Արցախում պատրաստել են ամենամեծ ժենգյալով հացը, ներկա էր նաև Շուշան Պետրոսյանը

Համեղ ու մեծ. Հադրութում թխում են ամենամեծ ժենգյալով հացը: Մոտ մեկ տասնյակ խոհարարները ժենգյալով հաց թխելու հմուտ մասնագետներ են: Համատեղ աշխատանքում էլ պահպանում են ավանդական եղանակը:

Գործընթացին հետևում է հատուկ հանձնաժողովը` ուշադրություն դարձնելով ժենգյալով հացի պատրաստման բոլոր փուլերին: Դյուցազնագրքում գրանցվելու համար կարևոր է արձանագրել բոլոր մանրամասները:

25 տեսակ կանաչի` 8 կիլոգրամ ընդհանուր քաշով, 10 կիլոգրամ ալյուր, 120 գրամ աղ ու պղպեղ, 900 գրամ էլ` բուսական յուղ: Խմորի այս մեծ զանգվածը շրջելու, այնուհետև նաև թխելու համար հատուկ ինքնաշեն հարմարանք են ստեղծել: Սովորական ժենգայալով հացը թխվում է 7-10 րոպեում: Ռեկորդային մեծ չափերի պատճառով, այս անգամ պահանջվեց մեկ ու կես ժամ: Աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը ստացվեց. այն ունի 2 մետր 83 սանտիմետր երկարություն, 71 սանտիմետր լայնություն և կշռում է մոտ 21 կիլոգրամ:

Ժենգյալով հացն Արցախի ոչ նյութական արժեքների ցանկում պաշտոնապես ներառված է 2013 թվականից: Դյուցազնագրքում գրանցվելու համար ամենամեծ ժենգյալով հացը թխելու նախաձեռնության հեղինակը Հադրութի մշակույթի բաժինն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ