Պետք է մեկընդմիշտ պատմության աղբամանը նետենք փրկիչներ փնտրելու՝ մեր արատավոր ավանդույթը. Արմինե Մարգարյան

 

«Հայկական ժամանակ»-ը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ զրուցել է ԱՄՆ-ի և Հայաստանի երկկողմ ռազմավարական երկխոսության կարգավիճակը՝ ռազմավարական գործընկերության մակարդակը բարձրացնելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու և այլ հարցերի շուրջ:

Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

— Տիկին Մարգարյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ՀՀ ժամանած Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՚Բրայնի այցին, նկատել է, որ բացի մի շարք ոլորտներում համագործակցությունից, ձեռք է բերվել նաև համաձայնություն՝ երկկողմ ռազմավարական երկխոսության կարգավիճակը բարձրացնել ռազմավարական գործընկերության: Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ կտա այն ՀՀ-ին:

— Նախ պետք է ընդգծել, որ, հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական գործընկերության իմիտացիոն բնույթը, այդ ինստիտուտը հայ հանրության շրջանում, մեղմ ասած, վարկաբեկված է: Մինչդեռ, իրական ռազմավարական գործընկերությունը դինամիկ զարգացող և փոխակերպվող գործընթաց է: Այլ բառերով, այն կենդանի օրգանիզմ է, ինչն էլ նշանակում է, որ պետություններն իրենք են որոշում դրա օրակարգը, ոլորտներն ու ծավալը՝ հենվելով տարատեսակ հարցերի շուրջ առկա շահերի համընկնման կամ հակասության վրա։

ԱՄՆ պրակտիկայում ռազմավարական գործընկերությունները ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, տնտեսությունը, անվտանգությունն ու մշակույթը, իսկ գործընկերության հիմք որպես դիտարկվում է ընդհանուր արժեհամակարգի առկայությունը: Եթե ԱՄՆ-ը մտնում է ռազմավարական գործընկերային հարաբերությունների մեջ, ապա հանձնառություն է ստանձնում աջակցել գործընկեր պետության անվտանգային կարողությունների զարգացմանը՝ վերջինիս կարիքներին և անվտանգային միջավայրին համահունչ: Տրամադրվող անվտանգային աջակցության շրջանակը հիմնականում ներառում է ԱՄՆ զենքերի արտահանման ծավալների մեծացում, արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրից օգտվելու հնարավորություն, անվտանգային ոլորտի բարեփոխումների աջակցություն, ինչպես նաև՝ պաշտպանական ոլորտում կրթական ծրագրերի ներդրում և ընդլայնում։

Դեռ վաղ է ասել, թե ինչպիսին կլինի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության շրջանակն ու ծավալը, միևնույն ժամանակ, աներկբա է, որ գործընթացի սկիզբն արդեն իսկ ազդարարում է հարաբերությունների որակական նոր ու ընդլայնվող մակարդակ:

Եթե գործընթացն ընթանա արդյունավետ, ապա Հայաստանը պետք է ձգտի ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակից /Major-Non-NATO-Ally (MNNA)/ ռազմաքաղաքական կարգավիճակը ստանալուն: Հիշեցնեմ, որ այս կարգավիճակի տրամադրումը նշանակում է, որ տվյալ պետությունը ԱՄՆ-ի համար ներկայացնում է առանձնահատուկ ռազմավարական նշանակություն, նրա կողմից ունի անվտանգային աջակցության կարիք և ՆԱՏՕ-ի անդամ պետություն չէ։

— Սրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը: Սա որևէ կերպ կապ ունի՞ վերոնշյալ՝ ԱՄՆ-ՀՀ համագործակցության խորացման հետ, և, ըստ Ձեզ, որքանո՞վ է նպատակահարմար ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ հաշվի առնելով այն սպառնալիքները, որ պարբերաբար լսում ենք թե՛ պաշտոնական Մոսկվայից, թե՛ խորհրդարանական ընդդիմության բերանով:

— Միանշանակ, կապ ունի: Բանն այն է, որ այս ինստիտուտի յուրահատկություններից մեկն էլ հենց այն է, որ ռազմավարական մակարդակի փոխգործակցության դաշտ է բացում դասական հավաքական պաշտպանություն պարտավորեցնող դաշինքներից դուրս։ Այլ բառերով, եթե ՀԱՊԿ-ը չի կատարում հավաքական պաշտպանության սկզբունքից բխող իր պարտավորություններն անդամ պետություն Հայաստանի Հանրապետության հանդեպ, ապա վերջինս կարող է և պետք է հրաժարվի այդ կառուցի անդամ լինելուց: Բազմիցս ընդգծել եմ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը բազմաքայլ կոմբինացիա է, և ռազմավարական գործընկերային հարաբերությունների ձևավորումը տարատեսակ ուժային կենտրոնների հետ այդ կոմբինացիայի բաղկացուցիչներից է: Այլ բառերով, Հայաստանը հրաժարվում է հավաքական պաշտպանության սկզբունքից և թիրախային երկկողմ կամ բազմակողմ ռազմավարական գործընկերային հարաբերություններ հաստատում այլոց հետ:

— Արդեն մեկ ամիս է՝ Երևանի փողոցներում հոգևորականի կարգավիճակը ժամանակավոր սառեցրած Վազգեն (Բագրատ) Գալստանյանը, այսպես ասած, պայքարում է ստի ու կեղծիքի դեմ, փորձում իբր փրկել Հայաստանը: Ումի՞ց և ինչի՞ց է փորձում Գալստանյանը փրկել Հայաստանն այս շարժումով, եթե հաշվի առնենք, որ ներգրավված ուժերը մեծ սատարում, եթե չասենք աջակցություն ունեն ՌԴ-ից, և որ նրանց գերխնդիրը, ըստ էության, արտաքին քաղաքականության կուրսը չփոխելն է:

— Իրականում, Հայաստանը փորձում է ազատվել ձեռնաշղթաներից և սահմանել իր զարգացման ուղին: Միանգամայն օրինաչափ է, որ փրկիչ փնտրելու կոնցեպտից հրաժարվող Հայաստանն այն Հայաստանը չէ, որին Ռուսաստանը կուզենար տեսնել Հարավային Կովկասում: Հետևաբար, օրինաչափ են նաև տարատեսակ գործիքներով այս գործընթացը կանխելու՝ ռուսական փորձերը: Իսկ մենք՝ հայերս, պետք է մեկընդմիշտ պատմության աղբամանը նետենք դրսից ներմուծված, փրկիչներ փնտրելու մեր արատավոր ավանդույթը: Մենք ինքներս ենք մեր ներկայի և ապագայի կերտողը՝ գիտելիքահեն ու պրագմատիկ ռազմավարությունների ձևավորման և կիրարկման միջոցով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ