Սա աշխարհի լավագույն զինատեսակներից է, որը կարող է եղանակ փոխել. Առաքելյանը՝ Ֆրանսիայից եկող զենքի մասին

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի ռազմական ոլորտում գործակցումը մատնանշում է այն, որ պաշտոնական Երևանը պաշտոնական Փարիզին տեսնում է ռազմաքաղաքական դաշնակցի և գործընկերոջ կարգավիճակում: Ըստ նրա՝ այս համագործակցությունը նաև քաղաքական բնույթ է կրում:

Այս մասին Առաքելյանն ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ տեսակետ արտահայտելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, որի շրջանակում Ֆրանսիան «CAESAR» հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին:

Քաղաքագետը համոզված է, որ սրանով բարձրանալու է Հայաստանի անվտանգության մակարդակը՝ միաժամանակ ընդգծելով, որ չպետք է տեղի տալ այն խոսակցություններին, թե նման համագործակցությունները սրում են հայ-ռուսական հարաբերությունները: Վերջինս պնդում է՝ Հայաստանը գտնվում է ճիշտ ճանապարհին։

«Երկրների պաշտպանության նախարարների փոխադարձ այցերը խոսում են այն մասին, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ ունի պաշտոնական ոլորտում համագործակցության իրավական հիմքեր, որոնք հնարավորություն են տալիս համագործակցությունը հասցնել ռազմական մակարդակի։ Եթե նախկինում ռազմատեխնիկական համագործակցությունը ընթանում էր ավելի պաշտպանական բնույթ ունեցող համակարգերի մասով, ապա այս նոր պայմանագրով ոլորտային սահմանափակումներ չկան»,- նկատում է նա։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, որ շարունակում են ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ՝ CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքումը համարելով «նոր կարևոր հանգրվան»:

Նոր պայմանագրով մատակարարվող «CAESAR» հրետանային համակարգերը, ըստ Առաքելյանի, Ֆրանսիան տրամադրել է նաև Ուկրաինային, դրանք ուկրաինական մարտադաշտում կարևորագույն դեր են ունեցել և շարունակում են գործել․ «Այսինքն՝ այս զենքն ու զինամթերքը աշխարհի լավագույն զինատեսակներից են, որ կարող են մարտադաշտում եղանակ փոխել։ Չկա ՀԱՊԿ որևէ երկիր, որ նման զենք ունի կամ արտադրություն։ Ընդհանրապես, եթե դիտարկում ենք ՀՀ ՊՆ-ի գլխավորած պատվիրակության անդամներին, ապա տեսնում ենք, որ այդ կազմում ներկա են Հակաօդային պաշտպանության և Ավիացիոն զորքերի վարչությունների ղեկավարները, սա խոսում է այս ոլորտների համագործակցության հեռանկարների մասին»։

Առաքելյանի խոսքով՝ նոր իրողությունները, այն է՝ Հայաստանը գնում է անվտանգային արևմտյան համակարգի հետևից, կարող են պատճառ դառնալ ռուսական կողմի հերթական ջղաձգումների համար։

«Փաստացի Հայաստանը այժմ գնում է և գնում է դեպի նոր ռազմաարդյունաբերություն, իսկ գնալու տեղ չունեն Բելառուսն ու Ռուսաստանը, նրանց միակ տեղը Հյուսիսային Կորեան է։ Բելառուսական և ռուսական քաղաքականության նպատակը այն էր, որ Հայաստանը մաքսիմալ կախվածության մեջ լինի նրանցից ռազմական առումով, փորձում էին սահմանափակումներ դնել, չտալ այլընտրանքային հնարավորություն և մտածում էին, որ հասել են իրենց նպատակին։ Մտածում էին, որ ՀՀ-ն չի կարող այլ երկրների հետ հոգալ իր պաշտպանական կարիքները: Այսօր Հայաստանը անում է ինքնիշխան ու ինքնուրույն քայլեր»,- ասում է Առաքելյանը։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանն արդեն սկսել է ցնցումների մեջ հայտնվել՝ մեջբերելով ՌԴ-ի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից ավելի արդյունավետ անվտանգության մեխանիզմ չի գտնի, իսկ Արևմուտքի առաջարկը «թղթե հովանոց» է։

Առաքելյանը, սակայն, նկատում է մի կարևոր հանգամանք, այն է՝ Արևմուտքը անտեսում է, որ Հայաստանը դեռ իրավաբանորեն ՀԱՊԿ անդամ է, սակայն վաճառում է իր ռազմաարդյունաբերության լավագույն նմուշները: Նրա համոզմամբ՝ սա ևս մեկ անգամ վկայում է, որ արևմտյան կողմը ցանկություն ունի նպաստել ՀՀ անվտանգային ամուր հիմքերի ձևավորմանը:

«Թե անվտանգային որ համակարգն է թղթե եղել, ապացուցվել է 2020 թվականին, երբ պարզ դարձավ, որ ռուսական և ՀԱՊԿ անվտանգային հովանոցը ոչ միայն թղթից է, այլ նաև ծակ է։ Մենք մեր մաշկի վրա զգացինք, թե ինչ է նշանակում ռուսական խոստումներ անվտանգության ոլորտում: Հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրերը և կոնկրետ զինատեսակները, որոնք գնում է Հայաստանը, ոչ միայն թղթե չեն, այլ նաև իրական ու ամուր են»,- ասում է նա:

Բանախոսը համոզված է, որ Հայաստանը շարունակելու է գնալ արևմտյան երկրների հետ նոր ռազմական համագործակցությունների: Ավելին՝ նա կարծում է, որ որոշ եվրոպական երկրների հետ ռազմական համագործակցություն կա, որոնք բարձրաձայնելու ենթակա չեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ