Անվտանգության հետ կապված գազալցակայանը խնդիրներ չի ունեցել, և իրական պատճառը քննչական մարմինները կպարզեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Այվազյանը:
«Չգիտեմ՝ ում «զակազն են» կատարում, բայց գազալցակայանը բոլոր թուղթ ու թանաքներն ունի, վկայականը կա, ԱՎՕ-ն անցած է նույն հակահրդեհայինը եկել է, բոլոր հակահրդեհային պայմաններն ապահովված են եղել, տեսել է, որ ինքն անօրինական չի աշխատել այսքան ժամանակ»,-ասաց նա, սակայն խուսափեց տեսախցիկի առջև խոսելուց։
Ըստ Ռաֆայել Այվազյանի՝ շատ վարկածներ կան, սակայն դեռևս նախընտրում են չխոսել։
«Չգիտեմ՝ մարզպետն ինչ նկատի ունի, կարող է ավելի հին տվյալներ են, չեմ ուզում գնահատականներ տալ։ Կոնկրետ տնօրենը թուղթութանաքը կներկայացնի»,-ասաց նա՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Կոտայքի մարզպետն ասել է՝ բազմաթիվ գրություններ են ուղարկել ընկերություն, որոնք հաշվի չեն առնվել:
Այվազյանը վստահ է՝ պատվեր է կատարվել, օբյեկտը պայթեցված է:
«Կասկածներ ունեմ, անունը չեմ հրապարակի։ Գնացել եմ, տվյալները տեղեկացրել եմ, տվել եմ սարքավորումները։ Համագործակցելու եմ քննիչների հետ, մինչև վերջին պահը գնալու եմ, բացահայտեմ, Քննչական կոմիտեն կպարզաբանի»,-ասաց նա: