Ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան

Կառավարությունը կփոխհատուցի մայիսին Լոռու և Տավուշի ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը։ Մասնավորապես, կփոխհատուցվի բնակարանի կամ տան կորուստը։ Այս դեպքում կտրվի բնակարանի գնման վկայագիր։ Կփոխհատուցվի տան վերանորոգման գումարը։ Փոխհատուցվելու են նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։

Քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ բնակարանի գնման վկայագրի արժեքը որոշվում է կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների հիման վրա.

«Ալավերդում ունենք մեկ շենք բազմաբնակարան՝ 16 բնակարանից բաղկացած։ Իրականում այդ 16 բնակարանից միայն 6-ն են գտնվել առաջին հարկում և ամբողջությամբ տուժել։ Բայց քանի որ շենքն ամբողջությամբ դարձել է վնասվածության այն աստիճանի, որ պետք է քանդել, բնակարանի գնման վկայագիր կստանան նաև 2-րդ և 3-րդ հարկերի բնակիչները՝ ևս 10 բնակարանատեր։ Իսկ առանձնատների թիվը ճշտվում է. մեզ 2 նման առանձնատուն է հայտնի՝ Հաղարծինում ու Ձորագետում»։

«Մնացած դեպքերում մենք մարդկանց հատկացնում ենք գումար, որ հնարավորինս արագ իրենց տունը նորոգեն ու վերադառնան ապրելու»,- հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ ջրհեղեղից տուժել է 9 համայնք՝ 39 բնակավայրով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ