Եթե մեկ ամիս ինտենսիվ աշխատենք, կարող ենք ավարտել գործընթացը և ստորագրել խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ շեշտել է հարաբերությունները լիովին կարգավորելու՝ Երևանի պատրաստակամությունը։

«Մենք առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ և գիտենք, որ արդեն երկար ժամանակ է անցել, ժամանակն է դա իրականացնել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, մենք բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ։ Կա խաղաղության պայմանագիր, որին Հայաստանը դրական է վերաբերվում, շատ թափանցիկ գործընթաց է։ Եթե մեկ ամիս ինտենսիվ աշխատենք, կարող ենք ավարտել այս գործընթացը և ստորագրել այդ կարևոր պայմանագիրը Ադրբեջանի հետ։

Կարծում ենք՝ սա պատմական իրադարձություն է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանման և հաստատման համար»,- ասել է նա։ Ըստ ԱԳ նախարարի՝ Հայաստանը նաև կառուցողական է տրամադրված Ադրբեջանի հետ ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման հարցում, ինչը տնտեսապես կօժանդակի ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի խոշոր երկրներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ