Եկեղեցին պետք է ռեֆորմացիայի ենթարկվի, Գարեգին Բ-ն չպիտի լինի կաթողիկոս, նա արժանի չէ այդ կոչմանը. Ստեփանյան

 

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ եկեղեցին, որը ղեկավարում է Գարեգին Բ-ն, պետք է փոփոխությունների ենթարկվի: Վերջինս այն համոզմանն է, որ բնակչության մեծամասնությունը, ցավոք, եկեղեցուն չի հավատում, և դա պայմանավորված է ոչ թե բուն կառույցի գործունեությամբ, այլ հոգևոր հայրերի՝ առաջնորդների, որոնք մտնում են քաղաքականություն:

«Պաշտպանում են ՌԴ շահերը, բիզնեսով են զբաղվում, Մոսկվայի արքեպիսկոպոսին հանում, տեղը իրենց եղբորն են դնում, որն այնտեղ բիզնես ստրուկտուրաներով, դրանց «զախվատներով» է զբաղվում, այդ Եբրաս Ներսիսյանը և այլն, և այլն: Այսինքն՝ եկեղեցին պետք է ներսից ռեֆորմացիայի ենթարկվի, մարդկանց հավատը վերականգնվի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում նա:

Անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժմանը՝ Ստեփանյանը նկատում է՝ որքան էլ այն մարել է, այնուամենայնիվ, նույնիսկ այդ վիճակում, այլ կերպ ասած՝ նրա «խրտվիլակը» օգտագործվում են Հայաստանի հակառակորդ երկրները:

Ըստ նրա՝ շարժումը ինչով կարողանում է, վնասում է երկրին, այդ թվում՝ արտաքին քաղաքական ուղղությամբ:

«Բագրատի շարժումը (խաչերով երթերը) Ադրբեջանը մեր դեմ է օգտագործում: Ադրբեջանը ղարաբաղյան կոնֆլիկտի առաջին օրվանից անընդհատ փորձեր է կատարել տալ կոնֆլիկտին կրոնական երանգ, հիմա նրանք այդ առիթը բաց չեն թողնում, ասում են՝ տեսե՛ք, եկեղեցականները հավաքվել են, կրոնական շարժում են անում, և այն ուղղված է խաղաղության դեմ: Այդ ամենը տանում են արաբական աշխարհ, ասում՝ այսպիսի մի երկիր կա՝ Հայաստան, որտեղ ռևանշիզմ կա, որն ունի կրոնական երանգներ: Որքանով ես հասկանում եմ, Պաղեստինի՝ Հայաստանի ճանաչումը նաև այս պատճառով է, պատասխան է, որ մուսուլմանական, արաբական աշխարհում հասկանան՝ ՀՀ-ի համար կրոնական որևէ խնդիր չկա, և նույն Պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտում ՀՀ-ն ղեկավարվում է ոչ թե կրոնական դրդապատճառներով, այլ՝ առաջին հերթին քաղաքական, մարդասիրական»,- նկատում է նա:

Ըստ քաղաքագետի՝ Վազգեն Գալստանյանը հարված է հասցրել եկեղեցու իմիջին: Վերջինս պնդում է՝ Գարեգին Բ-ն էլ սատար է կանգնել, ինչով կրկին հարված է հասցրել. «Եկեղեցին, որպես մեր պետության կարևոր հիմնասյուներից մեկը, շատ լուրջ կոռուզիայի է ենթարկվում շարժման գործունեության հետևանքով, վերջնարդյունքում ունենք մի իրավիճակ, երբ շարժումը ոչ մի բանի չի հասել, միակ «ձեռքբերումը» հետևյալն է՝ կոռուզիայի ենթարկել եկեղեցու սյուները՝ որպես պետության հիմնասյուն, այն դեպքում, երբ ամբողջ եկեղեցին այս ամենի հետ որևէ կապ չունի, կապ ունեն մի քանիսը, ովքեր ղեկավարում են»:

Ստեփանյանն այս իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ է տեսնում, որը ոչ թե պետության, այլ հոգևորականների անելիքն է:

«Առաջին՝ հոգևորականներն ուղղակի անեն իրենց գործը, մարդկանց հետ աշխատեն, ազնիվ լինեն, Աստծուն հավատան և այդ հավատքը տարածեն երկրում, որովհետև ինչ-որ մեկը եթե դուրս գա և պահանջներ ներկայացնի եկեղեցուն՝ Գարեգինին, նրան ուղղակի կարգալույծ կանեն: Եվ կա երկրորդ ճանապարհը. այդ բոլոր մարդիկ հավաքվում են և ընդվզում, եկեղեցու օրենքների սահմաններում՝ անվստահություն հայտնում ղեկավարությանը և պահանջում, որ եկեղեցին ենթարկվի տոտալ ռեֆորմացիայի, որի առաջին քայլը պետք է լինի Գարեգին Բ-ի հրաժարականը: Ես պատասխանատվությունն այսպես եմ տեսնում. պարզ է, որ Գարեգին Բ-ին չեն դատելու»,- նշում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ