Կոչուբաևը Սուքոյանին պաշտպանելու դիմաց վարձատրվում է գումարո՞վ, թե՞ Լևոն Քոչարյանի կողմից հասցվող դաստիարակչական ապտակով

Երեկ առաջին ատյանի քրեական դատարանի Ավանի մասնաճյուղում կայացան Լևոն Քոչարյանի օգնականի՝ Արթուր Սուքոյանի գործով դատական նիստի նախնական լսումները։ Վերջինս Ազգային ժողովի բակում դարանակալել, ապա մոտեցել և հայհոյել, իսկ հետո հարվածել էր մեր գործընկեր Դավիթ Լևոնյանին։ Սուքոյանի պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևն ու Էրիկ Ալեքսանյանը միջնորդեցին քրեական հետապնդումը դադարեցնել՝ առանց ապացույցները հետազոտելու։

Միջնորդությունը ներկայացնելիս Ալեքսանդր Կոչուբաևը ընկավ մի իսկական մառազմի մեջ։ Նախ գործը որակեց քաղաքական հետապնդում. կարծես կրտսեր Քոչարյանի ախռաննիկին իշխանություններն են պարտադրել հանցագործության դիմել։

Հղում անելով Սահմանադրության 18-րդ հոդվածին, որով ամրագրվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակը, Սուքոյանի պաշտպանը նշեց, որ Սուքոյանը գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում։

Քոչարյանի ախռաննիկը, ըստ Կոչուբաևի, պաշտպանել է եկեղեցու շահը և համբավը ու, այստեղ՝ ուշադրություն, որևէ այլ միջոց չի ունեցել դա անելու, քան Դավիթ Լևոնյանին, ինչպես Կոչուբաևը նշեց, «դաստիարակչական ապտակ» հասցնելը։ Ավելին՝ Կոչուբաևը ընդունեց, որ Սուքոյանը հանցագործ է։ Ըստ պաշտպանի՝ Դավիթ Լևոնյանը իրեն դրել է մի այնպիսի իրավիճակի մեջ, որպեսզի իրեն հարվածեն, որ Սուքոյանը այլևս որևէ այլ միջոց չունենա եկեղեցուն պաշտպանելու, քան դա հանցագործությամբ անելը։

Մառազմի մի յուրօրինակ դրսևորում էր նաև պաշտպան Կոչուբաևի մեկ այլ հայտարարություն։ Վերջինս նշեց, թե գլոբալիստական տարբեր շարժումներ քրիստոնեության ուղիղ թշնամի են։

Հավանաբար Ալեքսանդր Կոչուբաևը տեղյակ չէ, որ քրիստոնեությունը, դրա տարածումը գլոբալիզմի դասական օրինակ է։ Կարո՞ղ ենք Կոչուբաևի մտքի փայլատակումից եզրահանգել, որ քրիստոնեությունը, հանդիսանալով գլոբալիստական շարժում, ևս կրոնական գաղափարախոսության ուղիղ թշնամին է։

Հաջորդը՝ ի՞նչ մեկ ընդհանուր համակարգ։ Չլինի՞ այլմոլորակայինները, ռեպտիլոիդները Սուքոյանի դեմ մի զազրելի, դավադիր ծրագիր են մշակել և ահա Դավիթ Լևոնյանի օգնությամբ դա ի կատար ածել՝ եկեղեցու միակ և առաջին պաշտպան Սուքոյանին վնասազերծելով։

Կոչուբաևը նշում է, որ իր պաշտպանյալը դաստիարակչական ապտակ է հասցրել Դավիթ Լևոնյանին՝ պաշտպանելու համար եկեղեցու համբավը։

Իսկ եթե Դավիթ Լևոնյանը համարում է, որ իր գործողություններով փորձել է փրկել եկեղեցու պատիվը, հեղինակությունը, արծարծել եկեղեցու ներսում առկա խնդիրները ու դրանք լուծելու ուղիներ գտնել, կամ համարում է, որ ամբաստանյալ Սուքոյանի պաշտպաններ Կոչուբաևի և Ալեքսանյանի գործողությունները արատավորում են Հայաստանի Հանրապետության վարկը կամ փաստաբանի մասնագիտության հեղինակությունը, ապա կարո՞ղ է ինքը ևս դաստիարակչական մեկական ապտակ հասցնել վերջիններիս։ Կամ Ալեքսանդր Կոչուբաևը Սուքոյանին պաշտպանելու դիմաց վարձատրվում է գումարո՞վ, թե՞ Լևոն Քոչարյանի կողմից հասցվող դաստիարակչական ապտակով։

Այս մառազմը բավական երկար տևեց, որից հետո դատավորը մերժեց Կոչուբաևի միջնորդությունը և անցավ խափանման միջոցի քննությանը։ Մեղադրող դատախազն առաջարկեց տնային կալանքը փոխարինել վարչական հսկողության խափանման միջոցով, ինչը դատարանը բավարարեց։

Երեկոյան արդեն Արթուր Սուքոյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում մասնակցում էր Բագրատ Գալստանյանի հրավիրած հավաքին, որտեղ նեղսրտում էր, որ իրեն ներկայացնում են որպես Լևոն Քոչարյանի ախռաննիկ։

Նկատենք, որ Սուքոյանի խափանման միջոցը մեղմելու առաջարկն արել է դատախազը, ինչին տուժող Դավիթ Լևոնյանը չի առարկել, իսկ համերաշխությունից խոսող շարժման ակտիվիստներն ու նրանց պաշտպանները հանդես են գալիս այսպիսի լկտի ու սանձարձակ բառապաշարով ու վարքագծով։ Ահա այսպիսի արժեքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ