«Ես շարունակեմ իմ սիրելի շարքը, երբ որ ներկայացնում եմ ստեր»:
Այս մասին Ազգային ժողովում՝ հայտարարությունների ժամին, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ապա շարունակեց.
«Ոմն վարդապետ Զարգարյան անունով մարդ կա, ով կրկին պատկանում է իր ստախոսությամբ եկեղեցին ու կրոնը պղծող որոշ հոգևորականների խմբակին: Ուրեմն այս հոգևորականի շորերով ու խաչը վզին անձը Բագրատի դատարկությունը լցնելու և իրենց շարժմանը քաղաքական կշիռ տալու համար ստեր է տարածում՝ օգտագործելով վարչապետի և մեր կուսակցության անունը, ասում, որ Բագրատին ինչ-որ ուզեցել ենք ՔՊ-ի ցուցակ բերել, որ վարչապետը Բագրատի մոտ մարդ է ուղարկել, որ նախքան շարժման սկսելը կանխի այս շարժումը, ու ամենաաբսուրդայինը՝ ասում է՝ Տավուշի փրկության շարժումը սկսվել է 4 տարի առաջ: Այս մարդիկ էնքան են խճճվել իրենց ստերի մեջ, որ չեն հասկանում՝ 4 տարի առաջ Տավուշում սահմանազատման գործընթաց չկար, չէ՞: Այսինքն՝ այս տեքստերը գալիս են ապացուցելու այն, թե ում էր փնտրում Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր. «Մեզ պետք է մի հատ հոգևորական, որ գա և դառնա վարչապետի թեկնածու», և ահա այդ հոգևորականը՝ Բագրատը՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատողը, և պատահական չէր, որ 2021 թվականին ելույթ էր ունենում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքին»:
Հովհաննիսյանը նկատեց՝ ըստ էության՝ ստացվում է, որ «Սրբազան շարժում»-ը ղեկավարում է «Հայր մեր»-ը չիմացող Ռոբերտ Քոչարյանը, և այդքանն է պետք իմանալ շարժմանը մասնակցող հոգևորականների հավատքի և սրբությունների մասին:
«Թե բա՝ վարչապետը մարդ է ուղարկել, որ կանխեք շարժումը, վայ, վայ վայ… վախեցել ենք, ուզում եք՝ գնացեք նորից Կիրանցից եկեք, ինչքան ուզում եք՝ գնացեք եկեք, ինչքան ուզում եք՝ սև հագեք, ինչքան ուզում եք՝ մեծ խաչեր վզներիցդ կախեք, ուզում եք իսկական գմբեթ սարքեք գլխներիդ, դրանից ոչ մի բան չի փոխվելու, դուք դրանից սրբազան և առավել ևս ճշմարիտ և արդարամիտ չեք դառնալու»,- ասաց Հովհաննիսյանը:
Պատգամավորը անդրադարձավ նաև Գալստանյանի կողմից մեկ այլ հայտարարության:
«Բեմից այսպիսի տեսք է հնչեցնում՝ «ինչ ասեմ, երանի ձեր կալանավորված վիճակը տեսած լինեք, ափսոս՝ էդ նկարները չեն հրապարակվել»: Փորձում է հավաքվածների մոտ ուժեղ կերպարի տպավորություն ստեղծել, թե բա՝ ես կոմպրոմատներ ունեմ, ինձանից վախենում են, հեսա էս կհրապարակեմ, հեսա էն կհրապարակեմ:
Ուրեմն լսի՛, Բագրատ, կամ Վազգեն, քանի որ հավաքվածների ներկայությամբ ինչ-որ նկարների մասին ես խոսել ու սպառնացել դրանց հրապարակմամբ, ես քեզ տալիս եմ մինչև ժամը 19:00-ն ժամանակ, ու նայի՝ սա քո տված ժամանակներից չի, որ անցնում է, ու ոչ մի բան տեղի չի ունենում: Եթե 19:00-ի դրությամբ ասածդ նկարները չհրապարակվեցին, ուրեմն՝ Բագրատ, դու ստախոս ես, հաշվի առնելով, որ խաչը վզիդ ես խաբում բոլորին՝ դու նաև սրիկա ես: Ասածս կարող ես բոլոր հարթություններում ընկալել՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, և քանի որ տղամարդկությունից շատ ես խոսում, նաև՝ այդ համատեքստում: Վերահաստատում եմ՝ սատանա կա քաղաքում»,- ասաց Հովհաննիսյանը: