Ինչու է Ֆրանսիան օգնում ՀՀ-ին, ինչ ընթացք կունենան հայ-ֆրանսիական հարաբերությունները Մակրոնի պարտության դեպքում

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը կարծում է, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը երբեք այսքան բարձր մակարդակի վրա չի եղել:

«Նախկինում շեշտը միշտ եղել է քաղաքական աջակցության, հայտարարությունների վրա, ինչպես նաև՝ մշակութային համագործակցության ու կապերի, սակայն հիմա տեսնում ենք, որ այդ համագործակցությունը խիստ նյութականանում է պաշտպանական և տնտեսական համագործակցության տեսքով: Կարծում եմ, որ մեր համագործակցությունը ռազմավարական գործակցության բնույթ է կրում, թեև չունենք ստորագրված նման համատեղ համաձայնագիր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ այն, ինչ Ֆրանսիան արել է Հայաստանի համար, անգնահատելի է. «Չնայած մենք դեռ պաշտոնապես ՀԱՊԿ անդամ ենք, և ՌԴ-ի հետ ունենք ռազմական դաշինք, սակայն հասկանալով, որ դա ընդամենը ֆորմալություն է՝ Ֆրանսիան եղավ ՆԱՏՕ-ի այն անդամը, ԵՄ երկիրը, որ այդ տաբուն խախտեց և մեզ սկսեց լուրջ զինամթերք մատակարարել»:

Միաժամանակ անվտանգության փորձագետը նկատում է, որ այն զենքը, որ ՀՀ-ն ստանում է Ֆրանսիայից և Հնդկաստանից, չի կարելի համեմատել այն ծավալների հետ, որ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ստանում է Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից, Սերբիայից, Բուլղարիայից և Իտալիայից: Թաթիկյանի խոսքով՝ Ադրբեջանն Իտալիայից արդեն առաջին ռազմական ինքնաթիռն է ստացել՝ «Լեոնարդո»-ն, որը շատ ավելի լուրջ տեխնոլոգիա է, քան այն, ինչ մենք ենք ստանում:

Իսկ թե ինչո՞ւ են ՀՀ մատակարարվող ցանկացած զենքի նոր խմբաքանակի հետ Ադրբեջանն ու ՌԴ-ն աղմուկ բարձրացնում, վերջինս ասում է. «Քանի որ ՌԴ-ն և Ադրբեջանը ցանկանում են տեսնել մեզ կախյալ, պաշտպանողականությունը, դիմադրողականությունը կորցրած, և իրենց ձեռնտու չէ, որ մենք մեր պաշտպանական համակարգը որպես երկիր կարողանանք վերականգնել: Իրենք նաև դիվանագիտական առումով ուզում են մեզ տեսնել մեկուսացած: Հետևաբար այն, որ մենք սկսել ենք բազմազանեցնել մեր անվտանգային ու արտաքին քաղաքականությունը և Ֆրանսիայից ու Հնդկաստանից անգամ ստանալ զենք, նրանց խիստ մտահոգում է, դրանով մենք մեր ինքնիշխանությունն ենք ամրապնդում»:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք վերականգնել ռազմական բալանսը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռեսուրսները, Թաթիկյանը հեռանկարային չի համարում:

«Մենք 30 տարի ծուլություն ենք արել, կորցրել, անկախ դրանից՝ Ադրբեջանը բոլոր իմաստներով շատ ավելի շատ ռեսուրսներ ունի և՛ ֆինանսական, և՛ նյութական՝ նավթի ու գազի, նաև՝ դեմոգրաֆիական իմաստով: Գումարած դրան՝ առնվազն վերջին 20 տարում զբաղված է եղել ռազմական ոլորտում ներդրումներ կատարելով և բանակը մոդեռնիզացնելով Թուրքիայի օգնությամբ, իսկ մենք մնացել ենք նախորդ դարում՝ հին ռուսական դարն ապրած մոդելի շրջանակներում»,- նկատում է Թաթիկյանը:

Ըստ նրա՝ պետք է մեր բոլոր ուժերը գերլարել՝ միաժամանակ ընդգծելով, որ չենք կարող բյուջեի 50 տոկոսը ներդնել ռազմական ոլորտի վրա, քանի որ դա անգամ Համաշխարհային բանկի չափանիշներին է հակասում. «Մենք կարող ենք անել մաքսիմալը, սակայն դա չպիտի դառնա սպառազինության մրցավազք: Պետք է փորձենք հասնել առանց անընդունելի զիջումների խաղաղության համաձայնագրի և դիվանագիտական հարաբերությունների բազմազանեցման, որովհետև չենք կարող երազել միայն ռազմական հավասարակշռությունը վերականգնելու մասին, քանի որ դա իրատեսական չէ»:

Զրուցակցի խոսքով՝ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագիր ստորագրել, ամեն կերպ փորձում է դա հետաձգել, որպեսզի պատրվակ գտնի և COP 2024-ը հյուրընկալելուց հետո նոր ռազմական գործողություն սկսի: Ըստ Թաթիկյանի, սակայն, դա դիվանագիտական առումով Ադրբեջանի համար քաղաքական գին կունենա:

«Քանի որ վերջին պատրվակը, որը Ադրբեջանը բերում էր, Տավուշի 4 գյուղերն էին, որոնք իրոք դե յուրե պատկանում էին իրեն, դրանց վերադարձնելուց հետո Ադրբեջանը դժվարություն կունենա լեգիտիմացնել նոր ռազմական հարձակումը: Սակայն քանի որ Ադրբեջանն իրեն արդեն համարում է միջին հզորության պետություն, ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում ընտրությունների՝ մեզ համար անբարենպաստ արդյունքի դեպքում կարող է այդ լեգիտիմացման կարիքն էլ չզգալ: Ամեն դեպքում, մենք միշտ պետք է լինենք զգոն և պատրաստ Ադրբեջանի կողմից սադրանքի ու ռազմական գործողության: Պետք է շատ խելացի գործենք դիվանագիտական առումով, որպեսզի Ադրբեջանին այդ հնարավորությունը չտանք»,- շեշտում է նա:

Խոսելով հայ-ֆրանսիական հետագա համագործակցության և դրա հեռանկարների մասին՝ Սոսի Թաթիկյանն ասում է, որ դա կախված կլինի Ֆրանսիայի ընտրությունների արդյունքից, որի երկրորդ փուլը կկայանա կիրակի, և որի վերաբերյալ կան շատ մտահոգիչ կանխատեսումներ:

«Հիմա Մակրոնի թևը և ձախերը փորձում են ծայրահեղ աջերի՝ Մարի Լը Պենի իշխանության գալը կանխել: Մարի Լը Պենի իշխանության գալու դեպքում, որն ունի կապեր ՌԴ-ի հետ և հայանպաստ դիրքորոշումներ չի արտահայտել վերջին տարիներին, կարող է, ցավոք, սահմանափակել հայ-ֆրանսիական հետագա համագործակցության հեռանկարները»,- եզրափակում է նա:

Հերմինե Կարապետյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ