42 hաջողակ կին գործարարները ստացել են 1-ական մլն դրամ ֆինանսական աջակցությունը. «Իմ քայլը» հանձնել է հավաստագրերը

Հուլիսի 3-ին Փարպիում տեղի է ունեցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի հաղթող 42 կանանց դրամաշնորհների հանձնման արարողությունը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը:

««Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի շրջանակներում այցելեցինք Հովհաննավանք վանական համալիր և Հայոց այբուբենի հուշարձան, այնուհետ ուղևորվեցինք Փարպի գյուղ, որտեղ էլ գողտրիկ «Փարպի գարդեն» այգում տեղի ունեցավ 42 հաղթող գործարար կանանց դրամաշնորհների հանձնման և պայմանագրերի ստորագրման արարողությունը:

Հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ 1 մլն դրամ ֆինանսական աջակցությունը փաստող հավաստագիր:

Իմ և հիմնադրամի մաղթանքը գործարար կանանց հետևյալն է՝ զարգացրեք և ընդլայնեք ձեր բիզնեսը, և դուք դարձեք այն հաջողակ կին գործարարները, ովքեր հաջորդ տարինեին 1-ական միլիոն դրամ կնվիրաբերեն սկսնակ գործարար կանանց»,- գրել է Աննա Հակոբյանը:

Ապրիլի 14-ին կայացել էր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքը, որի հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը սկսել էր ընդունել դրամաշնորհ ստանալու հայտերը։ Դիտարկվելու էին բացառապես այն հայտերը, որոնք ներկայացնող սկսնակ գործարարներն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ և գործունեություն են ծավալում ՀՀ մարզերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ