Գարեգին Բ-ն Լենինի շքանշանակիր է, հանդես է գալիս որպես Կիրիլի տեղակալ․ մեր եկեղեցին պետք է ազատագրվի

Բագրատ Գալստանյանը թեև արձակուրդ էր հայտարարել, սակայն այսօր իր խմբով մեկնել է Սյունիք։ Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։

«Այդ շարժումը, ըստ էության, այլևս գոյություն չունի, ինքը հայտարարել է, որ մինչև սեպտեմբեր ոչ մի բան չենք անելու։ Նախ պարզ է, որ դա իր հայտարարությունը չի, այս եկեղեցական բունտը ղեկավարում է Ռուսաստանը, և Ռուսաստանի կողմից հրաման է եղել, ասել են՝ ցրվեք տներով, բայց որպեսզի իրենք վերջնականապես չոչնչանան, այդպիսի տափակ բաներ պետք է անեն, գնան Սյունիքում մի քիչ ագիտացիա անեն։ Իրենք և՛ բարոյապես, և՛ քաղաքականապես այլևս գոյություն չունեն»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Քաղաքագետը ենթադրում է, որ սա Ռուսաստանի կողմից վերջին «հայրենասերների պաչկեն էր», որ սրբազանի տեսքով հանվեց, հիմա սա մաշվել է, սրանց կհավաքեն հավանաբար նոյեմբերի համար, և երևի այդ ժամանակ բոլոր ռեսուրսների մոբիլիզացիա կլինի։

Խոսելով այն մասին, որ Ռուսաստանում ծվարած և հայ իրավապահների կողմից հետախուզվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, իր ստեղծած մի քանի հոգանոց կուսակցության անդամներով Բագրատ Գալստանյանին հռչակել է «սրբազան թագավոր», քաղաքագետն ասաց. «Հայաստանից փախել է, այնտեղից սրան սրբազան թագավոր է կարգել այս փախածը։ Գալստանյանը Կանադայի քաղաքացի է, էս կաթողիկոսը Լենինի շքանշանակիր է, ովքեր որ սրան պաշտպանում են, մի հատված էլ Ռուսաստանում ծվարած հատվածն է, երևի այնտեղի անձնագիր էլ ունեն։ Հայության և Հայաստանի հետ իրենց կյանքը չկապող հատվածը դուրս է եկել Հայաստանի դեմ, և քանի որ այդ Ռուսաստանում գտնվող հայության մի հատված էլ կա՝ պաշտպանության նախկին նախարար, նախարարի նախարար և այլն, դրանց գանգին էլ ֆունկցիա կա դրված։ Ենթադրում եմ՝ Ռուսաստանի ագենտուրայի մի մաս, որպեսզի աղտեղություններ անեն, որովհետև ուրիշ բան անել չեն կարող»,- ասաց քաղաքագետը։

Վերջինիս խոսքով՝ քանի որ սրանք ցածր գիտելիքներով մարդիկ են, Հայաստանը լավ չեն հասկանում, Հայաստանի բարձրությունը չեն հասկանում, Հայաստանի անկախությանը չեն հնազանդվում և չեն ընդունում, պետք է անեն նման տափակ, հիմար բաներ, ինչը նրանց ավելի շատ է վնասում, քան մեզ։

«Ենթադրում եմ, որ եթե որևէ բան կարող է լինել, կլինի նոյեմբերից հետո։ Որովհետև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փախնում է խաղաղության պայմանագրից, Հայաստանում և նաև արտերկրում ապրող արիստոտելների խմբակներ կան, որոնք ասում են հանրահայտ ճշմարտություններ, որ օրինակ՝ Ադրբեջանը չի ուզում խաղաղության պայմանագիր, բայց իրենք Արիստոտելի դեմքով հայտարարում են, թե՝ «բա որ ես ասում էի, որ չի լինելու», սրանք էլ մի կողմից են հրահրելու, եթե հանկարծ խաղաղության պայմանագիր չլինի։ Ռուսաստանից ոգեշնչում է լինելու, Հայաստանի հինգերորդ շարասյունը լցվելու է փողոց, ու ասելու են՝ տեսաք, որ չեղավ խաղաղության պայմանագիր, և այդպես սկսելու են փողոցը ցնցել»,- նշեց Հայկ Սուքիասյանը։

Խոսելով նաև Գալստանյանի շարժման մեջ Գարեգին Բ-ի մասնակցության մասին՝ Հայկ Սուքիասյանն ասաց, որ Գալստանյանը հրաժարվել է Աստծուց, սառեցրել է, չէ՞, իր հարաբերությունները Աստծու հետ, հո Գարեգինի հետ չի սառեցրել, դավաճանել է մեր Աստծուն, և ի պաշտոնե այն գործընթացը, որը նախաձեռնել էր, նա չէր կարող նախաձեռնել առանց կաթողիկոսի։

«Եվ ընդհանրապես մեր եկեղեցում ոչինչ չի կարող լինել առանց կաթողիկոսի։ Եվ ցավալիորեն մեր կաթողիկոսը հանդես է գալիս որպես Կիրիլի տեղակալ։ Այդպես այս մարդիկ մեր եկեղեցու բարձրությունը թողած՝ գնացել մտել են ռուսական եկեղեցու ոտքերի տակ և մեր պետության կյանքն են ցնցում։ Ինքը մեջն է, դրա համար ես իր հրաժարականն եմ պահանջում։ Ինքը պիտի գնա։ Կաթողիկոսը և մեր եկեղեցու հոգևոր ղեկավար դասի մի հատվածը պետք է գնան ճգնավորությամբ զբաղվեն, որպեսզի մեր եկեղեցին ազատագրվի։ Իրենք գիտեն, որ մեր ժողովուրդը եթե իրականում մեր պատմական հուշը հետ բերի, իր հոգևոր վերածնունդը հանկարծ հենց զգա, մեր ժողովրդի դեմ ոչ մեկը չի կարողանա կանգնել, դրա համար իրենք չեն թողնում մեր ժողովրդի և եկեղեցու միաձուլումը։ Եվ կաթողիկոսը հենց մեր ժողովրդի հոգևոր կյանքն է փչացնում, դրա համար ինքը պետք է ռադը քաշի»,- եզրափակեց քաղաքագետը։

Լիլիթ Թադևոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ