Ի՞նչ է ծրագրում Իլհամ Ալիևը. ո՞րն է Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների իրական նպատակը. մանրամասնում է Խալաթյանը

Իրավագետ Արտաշես Խալաթյանը պատահական չի համարում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ադրբեջան այցից հետո Ալիևի՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման ընդունումը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա մանրամասնում է, թե ընտրություններով հիմնականում ի՞նչ նպատակ է իր առջև դրել Իլհամ Ալիևը։

«Կարող ենք դիտարկել ավելի շատ ժամանակ ձգձգելու և Արևմուտքի կողմից իր նկատմամբ ճնշումները կառավարելու միջոց՝ կապված Հայաստանի հետ առանց լրացուցիչ պայմանների առաջադրմամբ խաղաղության պայմանագիր կնքելու պահանջների հետ։ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ համաժողովի և ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտից հետո միայն Ադրբեջանը կհասկանա՝ որքանով կշարունակվեն իր նկատմամբ ճնշումները։ Քանի որ այդ միջոցառումից առաջ Ալիևի համար կարևոր է պահպանել իր դիրքը, մոտ ժամանակներում նա զերծ կնա էսկալացիայի գնալուն, բայց տուրք էլ չի տա միջազգային ճնշումներին, դրա համար ընտրությունները լեգիտիմ առիթ են»,- ասում է նա։

Միջազգային ցանկացած պայմանագիր, այդ թվում՝ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիրը, Խալաթյանի խոսքով, վավերացնում է տվյալ պետության խորհրդարանը, ուստի պայմանագրի չստորագրման պատճառ Ալիևը կարող է Արևմուտքին ներկայացնել նոր խորհրդարանի ձևավորման անհրաժեշտությունը․ «Դրան ոչ ոք չի հավատա, բայց Ալիևը կհայտարարի՝ Ադրբեջանը «ժողովրդավար» պետություն է, և իր կողմից վարվող քաղաքականությունը կարող է հստակ շարունակվել, երբ Մեջլիսում ձայների հստակ դասավորվածություն լինի։ Սա այդ երկրի նախագահի մարտավարությունն է»։

Միևնույն ժամանակ, ըստ զրուցակցի, եթե Արևմուտքի և ՀՀ-ին կողմնակից միջազգային որոշ երկրների ճնշումներն ավելի մեծ ընթացք ստանան, գուցե Ադրբեջանը չկարողանա իր մանևրը կատարել, սակայն այստեղ չպետք է մոռանալ Ռուսաստանի մասին, ասում է նա։

Այսինքն՝ Ադրբեջանը նպատակ ունի ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որպեսզի Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանից կարողանա վերցնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ն ու անկլավները:

«Չպետք է մոռանալ ՌԴ-ի գործոնի մասին, որը խորհրդանշական նպատակով իր նավատորմից երկու նավ ուղարկեց Բաքու՝ կա՛մ ցույց տալու համար, որ Ադրբեջանի կողմից է, կա՛մ նույնիսկ սպառնալու Բաքվին, որ տուրք չտա արևմտյան ճնշումներին։ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ճնշելու լծակներից մեկը Արցախում տրամադրված աջակցությունն է և էթնիկ զտման հանցագործության մեջ Ալիևին ներքաշելը։ Ինչպես նաև Ռուսաստանը կարող է Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին օգտագործել և խռովություններ հրահրել։ Հայաստանի վրա այդ ճնշումների լծակները թույլ են՝ հաշվի առնելով Արևմուտքի աջակցությունն ու Հայաստանի կողմից բաց խաղը»,- կարծում է նա:

Իսկ թե ի՞նչ կարելի է կանխատեսել սեպտեմբերի 1-ին՝ Ադրբեջանում խորհրդարանական և ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, Խալաթյանը նկատում է․ «ԱՄՆ-ի ընտրությունները անկանխատեսելի են դառնում՝ Բայդենի առաջին բանավեճի տապալումը հարված է հասցրել Դեմոկրատների վարչակազմին, իսկ Բայդենի լեգիտիմությունը անկում է ապրել։ Մեծ է հավանականությունը, որ այս վիճակում Ադրբեջանին կհաջողվի պայքարել ճնշումների դեմ։ Գրեթե անհնար է կանխատեսել Նահանգների ընտրությունները, բայց այս վիճակը կարող է բացասաբար անդրադառնալ նաև Հայաստանի վրա, քանի որ գուցե ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում նվազեն։ Փաստ է միայն, որ մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները բնական տեղաշարժ չի լինի հայ-ադրբեջանական հարաբերություններում»։

Իրավագետը կարծում է, որ Հայաստանի կողմից այս իրավիճակում գործելու համար նպատակահարմար կլինի որպես հիմնական դաշնակից դիտարկել Ֆրանսիային, որի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ դաշնակցային է, ինչպես նաև արմատախիլ անել ՀՀ-ի ներսում գործող «5-րդ շարասյան»-ը, որն ավելի մեծ վտանգ է երկրի համար և խոցելի է դարձնում ադրբեջանա-ռուսական ճնշումների հանդեպ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ