Օպոզիցիան որոշեց կրակել սեփական ոտքին

ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթաց սկսելու փոխարեն, ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը որոշեց Կառավարությանը հրաժարական տալու մասին ուղերձ հղել՝ դրա վերաբերյալ համապատասխան նախագիծը դնելով շրջանառության մեջ։ Մի գործընթաց, որը չունի իրավական պարտադիր ուժ, այսինքն՝ իրավական կշռով ավելին չէ, քան Նիկոլ Փաշինյանին կամ նրա ղեկավարած կառավարությանն ուղղված ֆեյսբուքյան որևէ գրառում կամ իքս ընդդիմադիր գործչի կոչ։ Եվ եթե ստացվի այնպես, որ ուղերձը հնարավոր լինի ԱԺ-ում «հորով-մորով» անել՝ ընդունել, ապա կառավարությունը կարող է ի գիտություն ընդունել ուղերձը, համաձայն լինել կամ չլինել դրա բովանդակության հետ, սակայն պարտավորված չէ անել ուղերձում պահանջվողը՝ հրաժարական տալ։ Հասկանալի է, որ այս ֆորմատով կառավարությանը հրաժարական պարտադրելու հնարքը միակ հնարավոր բանն էր, որ կարող էր անել ընդդիմությունը՝ հաշվի առնելով ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը։ Բայց նույնիսկ այս ուղերձը գլուխ բերելու գործընթացն է անիրականանալի թվում, քանի որ ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար, որի ժամանակ էլ պետք է քննարկվի սույն փաստաթուղթը, պետք է քվորում ապահովվի։ ՔՊ-ն, դատելով որոշ պատգամավորների՝ արդեն իսկ հնչեցրած հայտարարություններից, մտադիր է բոյկոտել նիստը՝ այսպիսով տորպեդահարելով ուղերձի քննարկումն ու ընդունումը։

Ուղերձի ֆորմատը, նկատենք, ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված գործիք է, որով ԱԺ-ն դիմում է այս կամ այն սուբյեկտին, կոչ անում անել այս կամ այն գործողությունը։ Վերջին անգամ ԱԺ-ն այս գործիքից օգտվել է 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին, դիմելով միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին և խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին և անձանց, միջխորհրդարանական կազմակերպություններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։ Հայրենի խորհրդարանը մասնավորապես կոչ էր արել «հորդորել Ադրբեջանին անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված և անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց, պահանջել Ադրբեջանից դադարեցնել խոշտանգումները, անմարդկային և դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված և անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց նկատմամբ, պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական և քաղաքական գործիչների հանրային խոսքում, զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև ցանկացած այլ դրսևորման մեջ, առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը՝ ներառյալ մարդու իրավունքների և արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների և ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը, գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքով և միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների հարգմանն ու խստիվ պահպանմանը»:

Այսօր, փաստորեն, խորհրդարանական ընդդիմությունը որոշել է ոչ թե իր ասելիքն ու պահանջները հասցեագրել արտաքին աշխարհին, միջազգային հանրությանը, այլ… սեփական երկրի կառավարությանը։ Չէինք զարմանա, եթե, գիտակցելով իրենց պահանջի անիրականանալի լինելը, հայրենի ընդդիմությունը ուղերձում «օգնության կանչով» դիմեր նաև միջազգային այլ դերակատարների, ասենք՝ ռազմավարական դաշնակից ՌԴ-ին՝ թախանձելով ավելի շատ ջանք թափել ՀՀ-ում իշխանափոխությունը գլուխ բերելու ծանր գործում։ Կամ էլ, ասենք, Ադրբեջանի նախագահին՝ ակնկալելով, որ վերջինս հետևողական կլինի ՀՀ-ին զիջումներ պարտադրելու, ձեռք բերված պայմանավորվածություններից դավադրաբար հրաժարվելու գործում և այսպիսով առիթ կտա, որ ՀՀ ընդդիմությունը ներքաղաքական ճգնաժամ գեներացնի, Փաշինյանին մեղադրի թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու մեջ՝ այդ պատրվակով սկսելով կամ շարունակելով փողոցային հերթական շարժումը։

«Սև հումորը» մի կողմ թողնելով՝ նկատենք. արդեն իսկ շրջանառության մեջ դրված ուղերձի տեքստում նշված է, թե՝ «թշնամին ներխուժել և գրավել է Հայաստանի Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր և դիրքեր։ Թշնամու ներխուժումը շարունակվում է», ինչպես նաև՝ «Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ին շարունակաբար ներկայացվող պահանջները գործնականում անհնարին են դարձնում արժանապատիվ խաղաղության հասնելը»… Ենթադրվում էր, որ այս հարցերով մտահոգ հայրենի ընդդիմությունը դրանք կշարադրեր ոչ թե ՀՀ կառավարությանը, այլ՝ Ադրբեջանի կառավարությանը և կամ Ալիևին, կամ Միլի Մեջլիսին, կամ էլ՝ այս երեքին միաժամանակ ուղղված ուղերձում՝ պահանջելով զորքերը հետ քաշել ՀՀ սուվերեն տարածքից՝ դուրս գալով այն տարածքներից, որտեղ ներխուժել են և, փաստորեն, շարունակում են ներխուժել, ինչպես նաև հետամուտ լինել ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման՝ խաղաղության օրակարգին՝ միաժամանակ ներկայացնելով «արժանապատիվ խաղաղության» սեփական տեսլականը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլի մեջլիսը 2022 թ. նոյեմբերի 8-ին հայտարարություն էր ընդունել և դիմել ՀՀ ԱԺ-ին՝ «կոչ անելով հայկական կողմին ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը»։ «Միլի Մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,-մասնավորապես նշված էր Ադրբեջանի պառլամենտի ուղերձում։

Չենք ուզում համեմատել, բայց ստիպված ենք՝ փաստորեն, ՀՀ ընդդիմադիր խմբակցությունները Ադրբեջանի միլիմեջլիսականների չափ էլ չկան, որ խորհրդարանական գործիքը ճիշտ հասցեով գործածեն ու ճիշտ թիրախների հարվածեն՝ սեփական ոտքերին կրակելու փոխարեն։

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ