Շոգ եղանակը և տապը նպաստավոր հանգամանքներ է ստեղծում՝ մի շարք հիվանդությունների, հատկապես վարակների և մաշկային վարակների ակտիվացման համար:
Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մաշկաբան-վեներաբան Քրիստինա Աղաբալյան «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փաստում է, որ բժշկական կենտրոններ դիմողները շատ են՝ ինչպես մաշկային հիվանդություններով, այնպես էլ՝ ալերգիկ խնդիրներով։
«Խնդիրների առաջացման հիմնական պատճառը ուժեղացած քրտնարտադրությունն է, մաշկի սենսիբիլիզացումը, իմունիտետի իջեցումը։ Պատճառներից են նաև լողավազանների և բաց հանգստի գոտիների այցելությունները։ Առավել հաճախ հանդիպում են հետևյալ հիվանդությունները՝ քրտնախարշ, մաշկի սնկային և թարախային հիվանդություններ (պիոդերմիա), էկզեմաներ, պսորիազի ամառային տեսակներ, միջատների խայթոցներ, ռոզացեա, ֆոտոալերգիկ հիվանդություններ»։
Քրտնախաշը, ըստ նրա, ավելի հաճախ հանդիպում է երեխաների շրջանում։ Կան հիվանդություններ, սակայն, որոնք առավել գրանցվում են մեծահասակների շրջանում, օրինակ՝ որոշ սնկային հիվանդությունները։
Մասնագետը նշում է, որ ամռանը հավասար հաճախականությամբ հանդիպում են և՛ ալերգիաները, և՛ մաշկային խնդիրները․ «Ալերգիա՞ է, թե՞ մաշկային խնդիր․ տարբերակումը դժվար է իրականացնել, քանի որ մաշկային խնդիրների և ալերգիաների միջև սահմանը շատ նուրբ է, և հաճախ նաև մասնագետի համար հեշտ չէ առաջին հայացքից տարբերակել դրանք։ Բայց նշեմ, որ քրոնիկ, սնկային և ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ կլինիկական պատկերը թույլ է տալիս միանգամից հստակեցնել ճիշտ ախտորոշումը։ Ալերգիկ հիվանդություններին ավելի բնորոշ են քորը, էլեմենտների տեսակները, դրանց տեղակայումը, ասիմետրիան, և այս դեպքում հիվանդները նշում են սուր սկիզբ»։
Մաշկային հիվանդությունները, Աղաբալյանի խոսքով, ունենում են կրկնվող ընթացք, քանի որ դրանց պատճառ կարող են լինել աուտոիմուն քրոնիկ անհայտ պատճառաբանության հիվանդությունները, գենետիկ նախատրամադրվածությունը։ Բացի դրանից, մաշկային խնդիրների ի հայտ գալուն, բժշկուհու նկատառմամբ, նպաստում է նաև անձի սննդակարգը։
«Որոշ սննդամթերքներ կարող են բերել մաշկի ֆոտոզգայունության, ինչպես նաև որոշ հիվանդությունների սրացմանը։ Պետք է նշել որոշ սննդամթերքների ալերգիկ հիվանդությունների առաջացման մասին։ Այս սեզոնին սննդային ալերգիաները ավելի հաճախ են հանդիպում, օրինակ՝ գերզգայունություն ելակի նկատմամբ։ Հաճախ են նաև լակտոզայի նկատմամբ անտանելության դեպքերը՝ պայմանավորված պաղպաղակի օգտագործման հետ։ Պետք է նշել, որ հանրային լողավազանից օգտվելիս նույնպես բարձր ռիսկ կա, որ մարդը կարող է վարակվել մաշկային և սնկային հիվանդություններով, հատկապես՝ ոտնաթաթի, որը մենք սիրում ենք անվանել աթլետի ոտնաթաթ»,- ասում է նա:
Թե ի՞նչ միջոցներով է պետք պաշտպանվել մաշկային հիվանդությունների առաջացումից, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մաշկաբան-վեներաբանը նկատում է՝ կարևոր է արևապաշտպան քսուկների, հիգիենայի կանոնների պահպանման հարցը, ինչպես նաև՝ միջատների դեմ միջոցների կիրառումը։ Ըստ նրա՝ հաճախ ալերգիաներն ավելի ծանր ընթացք են ունենում, ընդհուպ մինչև անաֆիլակտիկ շոկի հանգեցնում։
Ամեն դեպքում՝ լինի ալերգիա, թե մաշկային խնդիր, անձը պարտադիր պետք է դիմի բժշկական կենտրոն, ընդգծում է զրուցակիցը։ Ըստ նրա՝ ինքնաբուժության հետևանքով հիվանդը դիմում է փոփոխված կլինիկական պատկերով, ինչը դժվարացնում է ախտորոշման ընթացքը և բուժման ընթացքի ընտրությունը։
«Լինում են դեպքեր, որ դիմում են արդեն բարդացած վիճակում։ Ընդհանրապես՝ դրանք ի՞նչ հետևանքներ կարող են առաջացնել մարդու առողջությանը։ Երկու դեպքում է պետք դիմել հնարավորինս շուտ՝ վաղ փուլերում, հատկապես միջատների խայթոցների, եղնջացանի, մաշկի արևային այրվածքների ժամանակ։ Միջատների խայթոցի դեպքում բարդացումները պայմանավորված են միջատների տեսակից, պացիենտի սենսիբիլիզացիայից։ Կարող են դրսևորվել տարբեր ձևերով՝ սկսած ալերգիկ ռեակցիայից, մինչև տարաբնույթ հիվանդություններ, որոնցից են լայմի հիվանդությունը, տիզից փոխանցվող էնցեֆալիտը, երկրորդային թարախային հիվանդությունները»,- զգուշացնում է նա: