Բայդենի հեռացումը նոր լիցք կհաղորդի, կթեժացնի ընտրապայքարը և այս ընտրությունները բեկումնային կլինեն ԱՄՆ-ի համար. քաղաքագետ

Բայդենի հեռացումը դրական հետևանքներ կունենա ընտրապայքարում, որովհետև կյանքը ցույց տվեց, որ նախագահ Բայդենը ֆիզիկապես անկարող էր շարունակել ընտրապայքարը և մասնակցել ընտրապայքարի բոլոր միջոցառումներին: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Ջո Բայդենի՝ նախընտրական արշավից հրաժարվելուն:

«Սա էապես կմեծացնի թե դեմոկրատական կուսակցության կարողությունները, թե կմիավորի այդ կուսակցությունը, նաև նոր լիցք կհաղորդի ընտրապայքարին»,-ասաց նա: Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Բայդենի հեռացումը կթեժացնի պայքար, կհանգեցնի կրքոտ դեբատների և այս ընտրությունները բեկումնային կլինեն ԱՄՆ-ի համար:

Անդրադառնալով ԱՄՆ հայ համայնքի վրա ընտրությունների անդրադարձին, քաղաքագետը նշեց, որ հայ համայնք ասվածը շատ լայն է ԱՄՆ-ում, որտեղ կան թե Բայդենի կողմնակիցներ, թե Թրամփի կողմնակիցներ:

Իսկ Հայաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ այստեղ շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն հավատարիմ մնա իր դաշինքներին, իր ազատ աշխարհի առաջատար երկրի դերին և շարունակի այն քաղաքականությունը, որը որդեգրել է, քանի որ դա բխում է Հայաստանի շահից:

«Այստեղ շատ բան կախված է նաև մեզանից, այս ընտրություններից: Հայաստանը պետք է կարողություններ ունենա համագործակցելու երկու կուսակցությունների հաղթանակի դեպքում ցանկացած ադմինիստրացիայի հետ: Հայաստանը ինքը պետք է առաջանցիկ քայլեր անի. Ամերիկան դաշնակից է աշխարհի երկրների մեկ երրորդին, իսկ Հայաստանը դրանցից մեկն է: Հայաստանն ինքը պետք է շահագրգռվածություն դրսևորի և առաջ ընթանա այդ հարցերում, այստեղ պետք է համագործակություն վարչակազմերի հետ, կարծես թե դա մեզ մոտ ստացվել է դեմոկրատական վարչակազմի հետ»,- ասաց նա:

Քաղաքագետը ներկայումս հայ-ամերիկյան հարաբերությունները գնահատեց վերընթաց, բայց նախնական փուլում: «Հիմնական քայլերը դեռ առջևում են, որոնք դեռ մենք պետք է անենք: Հանրապետականների հաղթանակի դեպքում հավելյալ ջանքեր են պահանջվելու, քանի որ այդ դեպքում էական փոփոխություններ են տեղի ունենալու ԱՄՆ քաղաքականությունում»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ