Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է․
Երկու իրար հակասող հայտարարություններ նույն օրը, Բաքվից և Վաշինգթոնից
Հուլիսի 1-ին Բաքվում Կանադայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերն ընդունելիս Ադրբեջանի բռնապետը բացառել է խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի դեռ Հայաստանի Սահմանդրությունը չի փոխվել, հայտարարել է, որ դա նախապայման է, և «այդ պայմանը կատարելու դեպքում խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում», իսկ «հնարավոր տարբերակներից մեկը համարել է «հիմնական սկզբունքների նախաստորագրումը», և արձագանքելով արցախցիների վերադարձի մասին Կանադայի դեսպանի մեկնաբանությանը, հակադարձել է, որ «վերադարձի իրավունքը պետք է ապահովվի երկուստեք, այդ թվում պետք է վերաբերվի Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին»։
Հուլիսի 1-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Վաշինգտոնում, ընդգծել է, որ «ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հասանելի է», առկա է «բացառիկ հնարավորություն, ներուժ»՝ երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի կյանքի կոչման համար, իրենք «Ադրբեջանին կոչ են արել այդ հարցում որոշիչ դեր խաղալ։ Մենք ակտիվորեն ձգտում էինք հասնել դրան դիվանագիտության ճանապարհով։ Եվ, կարծում եմ, այժմ այն իրապես հասանելի է։ Ես այդ մասին մոտավորապես մեկ շաբաթ առաջ խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կարծում եմ՝ դա իրագործելի է և ամբողջապես համապատասխանում է Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի շահերին»։
Ակնհայտ է, որ Ալիևը վստահ մերժում է ԱՄՆ-ին՝ վստահ, որ կհաղթահարի հետևանքները կամ վստահ լինելով, որ իր համար հետևանքներ չեն լինի․․․