Զախարովան պատասխանել է ՀՀ ԱԽ քարտուղարի՝ Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին, հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը՝ այն որակելով նվաստացուցիչ:

«Ես կարծում եմ, որ կան բաներ, որոնք առանց բժշկական կրթության ուղղակի անհնար է մեկնաբանել։ Ես այդ ոլորտում, այսպես ասած, որևէ հմտություն չունեմ, բայց այլ կերպ մոտենալ հնարավոր չէ: Գլխավորն այլ է, այն, որ նման գործիչները, լինելով իշխանության ներկայացուցիչներ, նվաստացնում են սեփական ժողովրդին»,- ասել է նա՝ պատասխանելով Գրիգորյանի համապատասխան հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։

Ռուսական խոսափողի խոսքով՝ իր համար զարմանալի է, թե ինչպես մարդիկ կարող են այդքան ոչ միայն «անպատասխանատու, այլ նվաստացուցիչ վերաբերվել ազգի պատմական հիշողություններին, բազմաչարչար ազգի, մարդկանց, ովքեր անցել են պատմական նման փորձությունների միջով, և որոնց հիշողության մեջ նորագույն պատմության ողբերգական էջերը դեռ թարմ են»:

Հիշեցնենք՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը եկել է, հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին ու վերադարձել։

«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ է գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,- ասել էր նա՝ շեշտելով՝ առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ տեղի չէր ունենա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ