Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի Ողջի-Հայկավան գյուղերի միջնամասում գտնվող ջրանցքում հայտնաբերվել է 2006 թվականին ծնված Բյուրակն համայնքի բնակիչ աղջկա դի:
Բյուրակնի վարչական ղեկավար Սեյրան Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է հայտնել:
Ըստ նրա՝ աղջիկը սովորաբար 11:30-ի սահմաններում է արթնացել: Երբ ծնողներն անասնագոմ են գնացել, չեն տեսել, որ նա տանը չէ: Երբ վերադարձել են, նկատել են, որ անկողինը դատարկ է: Որոնել, աղջկան չեն գտել: Զարմանյանները դիմել են հարևաններին ու վարչական ղեկավարին:
Վարչական ղեկավարի խոսքով՝ աղջկա որոնողական աշխատանքներին, իրենցից բացի, մասնակցել են համագյուղացիները, ոստիկանության աշխատակիցներ, կինոլոգներ, ներգրավվել է նաև անօդաչու թռչող սարք:
«Մենք տարածաշրջանի բոլոր հովիվներին էինք նաև տեղյակ պահել, զգուշացրել: Ժամը 5-ի կողմերը (նկատի ունի 17:00) հովիվը զանգեց, թե ոտք է երևում շլյուզների մոտ, գնացինք, էդ երեխեն էր»,- ասում է Սարգսյանը:
Աղջկա դին գտնվել է Ողջի-Հայկավան գյուղերի միջնամասում գտնվող ջրանցքում: Այն Բյուրակնից բավական հեռու է, մեկ ամբողջ գյուղ է բաժանում մինչև Հայկավանը:
Թե ինչպե՞ս է Գրետան հայտնվել ջրում, պաշտոնապես հստակ չէ: Վարչական ղեկավարն իր կարծիքն է ներկայացնում:
«Ես առավոտից մինչև դիակի հայտնաբերումը եղել եմ էդ տարածքներում, բոբիկ ոտքի հետքեր կային: Էդ երեխեն, որ տնից դուրս է եկել, մոտ 2 կմ հեռավորության վրա ճանապարհը ցեխոտ էր, բոթասները հանել է, ոտքով է գնացել: Հետո, իմ կարծիքով, երևի ցանկացել է ոտքերը լվանալ, պատահաբար ջուրն է ընկել, ջուրը քշել-տարել է: Շատ մեծ՝ ժամում 80-100 կմ/ժ արագությամբ է ջուրը հոսում: Ջրի տակ լպրծուն է, հնարավոր չէ կանգնել, ով էլ լիներ, բացառված է, հնարավոր չէ, որ կարողանար կանգնել: Ընկած տեղից ինքը գնացել էր, շլյուզներ կան, 10 կմ ճանապարհ է անցել: Մեծ խողովակների միջով ջրի հոսքը, ճնշումն էնքան ուժեղ է, ու իջնում-բարձրանում են էդ հսկա խողովակները, դրանցով քշել, հասցրել է էդ շլյուզներին»,- պատմում է Սարգսյանը:
Ըստ նրա՝ աղջիկը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, դեղեր օգտագործել: Դպրոցն անցյալ տարի էր ավարտել, մասնակցել վերջին զանգին: Վարչական ղեկավարը փաստում է՝ խելոք, ինքնամփոփ երեխա էր: Մեկ ընկերուհի ուներ Գրետան, մեկ քույր և մեկ եղբայր: