«Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջի «ադմինը» Սահմանադրության օրը շփոթել է Ապրիլի 1-ի հետ կամ էլ գրառում անելիս սպիրտ պարունակող լուծույթ է օգտագործել

«Մայր Օրենքի երկրորդ հոդվածն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին և միասնական ջանքերով հասնել չարի նկատմամբ բարու հաղթանակին»։ Ո՛չ, այս տողերը մեջբերված չեն նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի օրոք նախընտրական արշավի շրջանակներում ինչ-որ ընդդիմադիր գործչի ելույթից, այլ… «սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջում զետեղված՝ Սահմանադրության օրվան նվիրված շնորհավորանքից։ Էջը վարող «ադմինը» երևի հուլիսի 5-ը շփոթել է ապրիլի 1-ի հետ և որոշել է ջրիկանալ կամ էլ, օգտվելով առիթից, որ տոն է, տեքստը գրելուց առաջ որոշել է մի բաժակ սպիրտային լուծույթ կոնծել, հիշել նախկին ռեժիմի տարիները, երբ ժողովրդի, որպես իշխանությունը կրողի, կամքի վրա երկրի ղեկավարը թքած ուներ, ընտրությունների ու Սահմանադրության հանրաքվեի արդյունքներն էլ ինչպես ուզում՝ կեղծում էր, «ինչքան ուզում՝ էդքան խփում էր»։ Եվ, փաստորեն, «դարդերը» վերհիշելու արդյունքում էլ ծնվել է այն տեքստը, որից էլ արել ենք վերոհիշյալ մեջբերումը։

Այլ ողջամիտ բացատրություն՝ «սրբազան պայքարի» հետևորդներին մոլորության մեջ գցելու, ապուշի տեղ դնելու, այս չարամիտ արարքին չենք գտնում։

Փաստորեն, մարգինալ, չակնկալիքների այս շարժումը, որը մոտ երկու ամիս փողոցները անիմաստ չափչփելուց հետո որոշեց արձակուրդ մեկնել՝ այդպես էլ իր կողմից նշված ժամկետում չկարողանալով հասնել կառավարության հրաժարականին, հավակնոտ ակնկալիք ունի՝ իշխանությունը վերադարձնել ժողովրդին, և «բարին», այսպիսով, կհաղթի «չարին»։ «Չարը», փաստորեն, նա կամ նրանք են, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից, այն սուբյեկտի, որը 2018-ին 20 և ավելի տարի մաքառելուց հետո վերջապես իրեն վերադարձրեց իրեն պատկանողը՝ իշխանությունը, դե իսկ «բարին» էլ նա է կամ նրանք են, ովքեր փոքրամասնություն են, մի քանի հազար, չեն վայելում ժողովրդի մեծամասնության սերն ու աջակցությունը, բայց տենչում-փափագում են զավթել այն, ինչ ժողովրդին է պատկանում՝ իշխանությունը։ Պատկերավոր ասած՝ պահանջում են, որ ժողովրդի իշխանությունն իրացնող կառավարությունն ու ԱԺ-ն ցրվեն տներով, պետության «բանալիները» հանձնեն Տավուշի թեմի սառեցված առաջնորդին, նրա «նապառնիկ» Գառնիկ Դանիելյանին ու մյուս՝ ստվերային «սրբազանականներին», և այսպիսով իշխանության՝ ժողովրդին վերադարձված լինելու հարցը կհամարվի լուծված։

Համաձայն ենք, սա քաղաքագիտական մառազմ է, ցինիզմ, բայց քանի որ ելնում ենք այն կանխավարկածից, որ դրա հեղինակը կատակել է կամ էլ ոչ սթափ վիճակում է նստել համակարգչի առաջ, առաջարկում ենք ըմբռնումով մոտենալ՝ քահ-քահ ծիծաղել ու անցնել առաջ։ Ժողովուրդը նման դեպքում կասեր՝ «մուկն իր ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից է կախել»։

Ի դեպ, երիտսրբազանականները՝ մի խումբ տղաներ և աղջիկներ, որոշել են Սահմանադրության օրվա խորհուրդը «եռագույնով համակցել» (հիշյալ ֆեյսբուքյան էջում զետեղված մեկ այլ տեքստում է գրված)։ Ոչ, երիտասարդները Սահմանադրությանը հարգանքի տուրք չեն մատուցել՝ դրա Մայր օրենքի հոդվածներից մեջբերումներ անելու, հանրությանը վերաիրազեկելու «ֆլեշմոբ» կազմակերպելով, այլ… գունավոր՝ կարմիր, կապուտ, ծիրանագույն ծուխ են ծխեցրել Կասկադում։ Այս շարժման կազմկոմիտեի ստեղծագործական միտքը, փաստորեն, «ծուխ ու մուխ» անելուց բացի՝ այլ օրիգինալ բան ի վիճակի չէ երկնել։ Այո, երբ չկա անելիք ու ասելիք, մնում է մեկ բան՝ դատարկությունը մշուշել գունավոր ծխով։

Հ. Մ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ