‘
‘Քրիստոնեա-Ժողովրդական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը ԼՂ-ն վերածել է լրտեսության որջի. փոխանակ պետականաշինությամբ զբաղվեին, թալանել են պետությունը:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով լրտեսության համար մեղադրվող Սարգիս Գալստյանի գործի նախաքննության ավարտին, որը ԼՂ-ն լուծարելուց հետո նշանակվել էր Ստեփանակերտի պարետ և մեղադրվում է պետական դավաճանության համար:
«Հո մենակ էս մեկը չէ, սա ո՞վ է ընդհանրապես՝ շարքային լրտես, բա գլխավորներն ո՞ւր են, մի մասը ՌԴ-ի հանձնարարությամբ նստած է Բաքվի բանտում: Սրանք մանր-մունր, անկապ, անիմաստ մարդիկ են, սեփական ժողովրդի ցեղասպանությունը նախապատրաստելու համար լրտես են աշխատել, մի մասը՝ փողով, մի մասն էլ՝ ինքնակամ. ո՞ւր են էդ լրտեսները, դրանք էլ են կարևոր: Ինքն էլ, իր նախագահն էլ թող բացատրեն, թե՛ Ադրբեջանի ու ՌԴ-ի հատուկ ծառայություններում ի՞նչ պաշտոն են զբաղեցրել, սերժա՞նտ են եղել»,- ասում է Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ լրտեսներ այժմ էլ կան, որոնք դեռևս մնում են ՀՀ քաղաքական դաշտում. «Մի մասի վրա ընդդիմություն է գրած, որոնք ռևանշիստ են, մեկը վրեն սրբազան է գրել, փողոց է «ցնցում», լիքն են, վխտում են ՀՀ փողոցներում: Մի մասն էլ, եթե լրտես էլ չէ, հանուն ՌԴ-ի հոգեկան հիվանդ է. ինքնաբերաբար լրտեսություն է անում: Իսկ էս մեկին ես առաջարկում եմ շատ չռեկլամել, ո՞վ է: Մենք դեռևս քավարանի միջով վերջնականապես չենք անցել, որ այդ հատվածն էլ «մեռնի» պրծնի»,- նկատում է զրուցակիցը:
Ըստ Սուքիասյանի՝ պատերազմում հայկական կողմի պարտությունը գլխավորապես լրտես-գործակալներն են կազմակերպել:
«Որովհետև մենք էս ձևով չէինք պարտվի: ՌԴ-ն 30 տարի ՀՀ-ն դիտարկել է որպես ռեզերվ, իր մարդկանց նշանակել, ասել՝ մի քիչ կերեք, պետության հետ գործ չունեք, մի օր շնչառությունս հավաքեմ, որ բոլորիդ հավաքեմ հետ, և Արցախի պատերազմը դրա մասին է եղել, բայց միայն Արցախի մասին չի եղել, եղել է ՀՀ ազատության մասին պատերազմ, որը, իհարկե, ռուսները չկարողացան իրականացնել՝ մեր ժողովրդի հավաքական իմաստության շնորհիվ»,- ասում է նա:
Խոսելով ԼՂ պետական գույքի և դա Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին՝ Հայկ Սուքիասյանը նկատում է. «Մի հրամանագրով ամբողջ Արցախին պատկանող գույքը պիտի պետականացվի. իմ գույքն է, տատուս գույքն է, ես ես եմ առել… Ոչ մի բան էլ իրենք չեն առել, մի հրամանագրով պիտի առգրավվի, հարցը փակվի գնա: Ամեն օր պիտի արթնանանք, պարզվի՝ մեկը պետական գույք է սեփականաշնորհել: Սա Հայաստանի գույքն է, վերադարձրե՛ք, մանավանդ, որ դրա 99.9 տոկոսը գնվել է ՀՀ փողերով: Ժողովուրդը պիտի տեսնի, որ իր կյանքը կողոպտածները գոնե նվազագույն մասով պատասխանատվության են ենթարկվում»: