Այդ մարդիկ կենաց-մահու պայքար են մղում ՀՀ պետականության դեմ, որովհետև ցարը այդպես է կամենում

«Սիրելիներ, Սրբազան շարժումն ավելի ընդլայնելու, մեր աշխատանքները կազմակերպելու և չարիքի դեմ պայքարն ավարտին հասցնելու նպատակով բացվել են հետևյալ հաշվեհամարները, որոնց կարող եք փոխանցումներ կատարել աշխարհի բոլոր երկրներից: Հավաքված գումարի և արված ծախսերի մասին պարբերաբար կտրամադրենք հանրային հաշվետվություն»,- նման հայտարարություն է զետեղվել շարժման ֆեյսբուքյան էջում, և կից ներկայացված է «Տավուշը հանուն հայրենիքի» ՀԿ-ի հաշվեհամարը, որին էլ պետք է դրամով, եվրոյով, դոլարով և ռուբլով փոխանցումներ կատարվեն:

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։

«Դրամի խնդիր չունեն, հեչ որ չէ՝ կաթողիկոսը կտա, չլինի՝ ռուսները կտան, որովհետև հակապետական շարժում է։ Չլինի՝ օլիգարխները կտան, Հայաստանի օլիգարխները դրսում և ներսում, որովհետև անօրինական են հարստացել։ Այսինքն՝ այս մարդիկ խնդիր ունեն, ըստ էության, ինչպես երևաց, կենաց-մահվան պայքար մղել Հայաստանի պետականության դեմ։ Իհարկե, իշխանության դեմ են խոսում և վարչապետի դեմ, բայց դա Հայաստանի պետականության դեմ է, որովհետև այդպես է կամենում ցարը։ Ցարը ցանկանում է Հայաստանում պետականություն վերացնել, ինչպես նաև Ուկրաինայում»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Նա նշեց, որ դրամահավաքն ուրիշ ենթատեքստ ունի. ովքեր որ վճարում են, նրանք հանցագործություն են կատարում Հայաստանի պետականության, անկախության, ինքնիշխանության դեմ, այնպես որ հազար ու մի ֆոկուս կարող են ունենալ։

«Բայց այստեղ բանն այն է, որ ժողովուրդը չկա ու չկա։ Այս մարդկանց պետք է ասել, որ դուք կարող եք Հայաստանի ճգնաժամը շարունակել, անհանգստություն, փողոցային պայքար, քաղաքական մշակությի այլանդակում, որտեղ հայհոյանք, բառաչյուն, ոստիկանության հանդեպ անօրինական գործողություններ, պետական ինստիտուտների հանդեպ գրոհներ և այլն, դուք դա կարող եք անել, բայց Հայաստանում իշխանափոխություն կարող է լինել միայն մեկ պարագայում՝ եթե ուկրաինացիներին չհաջողվի, Աստված չանի, Ռուսաստանի ախորժակը զսպել, այն ժամանակ իհարկե Հայաստանում կլինի իշխանափոխություն՝ Ադրբեջանի ագրեսիայի տեսքով և ներքին բոլշևիկների ապստամբությամբ, ինչպես 1920 թվականին։ Թե չէ ուրիշ տարբերակ գոյություն չունի, որ կարողանան իշխանափոխություն անել»,- նշեց Լևոն Շիրինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ