Դեսպան Տոլմաջյանը ներկա է գտնվել Ռենսի քաղաքի հայկական կրթահամալիրի շրջանավարտների հրաժեշտի միջոցառմանը

Հունիսի 30-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Ռենսի (Le Raincy) քաղաքում գտնվող «Դպրոցասեր» հայկական կրթահամալիրի շրջանավարտների տարեվերջյան միջոցառմանը և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։

Դեսպան Տոլմաջյանը, ջերմորեն շնորհավորելով շրջանավարտներին, նրանց մաղթել է ամենայն հաջողություն իրենց հետագա ուսումնառության մեջ։ Նա նաև երախտագիտություն է հայտնել «Դպրոցասեր» կրթահամալիրի տնօրեն Հայկ Սարգսյանին, ուսուցիչներին, ինչպես նաև դպրոցի հոգաբարձուների խորհրդին՝ ի դեմս նախագահ Աղավնի Սարիկայայի, իրականացրած ազգանվեր գործունեության համար՝ ընդգծելով Ֆրանսիայում ամենահին հայկական կրթական հաստատություն հանդիսացող «Դպրոցասերի» կարևոր դերակատարությունը հայապահպանության գործում։

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիայի իշխանությունների կողմից ֆրանսահայ կրթական հաստատությունների հանդեպ ցուցաբերված ուշադրության, նրանց գործունեությունն արժևորելու և խրախուսելու համար՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս ապահովելու բարձրորակ կրթություն։

Միջոցառմանը ներկա էին նաև Ռենսիի մերձակա Լիվրի Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Ռենսիի քաղաքային խորհրդի անդամներ, աշակերտներ, ծնողներ։

«Դպրոցասեր» հայկական կրթական համալիրը ստեղծվել է 1879թ. Կոստանդնուպոլսում՝ որպես օրիորդաց դպրոց։ Հայոց ցեղասպանությունից փրկված դպրոցի ուսուցչական և աշակերտական անձնակազմը 1920-աններին ֆրանսիական իշխանությունների հոգածությամբ տեղափոխվել է Ֆրանսիա։

1924թ. «Դպրոցասեր»-ը տեղակայվել է Մարսել քաղաքում, իսկ 1928թ.-ից գործում է փարիզամերձ Ռենսի քաղաքում՝ հանդիսանալով Ֆրանսիայում ամենահին հայկական կրթական հաստատությունը։ Ֆրանսիական հանրակրթական ծրագրին զուգահեռ՝ «Դպրոցասեր»-ը ներառում է նախակրթարան և քոլեջ, որտեղ, ֆրանսիական հանրակրթական ծրագրին զուգահեռ, դասավանդվում են նաև հայերեն լեզվով առարկաներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ