Քաջարանի համայնքապետը, նրա կինն ու հայրը կանչվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Վրեժիկի Փարամազյանը և ևս երկու փոխկապակցված անձ՝ հայրը՝ Վրեժիկ Վոլոդիայի Փարամազյանը, ու Լիլիթ Մաքսիմի Դավթյանը՝ Փարամազյանի կինը, հունիսի 21-ին կանչվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ azdarar.am հարթակից։ Հիշյալ անձանց ուղղված ծանուցագրերում նշված է, որ նրանց պատկանող գույքերի առնչությամբ կատարվել է ուսումնասիրություն, արդյունքում կազմվել են ամփոփագրեր։

Նշենք, որ Փարամազյանը 2016 թ. նոյեմբերի 18-ից ստանձնել է Քաջարանի քաղաքապետի պաշտոնը: Համայնքի խոշորացումից հետո՝ 2017 թ.-ի նոյեմբերի 5-ին ընտրվել է արդեն Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար։ 2022 թ.-ի սեպտեմբերի 25-ին իր առաջնորդած՝ «Դեպի միասնություն» դաշինքով մասնակցել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններին և վերընտրվել Քաջարան համայնքի ղեկավար։ Համայնքի ղեկավարի կենսագրական տեղեկանքում նշված է, որ նա 1994-1995թթ. աշխատել է Սյունիքի արդյունաբերական հսկայի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասում՝ որպես փոխարկիչի մեքենավար: 2002-2003թթ. եղել է Քաջարան համայնքի ավագանու անդամ: 2003-2008թթ. աշխատել է Քաջարանի քաղաքապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ, 2008-2016թթ.՝ գլխավոր մասնագետ-իրավաբան՝ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանով:

Նշենք, որ Մանվել Փարամազյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քաջարանի համայնքապետարանի աշխատակիցների օժանդակությամբ Քաջարան համայնքի՝ իրեն վստահված զգալի չափի գույքի յուրացում կատարելու համար: Այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։

Քրեական մեկ այլ գործով էլ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հորը՝ Վրեժիկ Փարամազյանին, հարվածելու համար Շավարշ Մարգարյանին ցուցադրաբար պատժելու և իր հեղինակությունը վերահաստատելու նպատակով կազմակերպել է խմբի կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ Շավարշ Մարգարյանի առևանգումը: Փարամազյանը, հիշեցնենք, որին դատարանը կալանքի սանկցիա էր տվել, ազատ է արձակվել գրավի դիմաց։ Նա, հիշեցնենք, «Հայաստան» դաշինքի մաս կազմած, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ էր, սակայն երկու տարի առաջ իր դիմումի համաձայն հեռացել է կուսակցությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ