«Կոնսենսուս-1» կամ՝ ինչպես փչացնել «սրբազան շարժման» «շարքային» Սուրեն Պետրոսյանին

«Կոնսենսուս մինուս մեկ»-ի կոնցեպտը, որը ժամանակին շրջանառության մեջ էր դրվել ընդդիմության կողմից իշխանության միասնականությունը խարխլելու, իշխող ուժից «մարդ գողանալու» նպատակով, այսօր ծնկել է ընդդիմության դռանը՝ ի դեմս «սրբազան շարժման»։ Այս շարժման համաառաջնորդությունը՝ Բագրատ-Վազգեն Գալստանյան, Գառնիկ Դանիելյան, Սուրեն Պետրոսյան, «կոնսենսուս մինուս մեկ»-ի է ենթարկվել՝ վերջին պերսոնի խորհրդավոր առևանգումից, ապաև՝ երկրից կարճատև բացակայելուց՝ Մոսկվա գնալ-վերադառնալուց հետո։ Երբ շարժումը Երևան հասավ, խոսք էր գնում ՔՊ-ից իբրև թե շարժման հետ կապվելու և իբրև թե իրենց ծառայություններ առաջարկելու մասին։ Ի դեպ, այդ հայտարարությունն արեց հենց ինքը՝ Սուրեն Պետրոսյանը։ Թե ովքեր էին այդ ՔՊ-ականները՝ այդպես էլ անհայտ մնացին, սակայն այժմ պարզվում է, որ Սուրեն Պետրոսյանի հետ են իշխանության հատուկ ծառայության ներկայացուցիչները կապվել, ինչ-որ ձայնագրություններ դեմ տվել, ցուցումներ տվել։

Պետրոսյանը, նկատենք, նախորդ շաբաթավերջին հարցազրույց էր տվել «24նյուզ»-ին ու մի շարք նկատառումներ հայտնել շարժման խոհանոցի, ինչպես նաև իր նկատմամբ տեղի ունեցող քարոզչական արշավի, իր բառերով ասած՝ փչացնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Պետրոսյանը վերադառնալով արտերկրից՝ կայքերից մեկին մեկնաբանություն էր տվել և նշել, թե՝ «երբ շարժումը մարում է, բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են»։ Նրա այս օբյեկտիվ դիտարկումն, ի դեպ, շարժման աջակիցներից և մասնավորապես ինֆորմացիոն հովանավորներից ոմանց կողմից հախուռն արձագանքի արժանացավ, Պետրոսյանը մեղադրվեց իշխանության քարոզչական նարատիվը կրկնելու, իշխանության ջրաղացին ջուր լցնելու և շարժման հասցեին չարախոսելու մեջ։ Օպերատիվ կերպով գործի դրվեց քարոզչական, այսպես ասած, «պուլիմյոտներից» մեկը՝ «Հայելի» ակումբի խոսափողը։ Հիշյալ ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը իր մոտ էր հյուրընկալել Գառնիկ Դանիելյանին և նախքան նրան թույլ կտար արձագանքել Պետրոսյանի՝ վերոհիշյալ դիտարկմանը, առանձնակի դաժանությամբ «փչացրեց», «թաղեց» երիտքաղգործչին՝ իրեն հատուկ ոճով մասնավորապես ազդարարելով. «Սուրեն Պետրոսյան, ոնց որ լայցոտ Էդմոն Մարուքյան լինեք։ Նախ՝ ինչու է ձեզ թվում, որ շարժումը մարում է, դուք շարժման առաջին շարքերում կանգնած մարդկանցից եք, համենայնդեպս, շարժման ղեկավարն ասում ա, որ չի մարում, սա արդեն պիղծ դավաճանական հայտարարություն ա, այսինքն՝ դուք Նիկոլի, նրան պաշտպանողների ջրաղացին ջուր եք լցնում… Սուրեն, իբր թե դու էլ եսիմ ով ես, անհայտ ա՝ ով ես, ինչ ես, ինչ-որ մեկը, չգիտեմ ինչի՝ որոշել ա, որ իբր թե սիրուն դեմք ունես, լավն ես, որովհետև նախկինում Նիկոլ ես պաշտպանել, դրանից առաջ Գագիկ Բեգլարյանի մոտ ես եղել, ՀՀԿ-ին ես կցմցվել, հետո 18 թվին Նիկոլ ես պաշտպանել, հետո ինչ-որ բաներ ես ուզել՝ կամ չեն արել, կամ քեզ գործուղել են սրբազանի մոտ։ …Առնվազն էս գրառումից կարող եմ ասել, որ արդեն դու սրիկայություն ես անում, որ շարժման մասին այսպիսի բան ես ասում, որ՝ մարել է։ Հաստատ, Սուրեն ջան, դու էդ կերպարը չես, ոչ նենց անհատականություն ես, ոչ նենց դեմք ես շարժման մեջ, ոչ էլ չգիտեմ ով ես, մի տենց քեզ երևակայի… մի հատ նենց, միջինից ցածր, միջակ գործիչ ես՝ քո բոլոր դրսևորումներով, գնացել ես էնտեղ, հետո քայլել, եկել ես, համեստ էղի մի քիչ, զգույշ շտապիր, էնպես, որ «Էդմոն Մարուքյան-2» չդառնաս, որովհետև էդ տիպի մարդիկ տեսնում ենք, թե վերջում ինչ օրն են ընկնում՝ մնում են մենակ, վերջում մի հատ Խաժակյան ա մնում կողքները, ովքեր լայքում են նրանց, ովքեր հայտարարում են, որ Մարուքյանի կողքից գնում ենք…»։ Այս ողջ ընթացքում, ինչ Անժելա Թովմասյանը մանրամասնորեն փչացնում էր Պետրոսյանին, նրա կողքին նստած «պարկեշտ ու ազնիվ կոմերիտական» Գառնիկ Դանիելյանը և ոչ մի անգամ չփորձեց սաստել լեզվին ազատություն տված տիկնոջը, հորդորել՝ ձեռնպահ մնալ իր գործընկերոջ մասին տգեղ, վուլգար հայտարարություններ անելուց, ընդհակառակը՝ գլխահակ ու լուռ լսում էր։ Իսկ երբ խոսքի հերթը իրեն հասավ՝ ծոր տվեց. «Առհասարակ իմ գործելակերպի մեջ չի մտնում, ես էդ բանը չունեմ… բայց համենայնդեպս ես երկու բան կարող եմ ասել, էլի՝ նախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որ ստեղծվել է, ստեղծվել է Տավուշում, տավուշցիների կողմից, և երեքական ներկայացուցիչներ եղել են տարբեր քաղաքներից»։ «Եվ բացառապես Բագրատ սրբազանի ֆենոմենի շուրջ»,-ընդհատելով Դանիելյանին՝ վրա տվեց Թովմասյանը՝ հարց հղելով ՀՅԴ-ական գործչին՝ համաձա՞յն եք։ «Այո, իհարկե, իհարկե, իհարկե, դրանում երկրորդ կարծիք չկա, ինչի համար եմ ասում՝ «Տավուշը հանուն հայրենիքի». այս շարժումը որ ստեղծվել է, ինքը այդ շարժման խորհրդի մեջ չի մտել, և նաև երբ շարժումը ստեղծվել է, Սուրենը այդ պահին Ոսկեպարում էր որոշակի մարդկանց հետ, և երբ այդ շարժումը սկսվեց, թափ առավ գյուղերում, սրբազանը առաջարկեց, որ պետք է քայլեր և գար Երևան, և ինքը նաև պայմանավորվածություն էր ձեռք բերել սրբազանի հետ, ես չառարկեցի։ Այսինքն՝ ես առանձնապես խնդիրներ չեմ սարքել դրանից, որևէ կերպ չեմ խոչընդտել, թեև շատ-շատ արժանավոր մարդիկ կային, որոնք որ էս շարժման ակունքներում կանգնած են եղել, շատ ավելի մեծ ճանապարհ անցած, ռազմական գործիչներ, ես կարող եմ տասնյակ անուններ տալ, որոնք Ոսկեպարում, որոնք և պատրաստ էին, և արժանի էին, որ լինեին… Դա սրբազանի մեծահոգության և, այսպես ասած, քայլի շնորհիվ Սուրենը եկավ և սկսեց մեզ հետ քայլել։ Պարզ է, որ եթե էդ մարդիկ հավաքվել են, սրբազան հոր շուրջն են համախմբվել, ինչի մասին է խոսքը։ Պարզ ա, չէ՞, որ շարժումն ունի առաջնորդություն, դա սրբազան հոր առաջնորդությամբ ա, և անվիճելի առաջատար ա էս մարդը։ Եվ ամեն անգամ փորձել սա ուրիշ կերպ ներկայացնել, դա, ես չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործել, առնվազն արդար չէ։ Էն մարդը, որը քեզ շատ բան է տվել էս շարժման ընթացքում, բերել է առաջին շարք, եթե դու չես գնահատում… մարդու արածը գնահատելը դա մեծագույն արժեք է, եթե դու էդ արժեքների կրողը չես, ես բան չունեմ ասելու»։

Սուրեն Պետրոսյանն էլ արդեն «24նյուզ»-ի հետ զրույցում իր նկատմամբ այս քարոզչական հրաձգությունից հետո որոշ փակագծեր բացեց։ Նախ նշեց, որ գիտի, թե իրեն, այսպես ասած, «փչացնելու» թեզերը որտեղից են ծագել, ով է սկզբնաղբյուրը, ինչից հետո էլ տարածվել է իր դեմ արշավը։ Նրա խոսքով՝ որոշ մարդիկ, ենթադրաբար՝ նաև Անժելա Թովմասյանն ու նրա ակումբի հովանավորները, այնպես են այդ՝ իր առևանգմանը վերաբերող թեմայից կառչել՝ կարծես ուրիշ բան ու գործ չունեն։ «Եթե դուք ուզում եք շարժումը հաջողի, դուք ի՞նչ մոտիվով եք նայում, նայում եք՝ ինչ բռնեք, որ փչացնե՞նք, թե՞…»,- մասնավորապես նշեց Պետրոսյանն ու անդրադառնալով Դանիելյանի վերոհիշյալ հայտարարությանը՝ նկատեց. «Ես Գառնիկ Դանիելյանին, որ անկեղծ ասեմ, չեմ էլ ուզում անդրադառնալ, ինչի համար, որտև ես նայեցի, ինչ որ լրատվականում էր խոսում Դանիելյանը, էնտեղ հընթացս լրատվություն ստացան, որ «թերթ.ամ»-ը գրել է, որ շարժումը մարել է և այլն (նկատի ունի իր խոսքերի մեջբերումը-խմբ.), և միանգամից այդպիսի հայտարարություն եղավ՝ Սուրեն Պետրոսյանին մենք ընդունել ենք, ինչ-որ ավելի արժանիներ կան և սենց բաներ… Ի տարբերություն իրեն, ես, այն մարդկանց հետ, որոնց հետ ճանապարհ եմ անցել, իրենց բացակայությամբ և չճշտված տեղեկատվությունները չեմ մեկնաբանում։ Կրկնում եմ՝ ում հետ ես ճանապարհ եմ անցել ու անցնում, առանց իր հետ ճշտելու, իր բացակայությամբ նման հայտարարություններ ես չեմ անում։ Որովհետև կարող է կես տեղեկատվություն է տարածվել, կարող է՝ կեղծ է տարածվել, կարող է՝ ես եմ շփոթված ասել, այլ բան է եղել։ Բա ես չասե՞մ՝ հարգելի լրագրող, մեկ վայրկյան, ես կամ ճշտեմ Սուրենից՝ էդ ինչ է նկատի ունեցել, վերջը մենք միասին ճանապարհ ենք անցել ու անցնում, նոր մեկնաբանեմ։ Էս մոտեցումը ինձ համար ոչ կյանքի առումով ա ճիշտ, ոչ փողոցի, ոչ ճշմարտության, ոչ նաև էս շարժման հիմքում դրված արժեքների՝ ազնվություն, ճշմարտություն, հաշտություն, ոչ մի առումով ճիշտ չի սա»։

Նկատենք, որ «Հայելի» ակումբը, ինչպես նաև շարժմանն աջակցող տարբեր տրամաչափի գործիչներ շարունակում են ընդդեմ Սուրեն Պետրոսյանի արշավը։ Նկատենք, որ Պետրոսյանն իր հարցազրույցում նշել է նաև, որ շարժման հաջողությանը վնասած հանգամանքներից մեկն էլ նախկին իշխանության ներկայացուցիչների հետ ասոցացվելն էր՝ հավելելով՝ ինքը չի սատարի այնպիսի գործընթացի, պլատֆորմի, որը կապահովի նախկին իշխանության վերադարձը։ «Չի կարող պառլամենտական ընդդիմությունը մեր միջոցով որևէ կերպ վերարտադրվել։ Նրանք փորձում էին դարձնել «Դիմադրություն 2» շարժում։ Այս մարդիկ չեն ընկալվում, քանի դեռ իրենք կան, որևիցե փոփոխություն չի լինելու»,- հայտարարել է Պետրոսյանը։

Նրա այս հայտարարությունը, այսպես ասած՝ «նախկինացավով տառապելը», առիթ է դարձել, որպեսզի պեղեն վերջինիս՝ նույնպես «նախկին» լինելու վերաբերյալ փաստեր՝ դրանք հանրայնացնելով։ Մասնավորապես, որ Պետրոսյանը եղել է ՀՀԿ-ական, օգտվել կուսակցական լինելու բարիքներից, սակայն այդ դրվագը միտումնավոր խմբագրել է իր կենսագրականից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ