«Քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան…». Նիկոլ Փաշինյնը՝ Բակո Սահակյանի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն, մտադիր չէ միջամտել այդ հարցին:

«Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան», — ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ուրբաթ օրը Երևանում՝ ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Հայաստանի վարչապետը։

«Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», — ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հավելել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը հերքել է ենթադրություններն այն մասին, որ Քոչարյանի գործով դատավարության շուրջ ստեղծված իրավիճակը կարող է Լեռնային Ղարաբաղի բնակիչների շրջանում Հայաստանի վարչապետի նկատմամբ անվստահության աճի հանգեցնել:

Փաշինյանի համոզմամբ, Ղարաբաղում ինքը հնարավոր է ավելի շատ աջակցություն է վայելում, քան՝ Հայաստանում:

Երեկ Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձամբ էին ներկայացել դատարան սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր ներկայացնելու համար: Սահակյանն ու Ղուկասյանը 500.000-ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հաշվին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ