Ռուսաստանը մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Անհրաժեշտ է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու որոշման վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը՝ «Լենտա»-ի հետ զրույցում։

«Նման հայտարարությունները, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում էմոցիոնալ վեճի թեժ պահին։ Ուստի մենք՝ որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր, հավանաբար պետք է սպասենք վարչապետի պաշտոնական հայտարարությանը, այլապես այդ ամենը օդում կախված կլինի և անորոշություն կստեղծի, ինչը շատ աղետալի է Հայաստանի համար՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,- ասել է Կարասինը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում այսօր հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված կառավարությունը ճշգրիտ արել է այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, և հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը:

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք 2021-26 թթ ծրագրում չենք ասել, որ մենք մնալու ենք ՀԱՊԿ-ի անդամ, մենք ասել ենք՝ հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք»,- ասել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ