«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ Վազգեն Գալստանյանի գլխավորած շարժման անդամներին գումարով շահագրգռելու, նրանց վճարի դիմաց ակցիաների ու հավաքների վայր բերելու մեղադրանքներով կալանավորված անձը 29-ամյա Նարեկ Թևոսյանն է:
Վերջինս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին, Ստեփանակերտի բնակիչ է եղել:
Հիշեցնենք՝ նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և կայացվել է դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու որոշում, այնուհետ՝ դատարանի որոշմամբ վերջինս կալանավորվել է:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել են «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն և ցույցերին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու փորձեր:
ՔԿ-ն նաև հրապարակել էր ձայնագրություն, որի սղագրությունը ներկայացրել ենք: