ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են․ Բեն Քարդին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը շեշտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի ու էթնիկ զտման փաստը՝ ընդգծելով, որ փախստականների առումով պետք է լինի հաշվետվողականություն:

Այս մասին նա հայտնեց Հայաստանի Ազգային ժողովում իր գլխավորած երկկուսակցական պատվիրակության և հայ գործընկերների հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

«Մենք հասկանում ենք, որ այս պահին ձեր ամենամեծ մարտահրավերը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են: Մենք աջակցում ենք այդ համաձայնության կայացմանը: Մենք հասկանում ենք, որ կան խոչընդոտներ, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը բարեկամ չէ Ադրբեջանի հետ համաձայնության գալու հարցում: Մենք հասկանում ենք մյուս այն խնդիրները, որոնց հետ պետք է գործ ունենալ»,- նշեց նա:

Սենատորը հավելեց, որ տեղում տեսնում են այն անվտանգային մարտահրավերները, որ կան Հայաստանի առջև․ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի ու էթնիկ զտման հետ կապված՝ մենք հասկանում ենք, որ երկու երկրների միջև հարաբերութունների կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի նաև հաշվետվողականություն՝ փախստականների առումով, պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը»:

Նա վստահեցրեց, որ կշարունակեն այս հարցերը, խնդիրներն ուշադրության կենտրոնում պահել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ