմ, 10-ից 10 միավոր է ռազմական գործողությունների հավանականությունը: Եթե դեմոկրատներն ընտրվեն, կարծում եմ՝ նրանց վարած քաղաքականությանը Ադրբեջանը չի կարող դեմ գնալ, որովհետև նրանք ցանկանում են տարածաշրջանում կայուն խաղաղություն բերել: Իսկ թե ինչո՞ւ մինչև հիմա այդ խաղաղությունը չի պարտադրվել, քանի որ, եթե խաղաղությունը արագ է գալիս, ապա մեկ այլ հակամարտության հիմք է դնում, որովհետև այդ դեպքում դա լինում է մի կողմի զիջումների հաշվին, իսկ այս դեպքում ԱՄՆ-ն և խաղացող երկրները փորձում են հաշվի առնել հակամարտող երկու երկրների շահերը և փորձում գտնել մինիմալ ոչ ցավոտ զիջումներով լուծումները»:

Խոսելով հայկական ԶՈՒ բարեփոխումների մասին՝ Հովհաննիսյանը նկատում է՝ 2024 թվականին հայկական կողմը բավականին մեծ փոփոխությունների է գնացել, որը միայն զենք-զինամթերք գնելը չէ, այլ նաև ռազմավարական գործընկերներ ձեռք բերելը, և, ինչու չէ, դիվանագիտական դաշտում որոշակի անձնական հարաբերությունների ստեղծումը:

«Շատ կարևոր է, որ մենք ոչ միայն զինտեխնիկայի գնումներով պայմանավորված մեր բանակը համալրենք, կամ արդիականացնենք, այլ նաև շեշտը դնենք տեղական ռազմարդյունաբերության վրա. այն օրը, երբ մենք տեղական ռազմարդյունաբերություն ստեղծենք ՀՀ-ում, միանշանակ Ադրբեջանի հռետորաբանությունը ոչ միայն փոխվելու է, այլ նաև նա է ձգտելու Խաղաղության պայմանագիր ստորագրել: Ադրբեջանին մտահոգում է այն փաստը, որ մենք ավելի ենք ուժեղանում. մի կողմից խոսում ենք խաղաղության անհրաժեշտության, մյուս կողմից էլ ձեռքներս ծալած չենք նստում և փորձում ենք բանակն արդիականացնել թե՛ ուսումնական, և թե՛ զինտեխնիկայի առումով: Ադրբեջանն ավելի շատ անհանգստացած է ֆրանսիական զենք-զինամթերքով, որովհետև ֆրանսիական զինտեխնիկան նաև պատերազմի բովով է անցել, և դրա բազկի ուժը Ադրբեջանը շատ լավ գիտի»,- նկատում է ռազմական փորձագետը:

Կարեն Հովհաննիսյանը համոզված է՝ Ալիևը միանշանակ ունի վախեր, և դրանք բացառապես կապված են ՀՀ հզորացման հետ. «Որովհետև Ալիևը և իր վարչակազմը շատ լավ հասկանում են, որ ՀՀ հզորացումը իրենց ձեռնտու չէ, և ոչ թե այն առումով, որ իրենք են փորձում փաթեթավորել, թե իբր «օկուպացնելու» են իրենց տարածքները, այլ պարզապես իրենք ՀՀ-ից այլևս չեն կարող կորզել այն, ինչն իրենց պետք է: Բազմիցս են հայտարարել, որ պատմական շրջան է, որ ՀՀ-ից առավելագույնս վերցնեն, և այդ առումով իսկապես շատ մեծ վախեր ունեն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ