Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել:

Փոխվարչապետն իր շնորհավորական խոսքում խաղաղություն, բարօրություն և առաջընթաց է մաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին:

«Այս առանձնահատուկ օրը հնարավորություն է տալիս վերստին արժևորելու ժողովրդավարության այն գաղափարները, որ հիմնադիր հայրերը դրել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում: Եվ այսօր մեր ամերիկյան բարեկամների հետ տոնում ենք այս նշանակալի օրը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը այդ ընդհանուր ժողովրդավարական արժեքներին»,-նշել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը և դիմակայունության բարձրացմանն ուղղված՝ ԱՄՆ շարունակական աջակցության համար:

«Կայուն ժողովրդավարության կայացման կարևորագույն նախապայմաններից է խաղաղությունը: Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը: Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում ամերիկյան կողմի հետևողական ջանքերը՝ միտված խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը: Կարևորում ենք նաև Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարող ԱՄՆ հասցեական հայտարարությունները»,- նշել է փոխվարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ