Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.
Բագրատ / Վազգեն Գալստանյանը քանիցս իր հանրային խոսքում իշխանություններին անվանել է «ստախոս»։
Հունիսի 12-ի զանգվածային անկարգություններից հետո նա և իր թիմակիցները հայտարարեցին, թե Ազգային ժողովի վրա գրոհի ծրագրեր չեն եղել, և ճիշտ հակառակը՝ ոստիկաններն են հարձակվել ցուցարարների վրա։
Մինչդեռ տեսանյութերն ու հրապարակված ձայնագրություններն այլևս աներկբա են դարձնում, որ հունիսի 12-ին պլանավորված է եղել «վերջին բոյը» տալ Ազգային ժողովում (Գերասիմ Վարդանյան), «գրոհել կառավարության շենքը, որից հետո Նիկոլ Փաշինյանը կարժանանա Չաուշեսկուի ճակատագրին» (Բագրատ Գալստանյանի «որդի» Դավիթ Օգանեսովիչ Հարությունյան), որի համար անգամ նյութական շահագրգռությամբ մարդիկ են հավաքագրվել ու վճարվել Հայաստանի տարածքում և այդ թվում արցախցիներից, առաջին հերթին ՀՅԴ կառույցներով։ Իսկ բազում տեսանյութերում էլ երևում է, թե Դեմիրճյանի փողոցի վրա ինչպես են «սադրանքի» կոնկրետ օջախներով ցուցարարները գրոհում ոստիկանական շղթայի վրա, պետական պահպանվող տարածքի ուղղությամբ, ըստ որում՝ դրանցում վավերագրված է նաև Բագրատ Գալստանյանի չափազանզ ագրեսիվ վարքը։
Անմեղ տեսքով հրմշտոց, բախում ու զանգվածային անկարգություն հրահրելու ընդդիմադիր ստրատեգիան թողնեմ մի կողմ ու իրենց խղճին։ Բայց մի բան հնարավոր չէ անտեսել։
Համացանցում հայտնված այս տեսանյութը, որը հայտնաբերեցի լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից, պատկերում է այդ ժամերին բազմաթիվ մանկահասակ երեխաների հետ Բաղրամյան պողոտայում գտնվող ծնողների, որոնք հանգստացնում են հատուկ միջոցների կիրառումից վախեցած երեխաներին։ Ըստ որում՝ մեկնաբանությունների դաշտում ոմանք հաստատել ու վկայել էին, որ տեսնում են արցախցիների՝ երեխաների հետ։
Այս հակապետական բնույթի խաղերում որոշ արցախցիների ներգրավումից միայն տխրում եմ։ Ենթադրենք՝ նրանք կարող էին տեղյակ չլինել ընդդիմադիր ղեկավարների՝ Ազգային ժողովի վրա գրոհելու տմարդի ծրագրերից, թեպետ պարտավոր էին հասկանալ, որ ընտրություններով ձևավորված իշխանությունը կարող է հեռացվել միայն ընտրություններով, իսկ մնացած եղանակներով իշխանափոխությունը հակասահմանադրական գործընթաց է՝ դրա պարունակած ռիսկերով։
Բայց կազմակերպիչներն էլ հո՞ գիտեին, որ իրենք գրոհելու են Ազգային ժողովի վրա ու ի պատասխան հակասահմանադրական գործողությունների՝ իրավապահ մարմինները ուժ էին կիրառելու։ Չէ՞ որ իրենք են ձայնագրություններում խոսում Ազգային ժողովի կամ Կառավարության վրա գրոհելու մասին։ Այդ դեպքում դուք ի՞նչ բարոյականությամբ էիք այդ մարդկանց Բաղրամյան, Դեմիրճյան փողոց հրավիրում երեխաներով, մանկասայլակներով։
Որքան հակամարդ պետք է լինել, որ մարդկանց խաբելով, նրանց զգացմունքների վրա խաղալով, նյութական շահագրգռություններով ու խարդավանքներով հրավիրես հանրահավաքի, իմանալով, որ քո գործողություններով նրանց ու երեխաների կյանքի համար վտանգավոր իրավիճակ ես ստեղծելու․․․
Դուք սրբություն չունեք։ Այս ամենին «սրբազան շարժում» ասելը մեղք ու անբարոյականություն է։
Հանուն աթոռի, հանուն Կրեմլի շահերն սպասարկելու դուք աչքերներդ էլ չեք թարթում հայի, հայ երեխաներ վրայով անցնելու համար․․․ Դուք ստում եք, թե ձեր կարգախոսը «Հայ, Հայրենիք, Հայաստան ու Աստված»-ն է։ Այն ինչ արել եք, բացարձակ հակառակն է։
Միայն վերջին ստախոսը կարող էր այս ամենն անել․․․
Հետգրություն․ Հետաքրքիր է, որ ամեն ինչ «նկատող, արձագանքող ու դատապարտող» Արման Թաթոյանը չի նկատել ու շարունակում է գրառումներ անել ոստիկանության «անհամաչափ գործողությունների» մասին, թեպետ հենց միայն այս դրվագը ցույց է տալիս, որ ոստիկանությունը պետք է հատուկ գործողություններ իրականացներ մարդկանց ու երեխաների կյանքի համար վտանգ ստեղծող ագրեսիվ խմբակին չեզոքացնելու համար․․․