Սերժ Սարգսյանի սանիկը, Քոչարյանի նախկին խորհրդականը․ ովքե՞ր են կառուցելու «սրբազան շարժման» «Բաբելոնի աշտարակը»

Ինչպես ավետում է «Տավուշը հանուն հայրենիքի» անվանափոխված «Սրբազան պայքար»-ի «Ֆեյսբուք»-ի էջը, Վազգեն (Բագրատ) Գալստանյանը փակ հանդիպում է ունեցել «ավելի քան հարյուր քաղաքական, հանրային գործիչների հետ»:

«Դահլիճում հանրային կարծիք ձևավորող գործիչներ են: Մարդիկ, ովքեր կոչված են նպաստել Սրբազան պայքարի նպատակների կյանքի կոչմանն ու մեր հաղթանակին»,- քննարկման կամ, ինչպես Գալստանյան է ձեւակերպել, «քաղաքական խորհրդի նիստի» վերաբերյալ կարճ տեսագրությանը կից ազդարարել է վերոհիշայլ քարոզչական էջը։

Օրերս էլ վերջինս հայտարարել էր, թե «հանդիպման կկանչենք նրանց, որոնք ի սկզբանե եղել են։ Հավանաբար այդ ուժերով քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի, ձեւաչափը կորոշենք։ Դա արվելու է, որպեսզի ներգրավվածության աստիճանը մեծանա»։

Հատկանշական է, որ նիստը տեղի է ունեցել փակ դռների հետեւում: Փաստորեն, հանրային կարծիք ձեւավորող սուբյեկտները՝ մոտ երկու տասնյակ կուսակցությունների ներկայացուցիչներն ու հանրային գործիչները, ժողովրդին ու պետությանն առնչվող հարցերը քննարկել են ժողովրդից մեկուսի։

Հայտնի է միայն, որ նիստն սկսվել է խմբակային աղոթքով։ Հետաքրքիր է՝ ի՞նչ ունեն թաքցնելու կամ, ավելի ճիշտ, ի՞նչ թաքուն պլան կամ ծրագիր են մտմտում պետության կամ, ինչպես Գալստանյանն էր օրերս աղաղակում, դրա «փշրանքները» փրկելու համար։

Դատելով «կոնսպիրատիվ» այս նիստի լուսանկարներից՝ կարելի է պատկերացում կազմել, թե ինչ «ներգրավվածություն» ունի վերադասավորումների նպատակով արձակուրդ վերցրած շարժումը, եւ որոնք են այն սուբյեկտները, ովքեր պետք է սպասարկեն շարժման նպատակները։ (Փաստորեն, «չակնկալիքների» պայքարը տրանսֆորմացվել է նպատակներ ունեցող պայքարի)։

Նկատենք, որ հանդիպումը պակաս ներկայացուցչական է եղել, քան շարժման առաջին շաբաթներին տեղի ունեցած քննարկումը:

Թվենք մի քանիսին՝ Սերժ Սարգսյանի սանիկ Հայկ Մամիջանյան՝ ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի երբեմնի՝ անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյան, որը Սերժ Սարգսյանի օրոք էլ եղել է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչը, ինչպես նաեւ նախկին դաշնակցական (հեռացվել է), «նախագահի ընդմիշտ թեկնածու», «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան, որին ժողովուրդը մկրտել է «Նուռ Արամ» մականունով (ժողովրդի շրջանում այս գործչի մասին ժամանակին այսպիսի կատակ էր շրջանառվում՝ մարդ, որին ընտրությունների ժամանակ նույնիսկ իր ընտանիքի անդամները ձայն չեն տալիս), գործարար Ռուբեն Վարդանյանի հովանավորյալ «Ապրելու երկիր» կուսակցության վարչության անդամ, Նիկոլ Փաշինյանի օրոք սոցապնախարար աշխատած, Երեւանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ցուցակի երկրորդ համար Մեսրոպ Առաքելյան, «Քեթրինի Միհրանի»՝ Միհրան Պողոսյանի նորաթուխ կուսակցության ներկայացուցիչ (նրա անունը ճշտել չհաջողվեց), ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի հետ դաշինք կազմած, Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկինում լեւոնական, ապա՝ ծառուկյանական, հետո՝ քոչարյանական Մանուկ Սուքիասյան, «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺԲ-ական, «Սասնա ծռերի» կողմից 2016-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ընդհատակ անցած Գարեգին Չուքասզյան, նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյան, ինչպես նաեւ ԼՂՀ նախկին ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի կուրացիայի ներքո գործող ԼՂՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյան, նրա ամուսինը՝ Հակոբ Հակոբյանը, որպես «Ստեփանակերտի պարետ» հայտնի դարձած, այժմ կալանքի տակ գտնվող Սարգիս Գալստյանի եղբորոդի, նույն խմբակցության անդամ Դավիթ Գալստյան։ ( Ցանկն ամբողջական չէ):

Արդ, ի՞նչ են իրենց հանրային խոսքում քարոզում այս «քաղաքական աջաբսանդալի» ներկայացուցիչներն ու այսպիսով, փաստորեն, հանրային կարծիք ձեւավորում, պետության արտաքին մարտահրավերներին ադեկվատ ի՞նչ ծրագիր են մինչեւ այժմ ներկայացրել այս ուժերն ու գործիչները՝ որպես ռեալ այլընտրանք իշխանության կողմից իրականացվող քայլերի։ Ոչ մի, բացի նրանից, որ պետք է «փոխել պարտված բանակցողին, «վերջ տալ չարիքի իշխանությանը», Հայաստանը չդարձնել «աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ», ինչը ենթադրում է դադարեցնել «սիրախաղը» Արեւմուտքի եւ մասնավորապես ԵՄ-ի հետ, ԵՄ քաղաքացիական դիտորդներին ասել «ցտեսություն», Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ուղարկել գրողի ծոցը, «լավացնել փչացված հարաբերությունները ՌԴ-ի հետ», եւ․․․ ամեն ինչ կընկնի իր տեղը, ավելի ճիշտ՝ Հայաստանը նորից «վեր կընկնի» իր տեղը։

Եթե հիշյալ քարոզչական «սպեկտորը», պլյուս՝ իշխանության հասցեին թշնամանք, վիրավորանք ու ատելության խոսք տարածող, վարչապետի հրաժարականը արդեն մի քանի տարի ու ապարդյուն պահանջող այս շրջանակն է «հանրային կարծիք ձեւավորողը», ապա․․․․ ինչպես ժողովուրդն է ասում՝ «վայը եկել ու տարել է» հանրությանը։

Մի կարեւոր հանգամանք եւս․ քաղաքական վերոթվարկյալ ուժերն այն շրջանակն են, որոնցից «սրբազան շարժումը» պետք է սահմանազատվեր՝ հանրային աջակցության մակարդակը բարձրացնելու համար, մինչդեռ անում է ամեն ինչ Տավուշից սկիզբ առած շարժումը «Դիմադրության շարժում 2» կամ էլ՝ ՀՓՇ-2 դարձնելու համար։

Այս՝ մարգինալ, հանրային ցածր վստահություն ունեցող (ինչն ապացուցվել է ԱԺ արտահերթ եւ ՏԻՄ տարբեր ընտրությունների միջոցով) ուժերի «կոնցենտրացիան» մեկ «տարայում»՝ «սրբազան շարժման» քաղաքական խորհրդում, շարժումը ոչ թե տանելու է մաքրման ու բյուրեղացման, կարծրացման ու ինստիտուցիոնալացման, այլ բերելու է դրա անխուսափելի քայքայմանը, քանի որ չի կարող դեստրուկտիվ օրակարգը (սկզբից՝ հրաժարական, հետո՝ նոր մնացածը) գեներացնել կոնստրուկտիվ գաղափարներ ու այլընտրանքներ։

Հետեւապես, սրբազանականները կանգնելու այն նույն տաշտակի առաջ, որի առաջ արդեն իսկ կանգնել են 2021-ին եւ 2022-ին․ առաջինի դեպքում 17 ուժերի համախմբումը ցրվեց տներով ու նախապատրաստվեց արտահերթ ԱԺ ընտրություններին, երկրորդի դեպքում էլ ցրվեց տներով, հանեց պայքարի շորերն ու ԱԺ պատգամավորի «դրեսս-կոդով» վերադարձավ խորհրդարան՝ աշխատելու ու ռոճիկ ստանալու։

Այս դեպքում էլ նույնն է լինելու՝ արտախորհրդարանականները վերադառնալու են իրենց առօրյա անելիքին, խորհրդարանականները՝ իրենց, փորձագետերն իրենց ասելիքը շարադրելու են «Հայելի» ակումբում կամ մամուլի ասուլիսների այլ սրահներում եւ/կամ ֆեյսբուքյան ռազմահայրենասիրական ստատուսներում, դե իսկ Գալստանյանն էլ երեւի կվերականգնի իր կասեցված կամ սառեցված եկեղեցական գործունեությունն ու խաչը նորից վիզը կառնի՝ ծառայության անցնելով թեմերից մեկում (գուցե նորից Տավուշում)։

Հարկ է նկատել, որ խորհրդի պես մի մարմին էլ՝ «Ազգային կոմիտե», ձեւավորվեց 2023-ին՝ ԼՂ բռնազավթումից՝ ՀՀ-ում բորբոքված հերթական բողոքի ալիքից հետո, Վազգեն Մանուկյան, Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Իշխան Սաղաթելյան կազմով, որը պետք է կոորդինացներ անհնազանդության հակակառավարական ակցիաները։ Սակայն այս կոմիտեն նույնպես «ընկավ», եւ դրա մասին երեւի հիշում է 5-հոգանոց կազմից միայն․․․ Վազգեն Մանուկյանը։

Նախքան հերթական խորհրդի հերթական քայքայման պրոցեսին ականատեսը լինելը՝ նկատենք՝ շարժումը մտել է ծայրահեղ անկեղծության փուլ․ եթե ի սկզբանե դրա քարոզչական շտաբն ամեն կերպ փորձում էր «մաքուր» պահել այն եւ չնույնականացնել նախկին ռեժիմի հետ, այդ ռեժիմի ներկայացուցիչներն էլ շարժման առաջին շարքերում չէին երեւում եւ «հուդայաբար» չէին համբուրում Գալստանյանի այտերը՝ հանրությանն այսպիսով չվանելու համար, ապա այժմ գործում են ազատ, անկաշկանդ, առանց դիմակների ու սեթեւեթանքի, իրար «ջան» ասել, «ջան» լսելով։ Մնում է քաղաքական համախոհության այս՝ Փաշինյանի գահընկեցությանը միտված «սրբազան խորհրդին» հարմար անուն տալ։ Օրինակ՝ «Բաբելոնի աշտարակաշինարարները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ