Ինչ անել, որ Ադրբեջանը վերադառնա կառուցողական դաշտ. Քոչինյանը 4 կետ է մատնանշում

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է, որ ԱՄՆ Պետքարտուղարության վերջին հայտարարությունը, ըստ որի՝ Երևան-Բաքու բանակցությունները առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար, ուղղված է Իլհամ Ալիևին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քոչինյանը նկատում է՝ կարևոր է ընդգծել, թե ինչո՞ւ են հիմա այդ հայտարարությունն անում. «Այդ հայտարարությունն անում են՝ ելնելով Ալիևի վերջին դիրքորոշումներից, որտեղ նա, ըստ էության, պայմանագիրը գրեթե բացառող հայտարարություն արեց՝ ասելով, թե ինքը չի պատրաստվում ստորագրել, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը»:

Իսկ երկրորդ գործոնը, թե ինչու է հայ-ադրբեջանական կարգավորումը կարևոր Միացյալ Նահանգների համար, ըստ Քոչինյանի, հետևյալն է. «Որովհետև հայ-ադրբեջանական կարգավորումը բոլորովին այլ իրավիճակ կարող է ստեղծել Հարավային Կովկասում, որտեղ ՌԴ-ն կունենա շատ ավելի սահմանափակ քաղաքական և ռազմաքաղաքական ներկայություն և ազդեցություն, քանի որ հայ-ադրբեջանական կարգավորմանը հաջորդելու է հայ-թուրքական կարգավորումը, ինչը որակապես փոխելու է Հայաստան-ՌԴ հարաբերությունները: ԱՄՆ-ին դա պետք է ՌԴ-ի հետ գլոբալ դիմակայության տրամաբանության համայնապատկերի մեջ»:

Խոսելով ՌԴ ԱԳՆ արձագանքի մասին, որտեղ մասնավորապես ասվում է, որ եվրատլանտիստների կողմից գործողությունները հանգեցնում են նոր բաժանարար գծերի առաջացմանը Հարավային Կովկասում և կործանարար հետևանքներ կունենան ոչ միայն այս տարածաշրջանի, այլև ընդհանուր Եվրասիական անվտանգության համար՝ քաղաքագետն ասում է, որ սրանք շատ ուղիղ սպառնալիքներ են. «Խնդիրը հետևյալն է. ՌԴ-ն դեմ է առանց իր մասնակցության հարցի կարգավորմանը, իսկ դա նշանակում է, որ կարգավորմանն է դեմ, որովհետև եթե ինքը մասնակցելու է, կարգավորում չի լինելու»:

Ըստ Քոչինյանի՝ այս ամեն ինչի մեջ շատ կարևոր է Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետև ՀՀ դիրքորոշումն արդեն իսկ բոլորին հասկանալի է՝ Հայաստանն ուզում է կարգավորում և պատրաստ է շատ մեծ քաղաքական կապիտալ ներդնել և դա ապացուցել է դելիմիտացիայի-դեմարկացիայի առաջին փուլում՝ այդ օրակարգը սպասարկելու համար:

«Հիմա ամբողջ խնդիրը Ադրբեջանի դիրքորոշումն է, և այդ դիրքորոշումը իսկապես խնդիր է՝ ելնելով Ալիևի վերջին հայտարարություններից: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ցույց տանք, թե Ադրբեջանն ինչքան ապակառուցողական է: Բայց ինձ համար շատ ավելի կարևոր է անել ամեն ինչ, որ Ադրբեջանը լինի կառուցողական, և այդ ուղղությամբ է պետք աշխատել, ոչ թե սրան կամ նրան ինչ-որ բան ապացուցելու»,- ասում է քաղաքագետը:

Հարցին, թե ի՞նչ անել, որ Ադրբեջանը դառնա կառուցողական, նա պատասխանում է, որ կան մի քանի պրոցեսներ, որոնց ուղղությամբ պետք է շարունակաբար աշխատել:

«Ամենաառաջինը՝ հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ դա ՀՀ դիմադրողունակությունն է, և այստեղ շատ կարևոր եմ համարում Ֆրանսիայի հետ վերջին համաձայնությունը 36 «Սեզար» համակարգերի ձեռքբերման փաստով և այդ ուղղությամբ խոսակցության շարունակությունը: Երկրորդը՝ չնայած բոլոր դժվարություններին և ապակառուցողական հայտարարություններին՝ Ադրբեջանի կողմից բանակցությունները շարունակելն է թեկուզ երկկողմ ձևաչափով: Երրորդը՝ արևմտյան գործընկերների հետ աշխատելն է, նրանց ներգրավվածությունը այս պրոցեսում ապահովելը: Եվ չորրորդը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքն է՝ այն հաշվարկով, որ հայ-թուրքական կարգավորման պարագայում Թուրքիան կարող է ավելի մեծ ներգրավվածություն և ավելի մեծ ասելիք ունենալ հայ-ադրբեջանական կարգավորման տրամաբանության մեջ: Այսինքն՝ ռեվերս տրամաբանություն փորձենք կիրառել. առաջինը ոչ թե լինի հայ-ադրբեջանական կարգավորումը, որը կազդի հայ-թուրքականի վրա, այլ քանի որ հայ-ադրբեջանականը ոչ Հայաստանի պատճառով կանգնել է, կարգավորել հայ-թուրքականը, որը կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանականի վրա: Այս 4 ուղղությամբ շարունակական ու պրոֆեսիոնալ աշխատանք է պետք»,- կարծիք է հայտնում նա:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունենալ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, Քոչինյանն արձագանքում է՝ ակնկալիքներ, իհարկե, կարելի է ունենալ, սակայն դրան զուգահեռ պետք է այդ ուղղությամբ աշխատել, քանի որ դա հնարավորություն է, որը պետք է օգտագործել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ