Հայտնի են այսօր՝ հուլիսի 11-ին, զորացրված զինծառայողներով լի մեքենայի ողբերգական վթարից զոհվածների և վիրավորվածների անունները:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արթուր Մնացականյանը իր վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Արթուր Մնացականյանն ու նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մամյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Ազատ Առաքելյանը, Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Նորայր Դանիելյանը, Շիրակի մարզի բնակիչներ 20-ամյա Ռաֆիկ Ոսկանյանը, 20-ամյա Սամվել Մամիկոնյանն ու Տավուշի մարզի բնակիչ Հայկ Սառիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով «Mitsubishi»-ն շահագործվում էր՝ որպես տաքսի, մահացածներից մեկն ու մյուս վիրավոր ուղևորները զորացրվել էին ու տուն էին վերադառնում։