Ընդդիմությունը ձեռքից բաց թողեց իշխանության ղեկը, բայց ձեռքն այդ այդպես էլ չմեկնեց ժողովրդի զարկերակին

Հետևելով ընդդիմության կողմից իշխանափոխության հարցը պարբերաբար օրակարգ բերելուն և այն իրագործելու ուղղությամբ գործադրվող հետևողական, բայց ապարդյուն ջանքերին՝ կարելի է եզրակացնել՝ քաղաքականությամբ զբաղվող այս խմբակը դպրոցում լավ չի սովորել մասնավորապես քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն առարկաները։ Այլապես, եթե տարրական գիտելիքներ ու հաշվարկել սովորած լինեին, որպեսզի ինչ-որ բան լույս աշխարհ գա, ծնվի, պետք է ժամանակագրորեն ճիշտ և ամբողջ ցիկլով հաջորդեն ծնվելիքի զարգացման փուլերը։ Այսինքն՝ սերմը որպեսզի ցորեն դառնա, ապա այն պետք է ցանել սահմանված ժամկետում, ցանելուց մինչև բերքահավաք էլ պետք է անցնի որոշակի ժամանակաշրջան։ Այլապես, եթե ժամանակից շուտ տեղի ունենա հունձքը, հնձածը չի լինի դիցուք ալյուր ստանալու համար պիտանի բերք և լավագույն դեպքում կծառայի որպես անասնակեր։

Նույնպես և մարդու լույս աշխարհ գալու դեպքում է՝ կա բնության կողմից սահմանված ժամկետ ֆիզիոլոգիապես նորմալ պտղի ծնվելու համար, և որքան էլ մեծ լինի ցանկությունը կրճատել այդ ժամանակն ու արագացնել պրոցեսը, բնության անխախտ օրենքը դա թույլ չի տա։ Կարելի է, իհարկե, «ծնունդն» արագացնել արհեստական միջամտության, զանազան խթանիչների օգնությամբ, սակայն ծնվելիքը դժար կլինի անվանել ֆիզիոլոգիական տեսանկյունից նորմալ պտուղ, իսկ թերածին, վիժուկ՝ այո։ Նույնն էլ ընդդիմության պարագայում է՝ քաղաքական այս խմբակն արդեն տարիներ շարունակ (2018-ի հեղափոխությունից այս կողմ) փորձում է արհեստականորեն իշխանափոխություն «լույս աշխարհ բերել»՝ անտեսելով այդպիսի կարևոր գործընթացի լեգիտիմ նախադրյալների, գեներացման, հասունացման ու պոռթկման պարտադիր հերթագայության կանոնները, ինչի հետևանքով էլ վիժեցվում է առաջ բերված օրակարգը՝ ամեն անգամ «երկնում» է, բայց «լեռան փոխարեն մուկ ծնում», դե իսկ հնձածներն էլ լինում է ոչ թե «ցորենի», այլ՝ …«անասնակերի» տեսքով։

Այսօր «Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորում»-ի ժամանակ, խոսելով իշխանափոխության մասին, հենց այս կանոնն էր բանաձևում Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, քաղաքական ավելի ընդգրկուն համատեքստում։ «Ես վերջերս քաղաքական հանգամանքների բերումով միշտ ասում եմ՝ եթե ժողովուրդը ցանկանա անել իշխանափոխություն՝ կանի, ոչ ոք չի կարող դրա դեմը առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար։ Եվ հետևաբար իմ գնահատականն է, որ մենք պետք է շատ ժամանակ ծախսենք ինստիտուտների կայացման վրա»,-մասնավորապես նշեց վարչապետը։

Հետահայաց գնահատելով 2018-ի հեղափոխությունը՝ պետք է արձանագր

ել՝ այն, որպես իշխանափոխության սահմանադրական եղանակով տեղի ունեցած գործընթաց, հասունացել էր առնվազն 20 տարի, ուներ և քաղաքական, և սոցիալական, և բարոյահոգեբանական բաղադրիչ։ Եվ եթե առանձին-առանձին քննենք այդ բաղադրիչներն ու խորամուխ լինենք դրանց բովանդակության մեջ, ապա կպարզվի՝ հեղափոխությանը հանգեցրած հանգամանքները դեմոկրատական չկայացած ինստիտուտներն էին կամ ինստիտուտների՝ դեմոկրատական տեսակետից անբավարար մակարդակը։ Այսինքն՝ ինստիտուտները, որպես այդպիսիք, կային, սակայն որպես «ֆուտլյար», որպես բուտաֆորիա, եթե կուզեք՝ մուլյաժ, որոնք իմիտացնում էին ժողովրդավարություն՝ մեր երկրում ժողովրդավարության ինդեքսները չափող միջազգային կառույցների աչքերին թոզ փչելու սկզբունքով։ Զորօրինակ՝ դատաիրավական համակարգը, որը որպես Սահմանադրությամբ անկախ ինստիտուտ գոյություն ուներ, սակայն բովանդակային առումով այդ անկախությունը ենթարկվում էր արտաքին միջամտությունների, և արդարադատությունն իրականացվում էր ոչ թե Ֆեմիդայի աչքերին նայելով, այլ՝ Բաղրամյանի վրա գտնվող նստավայրից ստացված զանգերին ականջալուր լինելով։ Ի դեպ, դեռ 2019-ին Բարձրագույն դատական խորհրդի մեկամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ խոսել էլ ՀՀ-ում իրապես անկախ և անկաշառ դատական համակարգ ձևավորելու «պատմական շանսի» մասին: «Ես համոզված եմ, որ այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, որոնք կնպաստեն այդ շանսի իրացմանը, և ովքեր են, որ կխանգարեն: Եթե պարզվի՝ խանգարողներ կան, ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն անկախ դատական համակարգի հարցը»,- ասել էր վարչապետը: Հետաքրքիր է՝ քանի՞ «խանգարողի» հարց է լուծվել այս ընթացքում։

Նույնը ընտրական ինստիտուտի վերաբերյալ կարելի է ասել. ընտրական համակարգը, որպես դեմոկրատական սահմանադրորերն երաշխավորված ինստիտուտ, ուներ կայացած համարվելու համար ողջ ատրիբուտիկան՝ ընտրական՝ պարբերաբար բարեփոխվող, լավարկվող օրենսդրությունից մինչև ընտրությունների կազմակերպման ընդհուպ գերդեմոկրատական գործիքներ՝ թափանցիկ քվեատուփերից մինչև ընտրողից մատնահետք վերցնելը, սակայն ընտրությունների կեղծված արդյունքները զրոյացնում էին այդ ինստիտուտի բարի համբավն ու ամեն անգամ էլ ավելի խորացնում հասարակության անվստահությունը սահմանադրական այս գործիքի հանդեպ՝ ընդհուպ ընտրությունները բոյկոտելու տեսքով։ Իսկ կայացած դժվար է համարել մի ինստիտուտ, եթե այն ունի հանրային վստահության լրջագույն դեֆիցիտ։ Եվ պատահական չէ, որ փողոցային պայքարի միջոցով իշխանափոխության նպատակը ձախողած ընդդիմությանը, որի՝ խորհրդարանում հայտնվելը ընտրական ինստիտուտի կայացման անհերքելի վկայությունն է, խորշում է որպես իշխանափոխության սահմանադրական, լեգիտիմ ճանապարհ դիտարկել արտահերթ կամ հերթական ընտրությունները, քանի որ անձնական օրինակով արդեն իսկ (2018-ի և 2021-ի արտահերթ ԱԺ, ՏԻՄ ընտրություններ) առերեսվել է ընտրական ինստիտուտի կայացածության ապացույցին։ Այն է՝ ՀՀ-ում քաղաքական ուժերի «տեղաշարժը» փողոցից դեպի խորհրդարան տեղի է ունենում ոչ թե նախկինում գործած ճարպիկ զեղծարարության, այլ այնպիսի պարզ ու հանճարեղ մեխանիզմի միջոցով, որը կոչվում է «ժողովրդի ազատ կամարտահայտություն»։ Նկատենք, որ ընդդիմությունն այս ընթացքում, ինչ խորհրդարանում է, քանիցս է աղաղակել՝ արտահերթ ընտրություններ կարող են լինել մի դեպքում, եթե դրանք չի կազմակերպի Նիկոլ Փաշինյանը, քանի որ այդ պարագայում նա կօգտագործի բոլոր լծակները՝ վարչականից մինչև ուժային, ՔՊ-ի վերարտադրության համար։ Սա, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան պերճախոս վկայությունն այն զազրելի «ավանդույթների», որոնք տարիներ շարունակ գործել ու քայքայել են ընտրական ինստիտուտի իմունիտետն ու, որպես վճռորոշ գործոն, ըստ էության, հանգեցրել 2018-ի հեղափոխությանը։ Պատահական չէ, որ որպես ժողովրդավարության առումով տեղի ունեցած փոփոխություն Փաշինյանը ֆորումի ժամանակ իբրև օրինակ վկայակոչեց «ընտրությունների կեղծիք» և կամ «ընտրությունների արդյունքներ կեղծել» արտահայտությունները՝ նկատելով՝ այս արտահայտությունները «արդեն պատմական ժանրին են վերագրված ՀՀ-ում, և դա շատ կարևոր է»։ Ասել է թե՝Փաշինյանն այսպիսով «բռնեց» ընդդիմության «վախը»՝ հորդորելով չտվայտվել՝ իրենց նախկին ռեժիմի օրոք գործած մեթոդներն այլևս արխիվային են։

Վերադառնալով նախահեղափոխական ժողովրդավարությանը՝ նկատենք, որ այն Հայաստանում կար, գոյություն ուներ, սակայն որպես երևույթի սպեցիֆիկ դրսևորում, որն ընդունված էր անվանել տեղայնացած տերմինով՝ «հայկական ժողովրդավարության»։ Իսկ այսօր կառավարության ջանքերը, հարկավ, պետք է ուղղորդված լինեն սպեցիֆիկ ժողովրդավարությունը «ստանդարտացնելուն»՝ միջազգային «նորմատիվներին» իդենտիկ դարձնելուն, այդ նորմատիվներից շեղումները նվազագույնի հասցնելուն։ Այսինքն՝ ինստիտուցիոնալ առումով այնպիսի մակարդակի հասցնել ժողովրդավարական ինստիտուտները, երբ դրանք գնահատելիս այլևս հաշվի չեն առնվի էտալոնային համարվելուն «խանգարող հանգամանքները» ՝ազգային, տարածաշրջանային, մշակութային գործոններն ու առանձնահատկությունները։ Ընդդիմությունը փոխարենն այս օրակարգին առնչվող հարցեր օրակարգ բերի՝ այսպիսով կոմպենսացնելով այն ժամանակն ու ջանքերը, որոնք չի իրացրել իշխանություն եղած ժամանակ, և աշխատի այսպիսով նվաճել ժողովրդի վստահությունը, նույն այդ ժողովրդի լայն աջակցությունը չվայելող օրակարգ է փորձում սպասարկել՝ այդպիսով է՛լ ավելի խորացնելով այն խզումը, որն առկա էր դեռ այն ժամանակներից, երբ իշխանության ղեկն իր ձեռքում էր։ Ղեկից զրկվելով՝ նկատենք, ընդդիմությունն իր ձեռքն այդպես էլ չմեկնեց ժողովրդի զարկերակին, և ունի այն, ինչ ունի։

Այս համատեքստում շատ կարևոր է նաև միջազգային կառույցների գնահատականը «հայկական ժողովրդավարության»՝ հետհեղափոխական շրջանում արձանագրված դրական միտումներին և, անշուշտ, նաև վերապահումներին։ Մասնավորապես վերջին «ախտորոշումը» ԵԽԽՎ-ի կողմից էր՝ հունիսի 26-ին ընդունված «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» ԵԽԽՎ բանաձևում։ Ընդգրկուն այդ բանաձևում Վեհաժողովը բարձր է գնահատել մասնավորապես Հայաստանի շարունակական հանձնառությունը ժողովրդավարական զարգացմանը՝ «ի հեճուկս անվտանգային զգալի մարտահրավերների», և նշել, որ բարդ միջազգային միջավայրին դիմակայելով՝ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ օրակարգ հետապնդել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ