Թեհրանահայությունը Հայաստանի կողքին է և ՀՅԴ-ին թույլ չի տալու չարաշահել իր անունը

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը դարձյալ ենթարկվելով Դաշնակցության արկածախնդիր և աթոռամոլ ղեկավարությանը, հանդես է եկել Հայաստանի իշխանություններին դատապարտող հայտարարությամբ, որի մեջ իր պաշտպանությունն է հայտնել Հայաստանի ժողովրդի մեծամասնության կողմից մերժված Բագրատ արք. Գալստանյանի շարժումից, որն իր փոքրաթիվ խմբով լծված է հայկական Պետականությունը քանդելու գործին, ծառայելով Արցախը հայաթափելուց հետո հայկական Պետականությունը թիրախավորած կողմերին:

Թեհրանահայությունը դեռ չի մոռացել Թեմական խորհրդի լիահույզ շնորհավորական հեռախոսազրույցը դաշնակցական Սամվել Շահրմանյանի հետ, ով Արցախի օրինական իշխանությունը զավթելուց ընդամենն օրեր անց, ԱՀ սահմանադրական կարգը խախտելով, լուծարեց Արցախի Հանրապետությունը:

Իսկ այսօր, երբ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են պահպանելու երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու միջազգայնօրեն ճանաչված սահմանները, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, որպես ՀՅԴ-ի գործակատար, միջամտելով Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ աջակցում է Գալստանյանի արկածախնդիր խմբին:

Փաստորեն, ԹՀԹ Թեմական խորհուրդը բացահայտորեն սուր է ճոճում Հայաստանի Հանրապետության օրինական իշխանության դեմ, ինչին, բնականաբար, չի կարող կողմ լինել որևէ հայրենասեր հայ մարդ, անկախ իր բնակության վայրից, որովհետև չկա ավելի բարձր արժեք որևէ ազգի համար, քան Պետականությունը:

Հիշեցնենք, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի լիազորությունը սահմանափակվում է Թեհրանի և հարակից շրջանների հայ համայնքով, այնպես որ նա ասելիք կամ անելիք չունի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքում: Ուստի ԹՀԹ Թեմական խորհրդին հորդորում ենք մնալ թեմի կանոնադրությամբ գծված իր առաքելության սահմաններում, սրանից ավելի իր անունը չարատավորել, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ ծառայել ՀՅԴ-ի արկածախնդրական և անպատասխանատու քայլերին, որի բուն նպատակը Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելն է, խաթարելով նրա այսօրն ու ապագան:

ՀՄՄ «Րաֆֆի» համալիր

Իրանահայ ազգային և մշակութային միություն

Աշխարհատեսների հայկական կենտրոն, Մաջիդիե քաղաքամաս

Միասնության Դաշինք

«Արաքս» շաբաթաթերթԹեհրանահայությունը Հայաստանի կողքին է և ՀՅԴ-ին թույլ չի տալու չարաշահել իր անունը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ