Սրբազան պայքարը խոստանում էր՝ «Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին», մինչդեռ «իրական Հայաստանը» հաղթեց «հոգևոր շառլատաններին»

Ինչո՞ւ ձախողվեց ընդդիմադիր հերթական շարժումը՝ այս հարցի պատասխանները այնքան էլ շատ չեն, եթե չասենք՝ ակնհայտ են ու ըմբռնելի հայաստանյան քաղաքականացված հանրության համար։ Անդրադառնալով այս հարցադրմանը՝ ՀՀ վարչապետը երեկ Հանքավանում ներկաների հետ կիսվեց ձախողման մասին իր ախտորոշմամբ՝ մասնավորապես նկատելով. «Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև իրական Հայաստանը որպես գաղափարախոսություն այսօր, այս օրերին և նախորդող շրջանում հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում և ընկալվում է ժողովրդի կողմից… Իսկ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է. երբ ժողովուրդը ասում է՝ մեզ և բոլորին, ասում է՝ «լսեք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»: Եվ ժողովրդի ուղերձը իր էլիտաներին և մեզ՝ որպես իշխող, կառավարող մեծամասնություն, հետևյալն է՝ «կարո՞ղ եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք,- հայտարարեց վարչապետը:- Այսինքն՝ ոչ թե ինչ-որ խաչ լինի մեր վզին դրած, որը մենք պետք է Գողգոթայի ճանապարհով քարշ տանք դեպի վերև կամ դեպի ներքև, կարո՞ղ եք ստեղծել միջավայր, որ պարզապես ապրենք, ապրենք, էրեխեք ունենանք, էրեխեքը երջանիկ լինեն, բարեկեցիկ լինեն, ու մանավանդ որ դրա համար անհրաժեշտ առաջնային գործիքը ունենք, և էդ գործիքը պետությունն է…»:

«Ձախողման»՝ վարչապետի ինտերպրետացիայից դատելով ակնհայտ է, որ նա նկատի ունի առաջին հերթին ոչ թե իրեն անվստահություն հայտնելու, հրաժարական պարտադրելու հերթական գործընթացի հերթական ձախողումը, այլ առաջին հերթին «սրբազան» կոչվող շարժման առաջարկած «օրակարգի» ձախողումը երկրի կառավարումը ստանձնած ուժի կողմից առաջարկված օրակարգի նկատմամբ, առաջինի ոչ մրցունակ լինելը երկրորդի նկատմամբ, ռեալ այլընտրանք չդիտարկվելը, հետևապես հավանության արժանացած չլինելը հանրության լայն զանգվածների կողմից։ Հիշեցնենք՝ այս շարժումը սկսել է Տավուշում սահմանազատման գործընթացը կասեցնելու օրակարգով, իսկ կասեցված սահմանազատումը նշանակում է խոցելի ինքնիշխանությամբ Հայաստանի Հանրապետություն, չամրակայված, չպարսպապատված, «բաց ու բրախ» դարպասներով Հայաստանի տարածք, որտեղ ոչ մի պարագայում երաշխավորված չի կարող լինել խաղաղ, երջանիկ, բարեկեցիկ ապրելու իրավունքը։

Երբ վարչապետը ազդարարում է որպես գաղափարախոսություն իրական Հայաստանի՝ ժողովրդի կողմից ընկալման մասին, թերևս նկատի ունի, որ ժողովուրդը կողմ է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղ գոյակցման օրակարգին և պետությունն էլ, դրա սահմաններում ունեցած իր իշխանությունն էլ որպես գործիք պատվիրակելով կառավարող ուժին՝ ակնկալում է վերոթվարկյալ «ծառայությունների մատուցումը»։ Այն է՝ իր պետության սահմաններում ապրելու և արարելու իրավունքի երաշխավորում։

Առնվազն 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, թերևս կհամաձայնեք, ՀՀ-ում քաղաքական միտքն ու հանրային հավաքական ջանքը պետք է լծված լինեին հետպատերազմական Հայաստանի զարգացմանն առնչվող կենսունակ, ադեկվատ, ճկուն, աշխարհաքաղաքական զարգացումների դինամիկային համընթաց օրակարգերի ձևակերպմանն ու գեներացմանը, որոնք կներառեին երկրի պաշտպանունակության բարձրացումը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ռազմավարական վերանայումները, երկարաժամկետ պլանավորմանն առնչվող բաղադրիչներ, և անպայման՝ երաշխիքներ դրանց իրագործման և սպասարկման վերաբերյալ։ Իսկ ի՞նչ է առաջարկվել մինչև այժմ ձևավորված ու հրապարակ նետված տարատեսակ շարժումների կողմից, արդյոք դրանք կարելի՞ է համարել երկրի զարգացմանն առնչվող որակյալ, գրագետ, խորքային օրակարգեր, արդյոք այդ օրակարգերը իրենց մեջ ներառե՞լ են վերոհիշյալ կոմպոնենտները՝ ՀՀ-ի տնտեսական զարգացում՝ հընթացս գույքագրելով ու սպասարկելով անվտանգային կարիքները, ներպետական՝ հանրային համերաշխություն և ռեսուրսների կոնսոլիդացիա՝ մի կողմ դնելով քաղաքական առճակատումները, և այնքա՜ն հնչեղ «ազգ-բանակ» կոնցեպտի կյանքի կոչում, որում «բանակ» բառը ընկալվում է ոչ միայն ռազմականացված կառույցի իմաստով, երբ պետության յուրաքանչյուր քաղաքացի պատրաստակամ է զինվորագրվել երկրի պաշտպանությանը, այլև առաջին հերթին մարտականորեն աշխատող մարդկային զանգվածի՝ քաղաքական ուժերի, շահագրգիռ տարբեր խմբերի բանակումը, դիրքավորումը պետության շուրջը՝ ներքին և արտաքին մարտահրավերները հաղթահարելու մեկ ընդհանուր՝ համաձայնեցված օրակարգով։ Իսկ ի՞նչ օրակարգ է առաջարկել ընդդիմությունը անցած մոտ 4 տարիների ընթացքում… ոչինչ, բացի մեկ հրամայականից՝ իշխանության հեռացում, վռնդում, և ««հետո»-ն կերևա» կամ՝ անորոշ «հետո»։ Ի՞նչ էր առաջարկում մասնավորապես «Դիմադրություն» շարժումը և ինչ՝ «Տավուշը հանուն հայրենիքի»-ին։ «Դիմադրություն» շարժման կազմկոմիտեն, օրինակ, առաջարկում էր, որ «կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը» հեռանա և նրան փոխարինի «նոր բանակցող»-ը, որը կարգի կբերի այս իշխանության անհեռատեսության մեղքով ՌԴ-ի հետ ունեցած «փչացված» հարաբերությունները, (այդ երկրի աջակցությամբ) կփոխի ԼՂ հարցի, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման տրամաբանությունը, հետամուտ կլինի Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառման հիմքով, ընդգծենք՝ բացառելով Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակով ներառումը… Մի խոսքով, համարձակորեն սեղանին կդնի ՀՀ-ի «կենսական շահերի» փաթեթը, ոչ մի միլիմետր չի զիջի, զիջելու դեպքում էլ դա կանի փոխադարձության սկզբունքով՝ զիջումներ պարտադրելով նաև Ադրբեջանին։ Սակայն ոչ մի երաշխիք առ այն, որ «նոր, չպարտված» բանակցողին կհաջողվի կյանքի կոչել իր հավակնոտ պլանը՝ Ալիևին ստիպել անել իրենց ուզածով և իրենց ուզածը, հատկապես որ «հաղթանակած» բանակցողի կարգավիճակում 20 տարի ժամանակ ունեին անելու այն, ինչը, փաստորեն, ցանկանում են անել իշխանությունը կորցնելուց հետո։

Ընդդիմությունը, ենթադրաբար, «սրբազան» կոչվող այս շարժումը սկսելիս պետք է վերաիմաստավորեր «Դիմադրություն» շարժումն ու խմբագրված, վերաձևակերպված, թրծված, նոր՝ 2024 թվականի համաշխարհային իրողություններին համարժեք գաղափարախոսությամբ ներկայանար հանրությանը, որում այլևս չկա ուռահայրենասիրական ճոռոմաբանությունը, և որը իդենտիկ է Հայաստանի ունեցած կարողություններին։

Սակայն ականատեսը եղանք ոչ միայն չվերաիմաստավորված, այլև «Դիմադրություն» և նախորդիվ տեղի ունեցած շարժումների օրակարգերի, նարատիվների, լոզունգների դեգրադացված, վերացականացված դրսևորմանը, այն է՝ «ստի և կեղծիքի դեմ պայքար՝ հանուն ճշմարտության և արդարության», «հոգևոր Հայաստան»-ի հաղթանակ «նոր Հայաստան»-ի նկատմամբ… Եվ այս ամենի առանցքում՝ վարչապետի հրաժարական և նոր կառավարության ձևավորում։ Նախօրեին էլ Բագրատ Գալստանյանը, որը շարժման առաջին շաբաթներին խոստանում էր՝ «Ոսկեպարով Արցախ ենք վերադառնալու», ազդարարել է՝ «այս հարթակից, այս հրապարակում, այս եկեղեցու հովանու ներքո մենք պետք է կառուցենք գալիք Հայաստանի մեր տեսիլքը» (այս միտքը տիրաժավորել է շարժման պաշտոնական ֆեյսբուքյան էջը): Սա ուղղակի վկայում է, որ այս մարդը և կամ նրան հրապարակ գործուղած շահագրգիռ սուբյեկտները չունեին և չունեն այլ նպատակ (ավելորդ է գաղափարախոսության, ծրագրի մասին խոսելը), քան՝ վարչապետի հրաժարականը պահանջելու հիվանդագին կապրիզը, և եկեղեցու բակում հավաքվելով, փաստորեն, պետք է ուրվագծեն ինչ-որ երևակայական Հայաստանի տեսիլքը. ուշադրություն դարձրեք՝ խոսքը ոչ թե տեսլականի մասին է, որը ենթադրում է հավակնությունների, գործունեության ձևի և ուղղությունների, երկարաժամկետ հեռանկարում նախատեսված նվաճումների նկարագրություն, այլ տեսիլքի՝ ցնորքի, անիրական, աննյութ, երազային բանի մասին։ Արդ, արդյոք երազայինը, ցնորականը, ոչ հողեղենը կարո՞ղ է երաշխավորել շոշափելիի, հողեղենի գոյությունը և ապահովագրել դրա տարատեսակ իրավունքները։

Հետևապես դժվար էլ չձախողվեր մի շարժում, որի համաառաջնորդը կամ գլխավոր-գործող անձը քաղաքական հայտ է ներկայացնում, մարդկանց հրապարակ է կանչում, նրանց միջոցով ակնկալում է իշխանափոխություն անել՝ դրա դիմաց չառաջարկելով ոչ մի ակնկալիք, խոստանալով ոչ թե խաղաղ ու բարեկեցիկ ապրելու երաշխիքներ, այլ… ցնորք ու տեսիլք։

Հարց է ծագում՝ սա սրբազա՞ն, թե՞ շառլատանների գլխավորած շարժում է։

Հ. Մ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ