20 կիլոգրամ կշռող ուռուցքներ 20 տարեկան երիտասարդ հղի կնոջ մոտ. դեպքն անհավանական է թվում, սակայն այն իրական է ու գրանցվել է Հայաստանում։
20-ամյա հղի կինը դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն ողնաշարի շրջանում ուժեղ արտահայտված ցավերով, որոնք առաջացել են կրծքագեղձերի արագ ու անբնական աճով՝ չափերի ու ծանրության ավելացումով։
Կենտրոնի բժիշկ, ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ հղիության 4-րդ շաբաթից կրծքերն արագ ու անբնական մեծացել են՝ դառնալով հավելյալ ծանրություն հղիի համար։
Նրա խոսքով՝ հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ամբողջ կրծքագեղձը վերափոխված է, և հայտնաբերվել են 6-8 սմ-անոց բազմաթիվ ֆիբրադենոմաներ. «Վիրահատության ժամանակ պարզ է դարձել, որ աջ կրծքում առկա է եղել սահմանային ուռուցք, ձախում՝ հանգիստ վիճակ։ Բոլոր գոյացությունները եղել են բարորակ»։
Նրա յուրաքանչյուր կրծքում եղել է 10 կգ ուռուցք, դրան գումարվել է հղիությունը, ուստի ծանրությունից միջին կառուցվածքի կնոջ մոտ մշտապես ցավեր են եղել։
Ըստ բժշկի՝ դժվար է ասել, թե դրանք ինչի հետևանքով են առաջացել, գուցե հորմոնալ փոփոխություններով են պայմանավորված եղել։ Սա բացառիկ դեպք է ու հանդիպում է 100 հազար հղիից մեկի մոտ, սակայն նույնիսկ այդ չափերի ու քանակի չի հասնում։
Կենտրոն դիմելուց հետո առաջարկվել է վիրահատական բուժում՝ կրծքագեղձերի մեծ գոյացությունների հեռացումով։ Սիմոնյանն ասում է՝ բարդ ու պատասխանատու վիրահատություն է եղել:
«Հունիսի 3-ին իրականացվել է առաջին վիրահատությունը, առաջին րոպեներին պարզ է դարձել, որ գոյացություններն առանձին հնարավոր չէ հեռացնել, քանի որ կիպ հարում են և կազմում մի ամբողջ զանգված (կոնգլոմերատ), և վիրահատությունը, ըստ էության, արվել է կրծքագեղձի գրեթե ամբողջական հեռացումով՝ մաշկի և պտուկ-արեոալյար կոմպլեքսի պահպանմամբ։ Հաշվի առնելով հեմոգլոբինի ելային ցածր մակարդակը՝ որոշում է կայացվել ձախ կրծքագեղձի վիրահատությունը հետաձգել»,- ասում է նա։
Առաջին վիրահատությունից հետո 4 օր կատարվել է արյան փոխներարկում։ Նախապատրաստական միջոցառումներից հետո հունիս 7-ին իրականացվել է երկու կրծքագեղձերի ամբողջական հեռացում. յուրաքանչյուրից հեռացվել է 10 կգ գոյացություն. «Պտղին չվնասելը եղել է առաջնային, որովհետև վիրահատությունը անխուսափելի էր, պետք է խուսափեինք ուռուցքների չարորակացումից։ 20 կգ ծանրությունը վտանգավոր էր նաև պտղի համար։ Վիրահատությանը ներկա է եղել մանկաբարձը, որը ողջ ընթացքում պտղի սոնոգրաֆիկ հսկողություն է իրականացրել։ Թե’ վիրահատության ընթացքում, թե’ հետվիրահատական շրջանում ամեն ինչ լավ է ընթացել։ Ճիշտ ժամանակին նա ինքնուրույն կծննդաբերի ու առողջ բալիկ կունենա»։
Մասնագետն ընդգծում է՝ երկու կրծքագեղձերը հետագայում հնարավոր է նաև վերականգնել։ Երիտասարդ հղին ի սկզբանե տեղեկացված է եղել իր վիճակից։ Հարազատները, ամուսինը մշտապես հոգեբանորեն աջակցել են:
Առաջին անգամ նման ծավալի վիրահատության իրականացրած բժիշկը դժվար է նկարագրում էմոցիաները, ասում է՝ պատասխանատվությունը շատ մեծ էր, բայց անձնակազմը պատրաստված էր: