Արցախահայերի խնդրի առաջնահերթություններից մեկը անվտանգ վերադարձի մեխանիզմների բացակայությունն է. Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ»-ին Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ։

— Պարոն Գրիգորյան, հունիսի 20-ին միջազգային ողջ հանրույթը նշել է Փախստականների համաշխարհային օրը, որն այս տարի նոր բովանդակություն է ձեռք բերել հայերիս համար։ Ի՞նչ կերպով է այն վերաիմաստավորվել Ձեզ համար։

— Այս տարի Փախստականների համաշխարհային օրը, ցավոք, սերտ կապ ունի մեզ հետ և խորը նշանակություն յուրաքանչյուր արցախահայի համար։ Այն վերաիմաստավորվել է վերջին իրադարձությունների բովում, երբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ պատերազմի հետևանքով դեռևս 2020թ․-ին 90 հազար արցախահայեր վախի և ճնշման առկայությամբ ստիպված եղան լքել իրենց տները, իսկ ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում 2023թ․ սեպտեմբերին բռնի ուժի կիրառմամբ Ադրբեջանը էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղը՝ ավելի քան 150 հազար արցախցու զրկելով սեփական հողում ապրելու իրավունքից:

Փախստականների համաշխարհային օրը վերաիմաստավորել է մեր պատկերացումները մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Այս օրը խորհրդանշում է փախստականների հետ համերաշխությունը, սակայն այն ծառայում է նաև որպես վառ հիշեցում այն բոլոր մարտահրավերների, որոնք ծառանում են փախստականների առաջ։ Այն հիշեցումն է այն բանի, որ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն միջոցներ և աշխատել կայուն լուծումների ուղղությամբ՝ պաշտպանելով փախստականների ոտնահարված իրավունքներն ու ապահովելով փախստականների, այդ թվում՝ արցախահայերիս անվտանգ և երաշխավորված վերադարձը։ Այս օրը հիշեցում է նաև միջազգային համագործակցության և աջակցության կարևորության մասին։ Այն պատասխանատվության քող է սփռում յուրաքանչյուրի վրա՝ ապահովելու փախստականների անվտանգ և հուսալի ապագայի կերտումը այն վայրերում, որտեղից տեղահանվել են կյանքի և արժանապատվության սպառնալիքի ներքո։

— Պարոն Գրիգորյան Դուք նշեցիք, որ օրվա խորհուրդը ներառում է նաև հիշեցում փախստականների առջև ծառացած մարտահրավերների մասին։ Ո՞րն է Լեռնային Ղարաբաղի փախստականների առջև ծառացած կարևորագույն խնդիրը:

— Ադրբեջանի ագրեսիվ և պատերազմատենչ քաղաքականության հետևանքով ոճրագործություններից խույս տալու համար իրենց պատմական հողերում բնակություն հաստատելուց զրկված արցախահայերիս առաջ ծառացան մի շարք մարտահրավերներ, որոնցից թերևս կարևորագույնը այսօր մեր անվտանգ վերադարձի խնդիրն է։ Այս խնդիրը ենթադրում է մի շարք առաջնահերթություններ, որոնց լուծման դեպքում միայն հնարավոր կլինի մեր արժանապատիվ վերադարձը։

— Որո՞նք են ձեր նշած խնդրի առաջնահերթությունները, և ինչպիսի՞ լուծումներ կարելի է առաջարկել դրանց հաղթահարման համար:

— Արցախահայերի վերադարձի խնդրի առաջնահերթություններից մեկը անվտանգ և արժանապատիվ վերադարձի մեխանիզմների բացակայությունն է։ Մենք բազմիցս ականատես ենք եղել, և վերջին իրադարձություններն էլ, հիրավի, ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որը բնութագրվում է ադրբեջանցիների շրջանում հայատյացության սերմանմամբ, ավելի է բարդացնում խաղաղ գոյակցության և Արցախում տեղահանված հայերի իրենց տները վերադառնալու հեռանկարները: Այս քաղաքականությունը ոչ միայն խոչընդոտում է վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին, այլ նաև անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Հաշվի առնելով այս մարտահրավերները՝ միջազգային անվտանգության մեխանիզմների կոչը դառնում է վճռորոշ: Միջազգային պատկառելի կառույցների ներգրավվածությունը օրակարգային է արցախահայերի պաշտպանությունն ապահովելու և միջազգային մեխանիզմներով նրանց իրավունքները երաշխավորելու համար: Նման մեխանիզմները կարող են ներառել դիտորդական առաքելություններ կամ դիվանագիտական վերահսկողություն՝ վերադարձի գործընթացը վերահսկելու և պաշտպանելու համար:

Ի հավելումն անվտանգության միջոցառումների՝ ջանքերը պետք է կենտրոնանան ատելության ու անհանդուրժողականության դեմ պայքարի վրա:

Ի վերջո, արցախահայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը պահանջում է բազմակողմանի մոտեցում, որը ներառում է անվտանգության միջազգային երաշխիքները և իրավական պաշտպանությունը և կայուն զարգացման նախաձեռնությունները: Այս խնդիրներին համակողմանի և ընդգրկուն կերպով անդրադառնալով և Ադրբեջանին գործուն կերպով միջազգային իրավունքների մի շարք նորմերի և սկզբունքների խախտման համար պատասխանատվության ենթարկելով հնարավոր կլինի կանխել ապագայում նույնօրինակ սցենարն ու իրացնել արցախահայերիս արժանապատիվ և անվտանգ վերադարձի անօտարելի և անհերքելի իրավունքը։

— Խոսելով Փախստականների համաշխարհային օրվա մասին, Պարոն Գրիգորյան, ի՞նչ ուղերձ կամ կոչ կցանկանայիք ուղղել։

— Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ կոչ եմ անում արցախահայությանը, չնայած այն բոլոր զրկանքներին, որ միասին կրել ենք ադրբեջանական հակահումանիստական քաղաքականության պատճառով, զինվել համբերությամբ և տոկունությամբ՝ հաջողությամբ պայքարելու մեր կենսական իրավունքների վերականգնման համար։ Կոչ եմ անում նաև միջազգային հանրությանը ու միջազգային ատյաններին հանել անտարբերության քողը, որը սազական չէ քաղաքակիրթ աշխարհին։ Մենք կոչ ենք անում միջազգային հեղինակավոր կառույցներին համապատասխան պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կանխելու հետագա ծրագրերը ուղղված արցախահայերի ինքնության և իրավունքների դեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ