Սուրեն Պետրոսյանն այլևս «Հիմարների նավ»-ում չէ՞. Նա չի միացել «սրբազան շարժման»՝ Սյունիք կատարած եռօրյա այցին

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համաառաջնորդ Սուրեն Պետրոսյանը Բագրատ Գալստանյանի և շարժման աջակիցների հետ չի մեկնել Սյունիք։ Այս մասին civic.am-ին հայտնեցին կուսակցության գրասենյակից՝ հավելելով՝ Պետրոսյանը վերջին երկու շաբաթներին ընդհանրապես Երևանից չի բացակայել։

Նշենք, որ «սրբազան» կոչվող շարժումը այսօր եռօրյա այցով մեկնել է Սյունիք, հանդիպումներ է պլանավորել Մեղրիում, Կապանում, Քաջարանում, Սիսիանում, ինչպես նաև Ներքին Հանդ և Դավիթ-Բեկ գյուղերում։

Նշենք, որ Պետրոսյանի և շարժման ղեկավարության միջև խռովություն է առաջացել Պետրոսյանի՝ հունիսի 12-ի խորհրդավոր առևանգումից հետո (իր խոսքով՝ առևանգում)։ Սա այն օրն էր, հիշեցնենք, երբ բախում տեղի ունեցավ ԱԺ-ի շրջակայքում հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև։ Պետրոսյանն այդ դեպքից՝ առևանգումից հետո հանդիպել էր Գալստանյանին, պատմել տեղի ունեցածի մասին, ապա մի քանի օրով լքել էր Հայաստանը, իր ասելով՝ խիստ անձնական խնդիրներով մեկնել Մոսկվա։ Իսկ այն ընթացքում, երբ նա երկրում չէր, Բագրատ Գալստանյանն ու շարժման մյուս համաառաջնորդը՝ ՀՅԴ-ական, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ասուլիս հրավիրեցին, որի ընթացքում Գալստանյանը, անդրադառնալով Պետրոսյանի հետ տեղի ունեցածին, ազդարարեց՝ վերջինիս հետ հանդիպել է հունիսի 13-ի երեկոյան, «այդ դեպքից հետո, որը մեզ համար անհասկանալի մնաց»։ Ըստ Գալստանյանի՝ Պետրոսյանը պատմել է, որ իրեն «առևանգել են՝ սև մեքենայով մոտեցել ու տարել են Հրազդան»։ Սրբազանը նշեց, որ ինքն ընդունել է Պետրոսյանի պատմածը, որովհետև ստուգելու այլ միջոց չունի։ Ապա հավելեց. «Արտերկիր է մեկնել, վերադառնա, պետք է հասկանանք՝ նույն ճանապարհո՞վ ենք գնալու»։

Ասուլիսից օրեր անց էլ ՀՀ վերադարձած Սուրեն Պետրոսյանը խոսեց շարժման մարելու և մեղավորների փնտրտուքի մասին, ապաև՝ «24նյուզ»-ին տված հարցազրույցում որոշ մանրամասներ հայտնեց շարժման ներքին խոհանոցից, մասնավորապես հայտարարելով՝ խորհրդարանական ընդդիմությունը բացասական ազդեցություն է ունենում շարժման հեղինակության վրա, այն փորձեց վերածել «Դիմադրության շարժում-2»-ի։ Երիտքաղգործիչը միաժամանակ հավելեց՝ ինքը շարունակում է լինել շարժման մեջ, և երբեք չի կարող լինել մի իրավիճակ, որ հարվածի շարժմանը։ Գալստանյանն էլ երեկ, ի պատասխան շարժման մարելու մասին դիտարկումներին, հայտարարել է՝ շարժումը շարունակվում է, և ովքեր ցանկություն ունեն դրա անդամ ու մաս լինելու, միշտ կարող են ներկա լինել։ Բայց այդպես էլ չի հստակեցրել՝ արդյոք Սուրեն Պետրոսյանի հետ «ճանապարհը շարունակելու» մտադրություն ունե՞ն։ Ի դեպ, Գալստանյանը նշել էր նաև, թե Պետրոսյանը, իր իմանալով, մեկնել է Ոսկեպար, մինչդեռ կուսակցության գրասենյակից, ինչպես վերը նշեցինք, անուղղակի հերքեցին Ոսկեպար մեկնելու լուրը՝ Պետրոսյանը մայրաքաղաքից վերջին երկու շաբաթներին չի բացակայել։

Մի ուշագրավ դիտարկում էլ Պետրոսյանի՝ «24 նյուզ»-ին տված ծավալուն հարցազրույցից։ Բացելով շարժումը «մարման տանելու» մասին խոսակցության փակագծերը՝ նա մասնավորապես նշեց. «Ես հասկանում եմ, որ շատերն ուզում են ասեն, որ շարժումը մարում է, ու տանեն մարման, նաև գիտեմ՝ ովքեր են ասում, նաև ծագող աստղեր են պատրաստում, որ այս շաժումը մարի, նոր ծագող աստղեր դուրս գան, գիտենք նույնիսկ ովքեր են էդ մարդիկ։ Գիտե՞ք՝ ես ու սրբազանն ինչերի միջով ենք անցել, ինչեր ենք տեսել, սկսած Կիրանցից, որ եկել են, հանդիպել են, ես ու սրբազանն ենք եղել։ Էնքան ակնհայտ ա։ Մարդիկ, ովքեր երբեք չեն եղել էս պրոցեսների մեջ, ոչ մեկին չի հետաքրքրել ոչ Ոսկեպարը, ոչ Կիրանցը, ոչ մնացածը, մեկ էլ հանկարծ եկել են, իրենց շուստրիությամբ ուզեցել են շարժում ուղղորդեն, շարժում տանեն։ Ես ու սրբազանն իրար երեսի ենք նայել, ասել ենք՝ սրանց խելքը նայի հլը, մտածել են՝ մեկը, ոնց որ իրենք են ասում՝ երիտասարդ քաղաքական գործիչ ա, մեկն էլ հոգևորական։ Մենք ոչ մի բան չենք հասկանո՞ւմ, խելքը նայի հլը։ Ու նույնն էլ հիմա են անում։ Շարժումը ուղղորդված չէր իր խորքում, բայց տարբեր ուժեր շատ բացասական ազդեցություն են ունենում շարժման վրա»։ Թե ովքեր են ծագող աստղերը, որոնք, ենթադրաբար պետք է ասպարեզ իջնեն շարժման՝ արձակուրդից վերադառնալուց հետո, թերևս կարելի է կռահել։

Ուշագրավ է, որ երկու օր առաջ, զետեղելով Հ. Բոսխի հայտնի՝ «Հիմարների նավը» կտավի լուսանկարը, Պետրոսյանը կից գրել էր. «Վերցված այս դադարը հարկավոր էր ճանաչելու համար ոչ այնքան «խոսացողներին», որքան «լռողներին», նաև այն մարդկանց, որոնք իմանալով ճշմարտությունը իրենց լռելյայն համաձայնությունն են տվել «խոսացողներին»:

Հավատարիմ մնալով Շարժման սկզբունքներին, մասնավորապես, որ այն ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ և ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ շարժում է և բնականաբար ենթադրում է նաև ՍՏԻ դեմ պայքար, ապա որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնամ շարժման ձևավորմանն ու ընթացքին:

Կանդրադառնամ նաև նրան թե, որքան իմաստուն ու հեռատես են Ոսկեպարի մեր բնակիչները, և թե ինչպես են իրականանում նրանց կանխատեսումները»:

Հետաքրքիր է՝ ո՞ւմ է ակնարկում որպես «հիմար» Պետրոսյանը՝ օգտագործելով Բոսխի կտավի սիմվոլիկան։

Նկատենք, որ Գառնիկ Դանիելյանը ուղեկցում է Գալստանյանին «սյունյաց արշավի» ընթացքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ