Աշնանը ընդդիմության շարքերում գուցե փոխատեղումներ լինեն. կարող են Ռուբեն Վարդանյանին Բաքվից Հայաստան բերել, ինչը ՌԴ-ի համար ժամերի հարց է

Թուրքիայի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ սկսել են հեռանալ ադրբեջանառուսական մոտեցումներից, և Թուրքիան ինքնուրույն գործընթացներ է փորձում առաջ տանել։ Թուրքիան կարծես փորձում է ռուս-ադրբեջանա-թուրքական համաձայնությունից դուրս ինքնուրույն իրականացնել այդ զարգացումների տրամաբանությունը, ինչը կարծես խրախուսվում է Արևմուտքի կողմից։ Սա որոշակի անհանգստություն է կարծես առաջացնում Ռուսաստանի մոտ։ Անդրադառնալով վերջին շրջանի հայ-թուրքական հարաբերություններում փոքրիշատե ակտիվացմանը՝ հեռախոսային զրույցների տեսքով, այս մասին ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Այս հարաբերություններում, ըստ Ղևոնդյանի, կարող են հնարավորություններ բացվել։ Անդրադառնալով ԱՊՀ-ին Հայաստանի չմասնակցությանն ու ռուս պաշտոնյաների հայտարարություններին, թե Արևմուտքն է ճնշում Հայաստանին չմասնակցել ԱՊՀ նիստերին, Ղևոնդյանը նշեց, որ այդ ճահիճ որևէ մեկը ինքնակամ չի ուզում մտնել։ Ապացույցներից մեկն էլ Ադրբեջանն է, որը, ակնհայտորեն, պարտավորություններ է ստանձնել Ռուսաստանի առաջ՝ 44-օրյա պատերազմի համար, չի շտապում կատարել այդ պարտավորությունները՝ չունենալով որևէ ճնշում Արևմուտքի կողմից։

«Որևէ մեկը չի ուզում ինքնակամ այդ ճահիճը գլորվել։ Հայաստանը ևս չէր գլորվի, եթե Հայաստանի երրորդ նախագահը չլիներ թուլամորթ և մորթապաշտ մարդ ու չգնար սեպտեմբերի 3-ին Հայաստանը ԵԱՏՄ լծի տակ դնելու ճանապարհով»,- ասաց Ղևոնդյանը։

Հայաստանը, ըստ քաղաքագետի, արդեն իսկ բախվել է այն բոլոր հետևանքներին, որոնք կարող էին լինել այն դեպքում, եթե Հայաստանը չգործեր Ռուսաստանի շահերից։ «Այսինքն՝ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գար, ի՞նչ հետևանքներ պետք է լինեին, այդ հետևանքներին մենք արդեն բախվել ենք։ Հայաստանը դեռևս չի արել այն քայլերը, որոնց հետևանքները մեզ համար կարող էին լինել մարտահրավեր, բայց այդ մարտահրավեր-հետևանքները արդեն ստացել ենք։ Օրինակ՝ ՀԱՊԿ-ից դեռևս դուրս չենք եկել, բայց ՀԱՊԿ-ից դուրս գալու պատճառով զենք չստանալն արդեն ունենք»։

Ռուսաստանը, քաղաքագետի կարծիքով, տարբեր գործիքներ ունի Հայաստանին ճնշելու համար, բայց ոչ բոլոր դեպքերում կարող է դա արդյունավետորեն կիրառել։ Այդ գործիքներից մեկը Հայաստանի ներսում գործող 5-րդ շարասյունն է։ Բայց Ղևոնդյանը չի կարծում, թե սեպտեմբերին նրանք կակտիվանան: Նույնիսկ եթե ինչ-որ բան ձեռնարկեն, ավելի փոքր մասշտաբի բան կլինի։ «Գործընթացը պատվիրատուների համար տապալվեց, հիմա այդ պատվիրատուները հարցեր կունենան, այդ խնդիրները պետք է լուծվեն։ Գուցե փոխատեղումներ իրականացվեն, թեկնածու փոխեն։ Խոսակցություններ կան, օրինակ, Ռուբեն Վարդանյանին Բաքվից Հայաստան բերելու մասին։ Իհարկե, եթե Ռուսաստանը ցանկանա նրան բերել՝ ժամերի հարց է իր համար, նույնիսկ ոչ օրերի։ Բայց այդպես կլինի՞, թե՞ ոչ՝ որոշում են ինչ-որ տեղերում նստած մարդիկ, ովքեր ունեն այդ ֆինանսները և պատրաստվում են ևս մեկ անգամ ծախսել, իմ կարծիքով, ևս մեկ տապալված փորձի համար»,- ընդգծեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ