Մոսկվայի հայտարարությունները փաստում են՝ ՌԴ-ն զինել է Ադրբեջանին, որ ԼՂ-ում գործողություններ իրականացվեն. քաղաքագետ

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Հայաստանն ու Արևմուտքը ընդհանուր գործընթացի մեջ են:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով վերջին շրջանում Արևմուտքից հօգուտ Հայաստանի հնչող հայտարարությունները և ԵԽ պատգամավորների համատեղ հայտարարությունը:

«Ակնհայտ է, որ Մոսկվան և Բաքուն նախանձով, բայց ավելի շատ անհանգստությամբ են հետևում Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձին, որը նաև նոր սպառնալիքների, մարտահրավերների ձևավորման հիմք է հանդիսանում: Այն, որ Բրյուսելից ու Վաշինգտոնից այդ մարտահրավերին դիմագրավելու հարցում Հայաստանին օգնություն է առաջարկվում և որոշ դեպքերում տրամադրվում, նորմալ է, այդպես էլ պետք է լիներ, քանի որ արտաքին ուղղությունը, որն ընտրել է ՀՀ-ն, ձեռնտու, կարևոր և շահավետ է ոչ միայն Երևանի, այլ նաև Բրյուսելի և Վաշինգտոնի համար»,- ասում է նա:

Արձագանքելով դիտարկմանը, թե Ռուսաստանն էլ կարծես փորձում է, այսպես ասած, բալանսը պահել և Ադրբեջանին ուղղված՝ Արևմուտքի հայտարարություններին զուգահեռ Հայաստանի զինվելու վերաբերյալ մտահոգություններ է հայտնում՝ պնդելով, թե իբր այդ կերպ ապակայունանում է Հարավային Կովկասը՝ Ղևոնդյանն ասում է՝ եթե Ռուսաստանը Հայաստանի զենք ձեռք բերելը մեկնաբանում է այդպես, ուրեմն նա Ադրբեջանին զենք է վաճառել նույն տրամաբանության մեջ. «Մոսկվայից եկող հայտարարություններից պետք է ևս մեկ անգամ համոզվենք, որ ՌԴ-ն նպատակամղված է զինել Ադրբեջանին, որպեսզի վերջինս կարողանա ապակայունացնել իրավիճակը և Արցախում ռազմական գործողություններ իրականացնել»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչքանով է այդ զենքի ձեռքբերումը անհանգստացնում Մոսկվային և Բաքվին, զրուցակիցը շեշտում է՝ շատ. «Շատ է անհանգստացնում, որովհետև Մոսկվան և Բաքուն ամեն մի ստացված զենքի խմբաքանակի հետ կորցնում են ՀՀ-ի վրա ազդեցության լծակի ինչ-որ մի փոքր մաս: Դա բերում է նրան, որ եթե երեկ ՌԴ-ն կարող էր ստիպել իքս չափով գործողություններ, ապա այսօր կարող է ստիպել իքսից հանած իգրեկ գործողություններ, այսինքն՝ ինչ-որ չափով ՀՀ ազատությունը, կախվածությունը ՌԴ-ից նվազում է: Իհարկե, չի կարելի է ասել, որ ՀՀ-ն ամբողջապես ձերբազատվում է ՌԴ ազդեցությունից, որովհետև, ի վերջո, ՀՀ-ում ենթակառուցվածքների մեծ մասը ռուսական ընկերություններն են տիրապետում, ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, և այս լծակները դեռ երկար ժամանակ օգտագործվելու են Հայաստանի նկատմամբ»:

Արևմուտքից Բաքվի ուղղված հորդորները, թե պետք է վերջնական տեսքի բերել և հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիր, ըստ Ղևոնդյանի, պայմանավորված է նրանով, որ ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում և Վաշինգտոնում լավ են հասկանում, որ այս փուլում Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել՝ ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների հետ կապված:

«Ադրբեջանը կարող է այդ ընտրությունների հետ կապված որոշակի պլաններ ունենալ և փորձել ժամանակ ձգել, ինչը ոչ միայն Երևանում են հասկանում, այլ նաև Վաշինգտոնում, այդ պատճառով էլ ավելի են մեծացնում ճնշումը Ադրբեջանի նկատմամբ: Սա քաղաքական գործընթացի մաս է. և՛ Եվրոպան, և՛ Միացյալ Նահանգները շարունակում են ճնշումը Բաքվի վրա՝ և՛ նրա համար, որ ցանկանում են՝ ՀՀ-ի ու Բաքվի միջև փոխհարաբերություններում լարվածությունը մեղմվի, և՛ ՀՀ-ի Արևմտյան միտումները էական տեսք ստանան, և՛ նրա համար, որ Ադրբեջանը ՌԴ քաղաքականության մեջ է գործում, և դա անհանգստացնում է Արևմուտքին»,- ասում է քաղաքագետը:

Հարցին, թե Արևմուտքին չենթարկվելու և վերջնականորեն դեպի ՌԴ դիրքավորվելը ի՞նչ գին կարող է արժենալ անձամբ Ալիևի իշխանության և Ադրբեջանի համար, Ղևոնդյանն արձագանքում է. «Հետևանքները կարող են լինել բազմաթիվ. արդեն հետևանք է այն, որ ՀՀ-ն ձեռք է բերում հարձակվողական զինատեսակ, այն, որ ապրիլի 5-ին ՀՀ-ն այնպիսի մի հանդիպման մասնակցեց, որտեղ Ադրբեջանը ցանկանում էր ներկա լինել, բայց չհրավիրեցին: Ընդհանուր առմամբ, Արևմուտքի քաղաքականությունը քայլ առ քայլ օղակը ավելի սեղմելու տրամաբանության մեջ է, և այդ օղակը կարող է լինել շատ անկանխատեսելի: Օրինակ՝ ՀՀ-ն կարող է դառնալ ինչ-որ մի միջազգային կազմակերպության անդամ, որը կբացի բազմաթիվ դռներ՝ թե՛ տնտեսական, թե՛ մշակութա-քաղաքակրթական, թե՛ քաղաքական և, ամենակարևորը, ռազմական, և այս ամենը պետք է դիտարկել Ադրբեջանի գին վճարելու տրամաբանության մեջ: Չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է ավելի ուղիղ կերպով գին վճարել, պատժամիջոցներ լինեն անձամբ Ալիևի, նրա շրջապատի նկատմամբ: Բայց ես կնախընտրեի, որ Արևմուտքը Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման միջոցով Ադրբեջանին պատժեր և այդ միտումը որոշակիորեն տեսնում եմ»:

Այս ճանապարհին, ըստ քաղաքագետի, պետք է շրջադարձային որոշումներ կայացնի Հայաստանը. «ՀՀ-ն շատ դանդաղ, զգուշավոր և, կարելի է ասել, չափից դուրս վախվորած քաղաքականությամբ է գնում այդ ճանապարհով: ԱԺ նախագահը նշում է, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց Հայաստանը արդեն իսկ պետք է դուրս եկած լիներ, և այն արդյունքը, որ մենք այսօր ունենք, կարող էինք ունենալ 6 ամիս առաջ»:

Հերմինե Կարապետյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ