ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն դիմորդների

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է 2024 թվականի միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլի գործընթացը:

Հայտագրմանը կարող են մասնակցել`

ա) փորձարարական միասնական քննություններ հանձնող հանրակրթական նոր չափորոշիչը ներդրած Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի դիմորդները: Նշված դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցում են ընդունելության կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված ժամկետում մասնագիտության հայտագրում ունենալու պարագայում:

Փորձարարական միասնական քննություններին մասնակցելու համար Տավուշի մարզի 12-րդ դասարանի սովորողներն իրենց էլեկտրունային հասցեի և ծածկագրի միջոցով մուտք են գործում անձնական կայքէջ և քննություններ բաժնում «հանձնել նոր չափորոշիչներով» տողում կատարում են նշում և հաստատում:

բ) օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների տվյալ ուստարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնց ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկան ատեստավորված չէ, և միասնական քննությունները (բացառությամբ «Հայոց պատմություն» և օտար լեզուների) ցանկանում են հանձնել ռուսերեն թարգմանությամբ թեստերով։

գ) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները,

դ) հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երրորդ փուլի միասնական քննությանը թույլատրված դիմորդները։

Երրորդ (մասնագիտության հայտագրման՝ երկրորդ) փուլի դիմորդները ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց՝ անձնական համար ստանալու: Դպրոցը դիմորդներին օժանդակում է դիմում-հայտերի լրացման ընթացքում:

Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է`

3 x 4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը.
անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը.
ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:
Միասնական, ներբուհական քննությունների վճարից ազատվում են`

պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք.
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները.
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները.
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Բուհերի ընդունելության հայտագրման երրորդ փուլի գործընթացը կավարտվի հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին:

Երրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից փոխանցվելու են առանձնացված դպրոցներ և դիմորդի էլեկտրոնային հասցեին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ