Արման Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Կարինե Ա.-ի դեմքի և գլխի շրջանում հարվածներ հասցնելու, կնոջ պարանոցին եղած թելե վզնոցով վերջինիս շնչահեղձություն հասցնելու համար։ Կարինե Ա.-ն մեկ օր անց հիվանդանոցում մահացել է։
Գործը մակագրվել է դատավոր Էդգար Մանասյանին, առաջիկա դատական նիստը հուլիսի 24-ին է։
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ 2021թ. օգոստոսի 10-ի` լույս 11-ի գիշերը, կեսգիշերն անց` ժամը 02-ի սահմաններում, Արման Կ․-ն այցելել է շուրջ վեց ամիս իր հետ մտերիմ և ինտիմ հարաբերությունների մեջ գտնվող 59-ամյա Կարինե Ա․-ի բնակարան, որտեղ 2000 դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
«․․․Սակայն սեռական հարաբերության վերջին պահին` կոպիտ ներհրում կատարելու արդյունքում ցավ է պատճառել Կարինե Ա․-ին, ով ցավից մայր է հայհոյել իրեն: Այդ ժամանակ, Արման Կուրեղյանը զայրույթից, դիտավորությամբ, բռունցքների մի քանի հարվածներ է հասցրել նրա դեմքի շրջանում, այնուհետև, երկու ձեռքով բռնել ու ձգել է կնոջ պարանոցին եղած սև գույնի թելից վզնոցը, որի վրա անցկացված է եղել նրա տան մուտքի դռան բանալին, այդ կերպ շնչահեղձությնա հասցնելով նրան, և երբ ձգվելու արդյունքում թելը կտրվել է, այդ ժամանակ նոր միայն, տղամարդը թողել և հեռացել է նրա բնակարանից»,-նշվում է մեղադրական եզրակացության մեջ:
Հաջորդ օրը կինն անգիտակից վիճակում, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ մահացել է, և դիահերձման նախնական ուսումնասիրության տվյալների` վերջինիս մահվան պատճառը հանդիսացել է մեխանիկական շնչահեղձությունը:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: