Չակնկալիքների շարժման աշնանային ակնկալիքները

Մամուլը գրում է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սյունիք կատարած այցից հետո մտադիր է շարունակել մարզային այցերը: Ըստ աղբյուրի Գալստանյանը հանդիպել է մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ և քննարկել առաջիկա անելիքները, սակայն նա չի մանրամասնել իր ծրագրերը, միայն վստահեցրել է, որ շարժումը չի մարելու, առաջիկայում նոր թափով վերսկսվելու է։

Բագրատ Գալստանյանը շարունակում է մնալ իր ոճի մեջ։ Հագևորական ծառայությունը սառեցրած և քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվող այս անձը շարունակում է «կենացային» գործելաոճը։ Գալստանյանը փաստորեն իր ծրագրերի, երկրի ապագայի հետ կապված սեփական տեսլականի մասին խուսափում է խոսել ոչ միայն այն քաղաքացիների հետ, որոնք մոտենում են նրան և օբյեկտիվ հարցեր են բարձրացնում, այլև այն քաղաքական ուժերին, որոնք արդեն տևական ժամանակ շուրջպար են բռնել Գալաստանյանի շուրջը։

Իսկ ո՞րն է նման գործելաոճի պատճառը։ Կամ Գալստանյանը չի վստահում նրանց, ովքեր վստահում են, կամ գուցե ցույց են տալիս որ վստահում եմ իրեն, կամ ուղղակի չունի որևէ ծրագիր, պլան, ճանապարհային քարտեզ և առաջնորդվում է տվյալ պահի թելադրանքով, կամ ինչ նոր հանձնարարություն կստանա նրանցից, ովքեր հանդիսանում են այս շարժման իրական խաղավարները։

Բագրատ Գալստանյանը խոստանում է թեժ աշուն, փոփոխությունների աշուն, մի խոսքով խոստանում է ճտերը հաշվել աշնանը, սակայն թերևս մոռանում է, որ ճտերն աշնանը հաշվելու համար պետք է գարնանը լավ աշխատել, իսկ արդյո՞ք լավ է աշխատել գարնանը Բագրատ Գալստանյանը։ Մարդ, որն իր առաջնորդած շարժումը գարնանը համարում է չակնկալիքների շարժում, ակնկալում է շարժման նոր թափ արդեն աշնանը։

Գալստանյանը շարունակում է կրկնօրինակել 2018 թվականի շարժումը, կրկնօրինակել անձամբ Նիկոլ Փաշինյանին, թեպետ հենց Փաշինյանին է մեղադրում է բոլոր մեղքերի համար։ Բայց մի մեծ դետալ առայժմ չի կարողանում լիարժեք կրկնօրինակել՝ հասարակության վստահությունը։ Իսկ այդ վստահությունը Փաշինյանին կրկնօրինակելով հաստատ չի ստանա, որովհետև 2018-ին ինչ-որ պահից արդեն ժողովուրդն էր դարձել շարժման առաջնորդը և ի տարբերություն Գալստանյանի՝ ժողովուրդը ակնկալիքների պայքար էր մղում և ոչ թե չակնկալիքների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ