Հունիսի 24-ին զինվորական հոսպիտալում մահացած զինծառայող 19-ամյա Դավիթ Ներսիսյանը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքից էր:
Համայնքի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նա տան մեծ տղան էր, ունի ևս մեկ եղբայր:
Վերջինիս խոսքով՝ տղայի մահվան մասին երեկ են իմացել: Նա ընտանիքին բնութագրեց դրական հատկանիշներով:
«Մեկ տարվա ծառայող էր, ընտիր երեխա, համեստ ապրող մարդիկ են, արտագնա աշխատանքի է մեկնում հայրը»,- նշեց վարչական ղեկավարը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ, ըստ հաղորդման, զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, զինծառայողի մոտ նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ: Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դիակի արտաքին զննության արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան հանգամանքները պարզվում են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը)։